«Ցանկացած քաղաքացի, ով գիտի իր իրավունքները, այսպես թե այնպես, մասնակցում է քաղաքական գործընթացներին»

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում անցկացվում է Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալե, որի նպատակն է կապ հաստատել աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջև: Հայաստանյան գովազդի միջազգային միակ փառատոնը` «Պոպոքը», այսուհետ կոչվում է «Երևանի միջազգային հաղորդակցման բիենալե» և ամեն տարվա փոխարեն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ: Գովազդ, PR, մարքետինգային կոմունիկացիաներ ընդգրկող այս միջոցառմանն այս տարի ներկայացվել է թվով 320 աշխատանք, որի 10 տոկոսը հայաստանյան մասնակիցներինն է:

Հայաստան է այցելել ավելի քան 30 հյուր (Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄԷ-ից, Լիբանանից, Թուրքիայից), ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով վարպետության դասեր են անցկացրել համապատասխան մասնագետների հետ: Հայաստան ժամանած հյուրերը նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ, ուսումնասիրել տեսարժան վայրերը, քաղաքները, ճաշատեսակները` փորձելով գտնել Ղարաբաղի պետական բրենդինգի համար նոր տարրեր:

Armen Martirosyan (1)

Բիենալեի հյուրերի մեծ մասը մինչ Լեռնային Ղարաբաղ այցելությունը կարծում էր, թե այն զուտ կոնֆլիկտային տարածք է և դիտարժան ոչինչ ունենալ չի կարող: Այցելությունից հետո այնքան են հիացել Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերով, որ առաջարկել են ստեղծել Արցախի բրենդ, որի հնարավոր տարբերակները պատրաստ կլինեն 6 ամսից, իսկ 1 տարվա ընթացքում դրանք կներկայացվեն Արցախի կառավարությանը: Բիենալեի անվանակարգերն են` հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկական դիզայն, մարքետինգային և PR արշավներ, գիրք և սոցիալական գովազդ:
Այս կապակցությամբ զրուցել ենք Հայաստանի գովազդային խորհրդի և այս բիենալեի նախագահ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն, և ի՞նչ նպատակով է արվում այս նախագիծը:

– Այսօր Հայաստանն ունի բազմաթիվ մարտահրավերներ, դրանց մի մասն ունեն տնտեսական բնույթ, մի մասը` քաղաքական, և որքան մեր պետությունը կարողանում է ավելի ուժեղ, հաջողակ ու ավելի կոմունիկացվող ներկայացվել, այդքան մեր գործերը հեշտ են լուծվում, մեր դիվանագետներն այդքան ավելի հեշտ են աշխատում:

Մյուս կողմից` պոտենցիալ ապրանքները, որ Հայաստանը կարող է արտահանել, կարիք ունեն համապատասխան «զգեստի», որովհետև այդ ապրանքները, միգուցե, ունեն լավ ու համապատասխան որակ, բայց չունեն համապատասխան «զգեստ». չէ՞ որ դուք հյուր գնալիս ինչ-որ ժամանակ անց եք կացնում հայելու առջև, պահարանի առջև, որպեսզի զգեստ ընտրեք, քանի որ ձեզ պետք է տվյալ վայրում հենց այդ տպավորությունը թողնել: Ցանկացած մարդ, ապրանք, բրենդ, երկիր ունի այդ նույն խնդիրը. դուք կարող եք երկար ժամանակ անցկացնել հայելու առջև, բայց մենք գիտենք, որ կան պրոֆեսիոնալ դիմահարդարներ, կոսմետոլոգներ, ու պրոֆեսիոնալի արածը մի բան է, տնայնագործինը` մեկ այլ բան: Մենք նախընտրում ենք` այս դաշտում աշխատեն պրոֆեսիոնալները, և որպեսզի նրանք աշխատեն` պետք է կրթության հարցը լուծվի:

Այժմ մեր նպատակն է` կրթության այս բնագավառում որակն էապես բարձրացնել: Կրթությունը` կրթություն, բայց երբ կրթությունը պետության մեջ է, ու դա չի կոմունիկացվում այլ կրթական համակարգերի հետ, այն մնում է հետամնաց:

Armen Martirosyan (3)

– Ովքե՞ր հնարավորություն ունեին մասնակցելու վարպետաց դասերին:

– Վարպետության դասերին կարող են մասնակցել այն մարդիկ, ովքեր ամեն մի վարպետության դասին մասնակցելու համար կվճարեն 3000 դրամ, և 80 000 դրամ` եթե այդ երեք օրվա բոլոր դասընթացներին ցանկանում էին մասնակցել: Մեր միջոցառումը սկսել ենք Մատենադարանից` որպես ամենակարևոր մշակութային և գիտական հաստատություններից մեկը` Հայաստանի այցեքարտը, այնուհետև գնացինք Ռադիոյի շենք` «Ռադիոտուն», քանի որ հայկական ռադիոյի մասին պատմվող անեկդոտները և հայկական կոնյակն ամենալավ կոմունիկացվածն են` դրանով են մեզ ճանաչում: Ռադիոյի շենքում եղավ բացումը, և մեր հյուրերը գրքեր նվիրեցին Մեդիա կենտրոնի գրադարանին: Մեր հյուրերը նաև խաղող ճմռեցին, հետո պիտակներ փակցրեցին 365 շիշ գինիներին: Հետո մենք այդ ճմռած գինին պետք է լցնենք շշերի մեջ ու իրենց ուղարկենք: Աշտարակի ձորում իրենք իրենց ձեռքով խորոված արեցին, իսկ «Կովկաս» համալիրում տոլմա փաթաթեցին:

«Այսօր ունենք «տգիտությունների» ակադեմիա. գործ ունենք տզի նման պետության ջանից հյութեր քաշող ծերակույտի հետ, ու նրանք կոչվում են «էլիտա»

– Վերջերս «Անտարես» հրատարակչությունը զբաղվում է արտասահմանյան գրականության թարգմանությամբ, և այսօր շատ արժեքավոր գործեր են թարգմանվում հայերեն: Ո՞րն է պատճառը` նորությո՞ւն մատուցել ընթերցողին, գրավել թարմությա՞մբ, թե՞ հայալեզու գրքերի պահանջն է շատացել, և հիմա ավելի շատ հայերենով են կարդում արտասահմանյան գրականություն, քան` ռուսերենով:

– Որպեսզի լեզուն զարգանա ու չմեռնի, պետք է այդ լեզվով նոր բառեր ստեղծվեն: Գիտություն չունենք, որովհետև այսօր ունենք «տգիտությունների» ակադեմիա, ճիշտ է` կան հատուկենտ գիտնականներ, որոնք այսօր գիտությամբ են զբաղվում, բայց մնացած դեպքերում մենք հասկանում ենք, որ գործ ունենք տզի նման պետության ջանից հյութեր քաշող ծերակույտի հետ, ու նրանք կոչվում են «էլիտա»:

Սա երևի ձեզ կհետաքրքրի. չեմ ասի` որ, բայց մի անգամ տեր հայրն ինձ ասաց. «Արմեն, գիտե՞ս` էլիտան ի՞նչ է», պատասխանեցի, որ երևի գիտեմ, ասաց. «չէ, Արմեն, դու չգիտես. էլիտան այն մարդիկ են, որոնք ուզում են, որ պետությունն իրենց էլի տա, էլի տա ու էլի տա»: Ու հիմա այս տգիտությունների էլիտան խանգարում է մեր զարգացմանը: Մեզ պետք է, որ գիտությունը ծնվի համալսարաններում, որ ուսանողը, մագիստրոսը, ասպիրանտը ներգրավված լինեն այդ աշխատանքներում: Պետք է գիտնականը լինի դասավանդող և ունենա դպրոց: Մենք այսօր չունենք գիտության բնագավառում դպրոց, կամ եթե ունենք, ապա դա ունիկալ մարդկանց շնորհիվ է: Հիմա, երբ որ գիտություն չկա, նոր բառեր չեն ստեղծվում. ինչո՞ւ է «նանոտեխնոլոգիաներ» բառը ստեղծվել Ճապոնիայում, այլ ոչ թե` Հայաստանում: Իսկ ինչպե՞ս զարգացնել լեզուն. միակ ճանապարհը մնում է թարգմանությունը: Թարգմանությունը բերում է մեծ լեզվաշերտ, որի մի մասն ամրապնդվում է լեզվիդ մեջ, մյուս մասը կորչում-գնում է, դա նորմալ է` ցանկացած լեզու կենդանի օրգանիզմ է:

Մյուս կողմից, հավանաբար կհիշեք, երբ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արգելեց դահլիճներ տրամադրել այն երգիչներին, որոնք ֆոնոգրամայի տակ էին երգում: Հիմա ես կարծում եմ` ոչ ուղիղ թարգմանությունը շատ ավելի վատ հետևանք է թողնում, քան ֆոնոգրամայով երգիչը: Գեղարվեստական գրականությունը պետք է անպայման ուղիղ թարգմանվի: Օրինակ, եթե եգիպտացի գրող Նագիբ Մահֆուզ ես թարգամանում, թասիբն ու նամուսն ինչպե՞ս պետք է ռուսերեն թարգմանես, ռուսները ո՛չ թասիբ ունեն, ո՛չ նամուս, ու եթե ուզում ես եգիպտական կոլորիտը հաղորդես, պետք է թասիբը թասիբ մնա, նամուսը` նամուս. սա դեռ մի փոքրիկ օրինակ նշեցի…

– Թարգմանիչների հարցում չե՞նք թերանում, ունե՞նք հիմա լավ թարգմանիչներ:

– Մենք ունենք աշխարհի ամենալավ թարգմանիչները. օրինակ` ես գիտեմ հրաշալի անգլերենի թարգմանիչ Սամվել Մկրտչյանին կամ Զավեն Բոյաջյանին, ով «Անտարեսի» արտասահմանյան գրականության գլխավոր խմբագիրն է: Զավեն Բոյաջյանը, եթե չեմ սխալվում, թարգմանում է 12 լեզուներից: Մենք ունենք անգլերենից թարգմանված «Խեցգետնի արևադարձը» և շուտով ընթերցողին կներկայացնենք Ումբերտո Էկոյի «Վարդի անունը». մի ահռելի մեծ աշխատանք է իրականացրել այդ մարդը ու 1000-ից ավելի նոր բառեր է ներմուծել:

«Իշխանությունը չի սիրում գիրք, հակառակ դեպքում գրադարանավարի աշխատավարձն ամենացածրը չէր լինի»

– Այս դարաշրջանում, երբ գիրքը` որպես մի խուրձ իրար նման թղթերով հավաքված միասնություն, կորցրել է իր գրավչությունը, ու հիմա գրքին օր օրի փոխարինելու են գալիս պլանշետները, քինդլներն ու համակարգիչները, չե՞ք վախենում, որ մի քանի տարի հետո գրքեր էլ չեն տպագրվի, իսկ տպագրատները թանգարանների կվերածվեն:

– Ինձ պետք է, որ այսօր իմ համաքաղաքացին գիտելիք ստանա. կկարդա «Նարեկը» ու էներգիա կստանա` այն բարձի տակ դնելո՞վ, համակարգչո՞վ կամ քինդլո՞վ կարդալով, թե՞ ձեռքը կդնի գրքի վրա, ու այդ էներգիան կգա իրեն, կկարդա թղթե տպագիր գիրք կամ ձայնային գիրք կամ թե լուսային, միևնույն է, թե որտեղից այդ գիտելիքը կստանա: Կարևորն այն գիտելիքն է, որը կմտնի մեր առօրյան: Դա ավելի կարևոր է, ու վաճառքը չէ կարևոր: Իսկ եթե մենք խոսում ենք սոցիալական խնդրի մասին, ապա գիրքը պետք է լինի գրադարանում. գիրքը չպետք է լինի էժան, գիրքը պետք է լինի մատչելի:

Գիտելիքը էժան չի կարող լինել, լավ ապրանքը, iPad-ը չի կարող էժան լինել, որովհետև այնտեղ գիտելիք կա, այն էժան չի լինում, բայց լինում է մատչելի` ինչպես գրադարաններում: Այսօր մեր պետության համար թիվ մեկ հարցը գրադարանների խնդիրը պետք է լինի, ու այդ հարցի առաջին կետը պետք է լինի գրադարանավարների աշխատավարձի բարձրացումը: Պետք է այն դարձնել ուսուցչի աշխատավարձի չափ, իհարկե, թող ավելի բարձրանա` ուսուցչինն էլ, երկուսինն էլ, բայց գրադարանավարը չպետք է լինի նսեմ վիճակում: Այսօր կարող եք համեմատել` գրադարանավարը ստանում է ավելի ցածր աշխատավարձ, քան հավաքարարը: Սա ցույց է տալիս մեր իշխանության վերաբերմունքը գիտելիքի հանդեպ: Հստակ` իշխանությունը չի սիրում գիրք, հակառակ դեպքում գրադարանավարի աշխատավարձն ամենացածրը չէր լինի, որովհետև գրադարանավարը, բացի գրքից, ուրիշ բանով չի զբաղվում: Այսինքն` իշխանությունն ընտրել է հենց գիրքը, որպեսզի նսեմացնի, որպեսզի տիրի մեզ, պառակտի ու կեղեքի:

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կինն ավելի գրավիչ է լինում, երբ կարդացած է լինում ու մի քանի լեզուների է տիրապետում: Կա նաև այսպիսի կարծիք` երբ կնոջն ուսման ես տալիս, և ավելի զարգացած ու կարդացած է լինում, այդ կնոջ հետ ավելի դժվար է լինում շփվել, իսկ հետագայում` նաև ընտանիք կազմել:

– Այն հաղթանակը, որը դժվարությամբ ես ստանում, ավելի քաղցր է, իսկ այս դեպքում այդ կնոջ սիրուն արժանի լինելը դա հաղթանակ է լինելու և դժվար հաղթանակ: Շատ լավ է, որ դժվար է այդպիսի կնոջ սիրուն արժանանալ, ու հրաշքը հենց դրանում է, որ դա դժվար է: Եթե դժվար է, ուրեմն ավելի քաղցր է, ու կապն ավելի ամուր կլինի: Ընտանիքը, որ վաղը կստեղծվի այդ կնոջ մասնակցությամբ, կլինի մտավորական ընտանիք, կծնվեն բանիմաց բալիկներ, լավ դաստիարակություն կստանան: Այնպես որ, դժվար հասանելի կինը դրական հատկանիշ է:

– Իսկ հենց շփումը դժվար չի՞ լինում:

– Իսկ ինչո՞ւ պետք է հեշտ լինի շփվել: Նմանը նմանին կգտնի, ու գնահատողը կլինի կիրթ տղամարդը, բանիմաց տղամարդը, որը, բացի արտաքին գեղեցկությունից, նաև գնահատում է հոգևորը և մտավորը: Ես երկու կողմից եմ նույն խնդրին նայում` գրավիչ և՛ տղամարդու մասին է խոսքը, և՛ կնոջ: Եթե կարդացող կամ ինտելեկտուալ կին է, ապա նա դառնում է թիրախ ցանկացած տղամարդու համար, քանի որ ցանկացած տղամարդ ուզում է, որ իր բալիկները խելացի լինեն: Նույնը կինը` տղամարդու մեջ տեսնում է իր երեխաների հորը, տեսնում է վաղվա պահապանին: Այսօր հասկանում ենք, որ միայն «մուսկուլով» չես պահպանի, որովհետև կան տարբեր տիպի զինատեսակներ, և դուռը միայն կողպեքով չէ, որ պետք է ամուր լինի:

«Ամենադժվար վաճառվող ապրանքը գիտելիքն է, ես գիտելիք եմ վաճառում»

– Բազմաթիվ ստեղծագործողների գործերն եք հրատարակում ու, կարծես, հենց Դուք եք այդ ստեղծագործություններին կյանք տալիս ու մեծացնում: Դուք ինքներդ ստեղծագործո՞ւմ եք:

– Մի անգամ գրող Հրաչ Սարիբեկյանի հետ Մոսկվայում հանդիպեցինք ու հյուրանոցից դուրս եկանք` Բուլգակովի թանգարան գնալու համար. այն մոտ 20 կմ հեռավորությամբ էր, որոշեցինք ոտքով գնալ: Ես նրան ինչ-որ բան էի պատմում, ու նա ասաց. «ինչո՞ւ վեպ չես գրում, դու հենց այդ ժանրով ես պատմում այդ ամենը»: Ասացի. «Հրաչ, բա որ ես վեպ գրեմ, դու ի՞նչ ես անելու»: Կարծում եմ, որ դա իմ ասպարեզը չէ, ես շատ թույլ եմ կամ զրո: Երբեք նման միտք չի առաջացել. ես հայոց լեզվին չեմ տիրապետում, չեմ փորձել, երբեք ցանկություն չի առաջացել: Ես մաթեմատիկոս եմ, ես ունեմ իմ միսիան` որպես հրատարակիչ` հեղինակի խոսքը հասցնել ընթերցողին: Կարծում եմ` ինչ-որ ձևով այդ առաքելությունս իրականացնում եմ, վա՞տ, թե՞ լավ` դա թող ընթերցողներն ու քննադատները գնահատեն: Մյուս իմ սերը գովազդն է, մարքետինգը, և սա էլի մի տարր է այս ամբողջ միսիայի պրոցեսի մեջ. ամենադժվար վաճառվող ապրանքը գիտելիքն է, ես գիտելիք եմ վաճառում, ես վաճառում եմ ճշմարտություն, որը գրված է, կամ նկարված, կամ հորինված է…

– Ինչպե՞ս դարձաք հրատարակիչ:

– Շատ հանկարծ, մեր դասախոսները մեզ չորրորդ կուրսում հանձնարարեցին պատրաստել մաթեմատիկայի խնդիրների շտեմարանը: Դե, մենք երիտասարդ էինք, ու ամբողջ համալսարանում համբավ կար, որ մենք գիրք ենք սարքում, մինչև մենք պատրաստում էինք այն, Հայաստանի ազգային ֆիլմադարանը մեզ պատվիրեց Ազնավուրի կինոյի համար հայերեն և ռուսերեն գրքույկներ պատրաստել: Դրանք էլ եղան մեր առաջին գրքերը: Ու այդպես հանկարծ հայտնվեցինք այս բնագավառում և շարունակեցինք…

– Փաստորեն, Ձեր առաքելությունը զուտ հրատարակելն է:

– Չգիտեմ: Հիմա այդպես է ստացվել, վաղը կարող է ուրիշ բան լինելգ

«Պետությունը հստակ է, հայրենիքը` լղոզված»

– Դուք շատ ակտիվ հետևում եք նաև ներքաղաքական գործընթացներին, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կարծիք եք հայտնում Ձեր հարցազրույցներում: Մի կողմից` գրքեր, մշակույթ, գրողներ, արվեստագետներ, ու մյուս կողմից` քաղաքականություն: Լինո՞ւմ է համատեղել. սովորաբար Ձեր նման մարդիկ շատ հեռու են լինում քաղաքական թեմաներից:

– Երբ դու բժիշկ ես կամ դերձակ, ու քո տունն այրվում է, դու այդ պահին զբաղվում ես փրկարարությամբ. ու թեև դա քո մասնագիտությունը չէ, դու հրշեջ չես, ու դա քո սիրած գործը չէ, բայց դու պետք է փրկես: Հայաստանը իմ տունն է, Հայաստանում խնդիրներ կան: Խնդիրները` մեր և Հայաստանի վաղը լինել-չլինելու համար: Այսօր հայաստանցիները լքում են Հայաստանը, դառնում են արտասահմանցիներ, և վաղը խրամատում մարդ չենք ունենալու: Ես հստակ տարբերում եմ «հայ» բառը` «հայաստանցի» բառից: Դա ինձ համար նույնը չէ, ինձ համար հայաստանցին այն հայն է, ռուսը, եզդին, քուրդը, ուկրաինացին, որն ապրում է այստեղ և ՀՀ քաղաքացի է:

Նրանք ինձ համար ամենասիրելի մարդիկ են աշխարհիս երեսին, կապ չունի` ինչ ազգության են պատկանում: Հայաստանցիներն իմ հայրենակիցներն են: Հայերը, որոնք Հայաստանից դուրս են, նույնպիսի լավ արտասահմանցիներ են, ինչպիսին` մնացած արտասահմանցիները: Լավ է, որ իրենք կան, բայց ես ավելի շատ գնահատում եմ հայաստանցիներին, ու այսօր երբ տեսնում եմ, որ այդ երկու բառերը խառնում են` ես շատ եմ չարանում: Եթե ես ձեզ խնդրեմ նկարել Հայաստանի Հանրապետության քարտեզը` դուք կնկարեք. հենց որ ասեմ` նկարեք հայրենիքի քարտեզը, դուք կդժվարանաք, օրինակ` Սասունը ներառե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ ի նկատի ունեի` Արևմտյա՞ն, թե՞ Արևելյան, թե՞ ծովից ծով Հայաստան: Այսինքն` պետությունը հստակ է, հայրենիքը` լղոզված:

Հետևաբար, քանի դեռ հրդեհ է տանդ մեջ, դու պետք է հրդեհը հանգցնես, եթե տանդ տանիքից կաթում է` դու պետք է տանիքիդ վերանորոգմամբ, այդ կաթոցներով զբաղվես, կամ էլ պիտի քանդես տունդ ու նորը կառուցես`նոր հիմքով: Այսօր ես զբաղված եմ դրանով, ու անկախ նրանից, թե ի՞նչ կասեն` ես քաղաքականության մե՞ջ եմ, թե՞ ոչ` ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Ցանկացած քաղաքացի, ով գիտի իր իրավունքները, այսպես թե այնպես, մասնակցում է քաղաքական գործընթացներին:

Տեսանյութեր

Լրահոս