Սպառողների շրջանում մի տեսակ վախի մթնոլորտ է ստեղծվել. Միլետա Արիստակեսյան
Հոկտեմբերի 16-ն ամբողջ աշխարհում նշում են որպես պարենի համաշխարհային օր, որը կոչված է ուշադրություն հրավիրելու պարենային անվտանգության վրա: Որքանո՞վ է ապահովված այդ անվտանգությունը մեզ մոտ՝ Հայաստանում, ի՞նչ են ցույց տվել ոլորտի ուսումնասիրության արդյունքները, ներկրվա՞ծ, թե՞ տեղական արտադրությանն է պետք նախապատվությանը տալ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի հետ:
Նրա խոսքով՝ Հայաստանը պարենային անվտանգության տեսակետից վատ վիճակում չէ, թեև կան շատ շեղումներ. «Մենք ուսումնասիրությունները կատարում ենք փաստաթղթային տեսակետից, մակնշման բովանդակության տեսակետից, և իհարկե, կան շեղումներ: Ամեն դեպքում մենք վերահսկողություն սահմանում ենք, զգոն ենք պահում վիճակը, արտադրողին զգուշացնում ենք ամեն ինչ, տեղում սանիտարահիգիենիկ պայմաններն ենք նայում, թե ինչպիսին է արտադրողի վիճակը կաթնամթերքի, մսամթերքի, երշիկեղենի շուկայում, թռչնաբուծարաններում: Մենք դրանցով ինքնաբավ ենք, ինչը շատ կարևոր է: Եթե մենք ինքնաբավ ենք, և տեղական արտադրանքն առավել վերահսկելի է, ապա սպառողը կարող է վստահել»:
Այժմ մի տեսակ վախի մթնոլորտ է ստեղծվել սպառողների շրջանում. այս համոզմանն է Մ. Արիստակեսյանը: Ըստ նրա՝ մարդկանց թվում է, թե ամեն ինչ վատն է, բոլոր տեղերում խախտումներ կան, բայց ամեն ինչ այդպես չէ. «Ժողովուրդը թող հավաստիանա, որ մենք հետևում ենք, նայում ենք շուկան: Պետք է մի փոքր ավելի հանգիստ լինել, պարզապես գնումներ կատարելուց առաջ պետք է սերտիֆիկատ պահանջել, նոր գնել տվյալ ապրանքը, ուշադիր լինի պահպանման ժամկետին ու մակնշմանը»:
Մենք խնդրեցինք, որ տիկին Արիստակեսյանը ներկայացնի նաև ոլորտի ուսումնասիրման վերջին արդյունքները, սակայն գովազդ չհնչեցնելու նպատակով նա անուններ չնշեց: Նրա խոսքով՝ իրենք անընդհատ էլ ուսումնասիրություններ կատարում են, և այս պահի դրությամբ կան շատ որակյալ կաթնամթերք արտադրող ընկերություններ և ոչ միայն. «Ասեմ, որ պետք է մեր արտադրողներին շատ լավ նայենք, քանի որ արտադրողն աշխատատեղ է ստեղծում, և նրանց արտադրությունն էլ վերահսկելի է: Եթե մտնեք մսամթերքի արտադրամաս և նայեք, թե ինչ հումքով է արտադրվում, ապա որակը երբեք չեք համեմատի, օրինակ, Ռուսաստանում արտադրվող մսամթերքի հետ. նրանք, կարելի է ասել, ջուր են վաճառում իրենց կարագինանով և այլն: Մեզ մոտ մսամթերքի ոլորտում կարագինան չեն օգտագործում: Նշեմ, որ դա ջրիմուռ է, կյանքի համար վտանգավոր չէ, բայց մսի փոխարեն դա են խառնում մեծ քանակությամբ: Մեզ մոտ նման բան չի հայտնաբերվել դեռևս»:
Անդրադառնալով հարցին՝ տեղակա՞ն, թե՞ ներկրված մթերքն է ավելի վերահսկելի, ավելի ձեռնտու և օգտակար, տիկին Արիստակեսյանն ասաց, որ մեր արտադրանքը, իհարկե, ավելի լավն է, իսկ դրսից ներկրվածը հիմնականում հորմոնացված է. «Եթե դրսից է ներկրվում, ապա, բնականաբար, պահպանման ժամկետի մեջ չի կարող տեղավորվել, ուրեմն ժամկետի խախտում պետք է լինի: Մեզ մոտ, ընդհանուր առմամբ, ամեն ինչն էլ նորմալ է արտադրվում, պարզապես մեր արտադրողները պետք է պիտակի վրա ճիշտ մակնշեն, ինչին մենք անընդհատ հետևում ենք»:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետական մակարդակով չի խրախուսվում տեղական արտադրանքը, ինչո՞ւ է պարենամթերքի մեծ մասը ներկրվում, Մ. Արիստակեսյանը պատասխանեց, որ իրականում խրախուսվում է, պարզապես գովազդների ցածր մակարդակ կա. «Այժմ գովազդվում են բաներ, որ չի էլ կարելի գովազդել, բայց դա արդեն այլ հարց է: Ինչը որ մենք չունենք, թող ներկրվի: Դե ներկրողը իրեն առաջ է տանում, գումարներ է տալիս գովազդի համար, բայց որակյալ ապրանքը գովազդելու կարիք չունի, քանի որ սպառողն արդեն փորձել է, գիտի՝ որն է լավը»:
Աստղիկ Իսկանդարյան