Ո՞վ է սահմանադրական բարեփոխումների պատվիրատուն

Ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին իր վերջնական դիրքորոշումը հայտնել ոչ թե հիմա, այլ 2015 թ. փետրվար-մարտ ամիսներին: Որքանո՞վ է սա կապված ներկայիս ներքաղաքական գործընթացների, մասնավորապես` Եռյակի հանրահավաքների հետ, եթե հաշվի առնենք, օրինակ, այն, որ Հայ ազգային կոնգրեսը սա համարում է նահանջի քայլ Սարգսյանի կողմից:

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ևս չի ժխտում, որ Սարգսյանի անունից արված հայտարարությունն առավելապես կապված է հոկտեմբերի 24-ի հանրահավաքի և ընդդիմության հանրահավաքային գործընթացների հետ, սակայն նա այդ քայլը մեկնաբանում է ոչ թե` որպես վախենալու, այլ վիճակ ստեղծելու դրսևորում:
Վերլուծաբանի համոզմամբ` իշխանության նպատակը Եռյակի ամենաազդեցիկ ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը կորզելը և նրան հակաիշխանական գործընթացներից դուրս բերելն է:

Stepan Safaryan 01«Գաղտնիք չէ, որ բավական երկար ժամանակ իշխանությունն աշխատում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը կորզելու ուղղությամբ, և քանի որ հոկտեմբերի 24-ին սպասվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, բնականաբար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է նա արձագանքում: Սերժ Սարգսյանը, թերևս, սահմանել է մի ժամանակ և մի վերջնաժամկետ, որից հետո նա, ըստ էության, ասելիք կունենա թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվելու դեպքում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Ի դեպ, մեր զրուցակցի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հարցը, որքան էլ այն դարձել է Եռյակի օրակարգային գլխավոր հարցերից մեկը, Ս. Սարգսյանի համար կենաց-մահու խնդիր չէ, քանի որ գործող իշխանությունը կարող է վերարտադրվել նաև նախագահական կառավարման համակարգի պայմաններում: Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելն ամենևին չի բացառելու նոր ցնցումները և իշխանության կողմից նոր Մարտի մեկի սանձազերծումը:
«Խաղը հետևյալն է. Ս. Սարգսյանն ասում է՝ «կփոխենք Սահմանադրությունը՝ ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, չենք փոխի՝ այդ դեպքում կլինեն խաղի այլ կանոններ»: Կարծում եմ՝ որևէ մեկը չի մոռացել Ս. Սարգսյանի` «եթե»-ներով և մի քանի տարբերակ ենթադրող այս հայտարարությունը: Եթե ընդդիմության միակ փաստարկն այն է, որ Ս. Սարգսյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել բացառապես այն դեպքում, եթե անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա ես այդպես չեմ կարծում:

Կարդացեք նաև

Իշխանությունը բարեհաջող, իհարկե, երբեմն` ցնցումներով և արյունով, բայց միշտ վերարտադրվել է հենց ներկայիս՝ նախագահական կառավարման համակարգի պայմաններում: Հետևաբար, ես համաձայն չեմ, թե Ս. Սարգսյանն այլ տարբերակ չունի, ուստի, որպեսզի գլուխ բերի իր համար միակ ելքը մնացած սահմանադրական փոփոխությունները, ետքայլ է անում: Այս խաղի կանոնը բավական երկար ժամանակ հետևյալն է մնում` «կփոխենք Սահմանադրությունը` լավ, չենք փոխի՝ ներկայիս Սահմանադրությունն ինձ համար էլի վատ չէ»:

Սարգսյանը Սահմանադրությունը չփոխելու դեպքում ուղղակի պիտի որոշի, թե ում է թողնում իշխանությունը, և ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ է եղել`այդ նույն եղանակո՞վ իշխանությունը փոխանցի, թե՞ շախմատային լեզվով ասած` փոխատեղում («ռակիրովկա») անի խորհրդարանական կառավարման ձևով»,- նշեց Սաֆարյանը:

Այսպիսով, ըստ վերլուծաբանի` խնդիրն առավելապես կապված է ԲՀԿ-ի հետ. «Գագիկ Ծառուկյանը բավական հետաքրքիր կացության մեջ է հայտնվել` իր ելույթի առումով, որովհետև սահմանադրական փոփոխությունների հարցում կոշտ գիծը շարունակելը կբերի Սերժ Սարգսյանի կողմից այլ ռեակցիայի և, բնականաբար, չեն արդարանա ԲՀԿ-ի այն սպասումները, որ իրենց հետ կխոսեն իշխանությունը փոխանցելու կապակցությամբ, և ճիշտ հակառակը կլինի, եթե այլ դիրքորոշում լինի: Այս առումով, թերևս, Ծառուկյանի ելույթի ամենաուշագրավ հատվածը, որին պետք է սպասել, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումն է, դրա արտահայտելու ձևը, տողատակերը, ենթատեքստը: Սրանից հետո հնարավոր կլինի ավելի հստակ պատկերացում կազմել առաջիկա զարգացումների վերաբերյալ»:

Armen Badalyan and Samvel MartirosyanՔաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խնդիրը կապում է ոչ միայն ներքին, այլև առաջին հերթին` արտաքին գործոնների հետ: Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության պատվիրատուն Ռուսաստանն է (հիշեցնենք` Սերժ Սարգսյանն այդ նախաձեռնության մասին հայտարարեց Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո` 2013 թ. սեպտեմբերի 4-ին), և դրանով Մոսկվան նպատակ է դրել ապագայում մեծացնել Հայաստանի իշխանության ձևավորման գործում իր դերակատարումը և ամբողջովին վերահսկել այդ իշխանությունը, քանի որ ուժեղացված վարչապետին ավելի հեշտ է կառավարել, քան նախագահին: Բացի այդ, Կրեմլը ցանկանում է, որ սահմանադրական հանրաքվեից և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ձևավորված իշխանությունը լինի լեգիտիմ, ուստի Ռուսաստանից ուղղակի հրահանգավորել են Բաղրամյան 26-ին, որ հարցը լուծվի ընդդիմության հետ փոխադարձ համաձայնության արդյունքում:

«Ռուսաստանից ուղղակի հրահանգավորել են Բաղրամյան 26-ին, որ այդ հարցը լուծվի փոխադարձ համաձայնության արդյունքում, այսինքն՝ եթե այդ հանրաքվեն տեղի ունենա, խնդիրներ չառաջացնի իշխանության լեգիտիմության հետ կապված: Իսկ խնդիրներ չառաջացնելու համար գործող նախագահը կամ իշխող քաղաքական ուժը, ուզի թե չուզի, պետք է բանակցություններ վարի Եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ:

Խնդիրն էլ հենց այն է, որ նրանք դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա համարում են գործող նախագահի վերարտադրման գործընթաց: Հիմա, կարծես թե, այդ վիճակն առկախվել է մինչև հաջորդ տարվա փետրվար-մարտ: Սա գործող նախագահին տրված ժամկետ է, որպեսզի նա կարողանա բանակցությունների միջոցով Եռյակին համոզել, որ նրանք կողմ արտահայտվեն այդ հանրաքվեին, որպեսզի այդ հանրաքվեն լինի լեգիտիմ, և դրա արդյունքում ձևավորված իշխանությունները ճանաչվեն նաև Արևմուտքի կողմից, քանի որ վարկեր բերելու, ներդրումներ անելու խնդիր կա»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:

«Հասկանալի է, որ իշխանությունները ցանկության դեպքում կարող են կեղծել նաև սահմանադրական հանրաքվեն և 10 000 դրամ բաժանելով, այսպես ասած՝ «տոկոսներ խփեն»»,- ասում է փորձագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս անգամ Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության, կարող է չճանաչել այդ ընտրությունների լեգիտիմությունը, ինչը ձեռնտու չէ Մոսկվային: Մեր զրուցակցի խոսքով՝ նման ենթադրության համար հիմք է հանդիսանում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) վերջին որոշումը. ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովը սեպտեմբերի վերջին որոշում էր կայացրել պատրաստել Լեռնային Ղարաբաղի մասին մի զեկույց, որի վերնագրում Լեռնային Ղարաբաղը նշվում է՝ որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»:

«2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո շատ հավանական է, որ Եվրամիությունը լեգիտիմ չճանաչի գալիք սահմանադրական հանրաքվեն (եթե դա տեղի ունենա), ինչպես նաև դրանից բխող հետևանքները՝ իշխանության ձևավորումը: Իսկ դա իր հերթին` նշանակում է, որ դրանից հետո Հայաստանի ձևավորված իշխանությունը ոչ միայն ամբողջովին կախված է լինելու Ռուսաստանի քաղաքական որոշումներից, այլև ստիպված է լինելու Ռուսաստանից փող խնդրել, որովհետև Հայաստանի տնտեսության վիճակը բավականին վատ է: Իսկ Ռուսաստանը բնավ ցանկություն չունի «կերակրելու» Հայաստանին: Մի բան է, որ Հայաստանը միացնում ես Եվրասիական տնտեսական միությանը, բայց ուրիշ հարց է, երբ ստիպված ես լինում նաև «կերակրել» նրան»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին նախագահին էր ներկայացրել հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թ. հոկտեմբերի 13-ի եզրակացությունը: Ի դեպ, որքան էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հայաստանյան քննարկումների ժամանակ փորձում էին համոզել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը քաղաքական խնդիրներ չի լուծում, այդուհանդերձ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է. «Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին: Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում»:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս