Բաժիններ՝

Մասսիմո Լիպպի. Հայաստանը խաղաղության տունն է

Իտալացի հայտնի քանդակագործ Մասսիմո Լիպպին կրկին Հայաստանում է: Այս անգամ նա այցելել է Աշտարակ ու քաղաքին նվիրել իր հերթական գործերից մեկը՝ «Խաղաղության ծառ» արձանը: 168.am-ը զրուցեց իտալացի քանդակագործի հետ՝ պարզելու համար, թե ինչն է, որ հերթական անգամ նրան Հայաստան է բերել:

– Ինքս չեմ գալիս. ինձ ինչ-որ բան անընդհատ բերում է Հայաստան: Ինձ ձեր երկիրը շատ է դուր գալիս, ձեր մշակույթը, ձեր պատմությունը, ձեր մարդկային տեսակը: Ես այստեղ հյուրընկալվել եմ շատ հյուրասեր ու բարի մարդկանց տանը ու առավոտյան, երբ արթնացա, ծիածան տեսա: Դա ինձ համար խորհրդանիշ էր, քանի որ պատահականություններին չեմ հավատում: Խորհրդանշական էր, որ հենց քանդակի բացման առավոտը ես այդ ծիածանը տեսա. այն ինձ Նոյան տապանի պատմությունն էր հիշեցնում: Այդ ծիածանն ավելի մեծ ու խորը իմաստ ունի, քանի որ նրա մի ոտքը գտնվում է այստեղ՝ Աշտարակում, մյուս ոտքը Սիենայում է՝ իմ քաղաքում, ու այդ երկու քաղաքների միջև կապող կամուրջ դարձավ այդ ծիածանը:

– Ինչո՞ւ հենց Աշտարակ քաղաքն ընտրեցիք, որտեղի՞ց էիք լսել այս քաղաքի մասին:

– Այս քաղաքում է ծնվել իմ մեծ ընկեր, մեծ արվեստագետ, քանդակի մեծ վարպետ Վիգեն Ավետիսը, հենց նա էլ ինձ ուղորդեց այստեղ: Նրա ձեռակերտ աշխատանքը՝ «Հայաստանի մայր» հրաշագեղ քանդակը, ժամանակավորապես գտնվում է Սիենայի մայր տաճարի դիմաց: Շնորհիվ Վիգենի՝ բոլոր հայերն ինձ դարձել են քույրեր ու եղբայրներ: Արձան ստեղծելու գաղափարը ծնվեց հենց այստեղ՝ Հայաստանում, երբ արդեն աշխատում էի: Դրա յուրահատկությունն այն է, որ քանդակը չի պատրաստվել Իտալիայում ու տեղափոխվել Հայաստան, այլ տեղում «աճել է»՝ իբրև իսկական ծառ:

Խորհուրդը նրանում է, որ ծառի բունը բաղկացած է 7 մասից. 6 մասերը խորհրդանշում են աշխարհաստեղծման 6 օրերը, 7-րդ օրը, երբ Աստված հանգստանում է, խորհրդանշում է խաղաղություն: Հենց այդ 7-րդ օրվա վրա՝ ծառի գագաթին, նստած է խաղաղության թռչունը, ինչպես նաև արձանի վրա գրված է Սիենա և Աշտարակ քաղաքների անունները, որով ես հույս ունեմ ամրապնդել երկու քաղաքների բարեկամությունը:

– Ասում են, որ հայերն ու իտալացիներն իրար շատ նման են: Դուք տեսնո՞ւմ եք այդ նմանությունը:

– Այստեղ՝ այս մարդկանց մեջ, ես ինձ զգում եմ ինչպես իմ տանը, իմ հողում: Ես կարծես կորցրած լինեի ճանապարհը, նորից վերագտել եմ այն. Հայաստանը խաղաղության տունն է: Անգամ անուններն են իրար նման հայ և իտալացի ժողովուրդների: Օրինակ՝ իմ կնոջ ազգանունը Էրմենի է, ինչպես Արմենիա՝ Հայաստան: Դուք ինձնից, իմ քաղաքից շատ հեռու եք, բայց ես ձեզ ինձ հետ՝ իմ սրտում, տանում եմ Իտալիա:

Ցանկանում եմ գնալ, բայց շատ հաճախ էլի վերադառնալ: Ես երբ գալիս եմ Հայաստան, փորձում եմ ինձ հետ Իտալիայից ինչ-որ բան բերել, իմ մշակույթը բերել, ու երբ գնում եմ Իտալիա, ինձ հետ տանում եմ մի կտոր Հայաստանից: Մենք պետք է մեծացնենք մեր քաղաքների համագործակցությունը մեր մշակույթների սերտացման միջոցով:

– Գիտեմ, որ Դուք և Վիգեն Ավետիսը ծրագրել եք այս տարի քանդակի շատ մեծ սիմպոզիում կազմակերպել Երևանում՝ 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և դրա համար 100 քանդակագործ պետք է հրավիրեք: Կմանրամասնե՞ք, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը:

– Այդ հարցում ֆինանսական և քաղաքական աջակցությունը շատ կարևոր է: Աշխատում ենք, և հուսով սպասում, որ ամեն ինչ լավ կլինի: Դրանից բացի՝ մեկ այլ ծրագիր էլ կա. Սիենա քաղաքում ցանկանում ենք ճարտարապետներին նվիրված հատուկ ծրագիր սկսել, ու ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ Հայաստանից մասնակիցներ ընդգրկել վերապատրաստելու համար:

– Գիտեմ նաև, որ բանաստեղծություններ էլ եք գրում: Որքանո՞վ են համատեղելի քանդակագործությունն ու գրականությունը:

– Դա շատ հեշտ է: Այդ շնորհն ինձ Աստված է տվել, դա ճակատագիր է: Աստծո շնորհիվ է նաև, որ ես այսօր այստեղ եմ: Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, տատին ու պապին, որ ստիպել են ինձ այս մասնագիտությունը սովորել, քանի որ առանց դրա ես չէի կարողանա ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ, ինչպես նաև ճանաչել ձեզ ու ձեր ժողովրդին:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս