Այնպես չի՝ անդամակցեցինք, և երկնքից մանանա է թափվելու. Խոսրով Հարությունյան
«Այսօր Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցության ինտեգրացիոն պրոեկտ է, այն կարելի է նմանեցնել կամ զուգահեռել Եվրոպական այն շուկայի հետ, երբ եվրոպական 6 երկրներ միավորվել էին ու ստեղծել էին ընդհանուր շուկար»,- այսօր խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Խ. Հարությունյանի խոսքով՝ այդ տնտեսական համագործակցությունը նշանակում է, որ ԵՏՄ-ի անդամ պետությունները իրենց տնտեսական քաղաքականության մեջ պետք գան համաձայնեցված որոշումների: Այլևս որևէ առանձին պետություն, բացառապես սեփական շահերից, նկատառումներից ելնելով, տնտեսական քաղաքականություն, կամ տնտեսական որոշումներ չի կայացնի.
«Սա նշանակում է, որ հավանաբար առաջիկա շոշափելի ժամանակում մենք դրա ականատեսը կլինենք, որ շատ ու շատ հարցերում տնտեսական քաղաքականության ոլորտում մենք կկայացնենք համաձայնեցված որոշումներ, որոնք կմշակվեն և կընդունվեն Եվրասիական տնտեսական միության հանձանաժողովի շրջանականերում»:
Խ. Հարությունյանը չի կարծում, որ սա նշանակում է ինքնիշխանության զիջում. «Ոորովհետև մենք ունենք ինտեգրացիոն բազում պռոեկտներ, որտեղ մենք մասնակցում ենք, և որտեղ որոշումներ կայացնելը համաձայնեցնում ենք մեր գործընկերների հետ: Սա չի նշանակում զիջել, սա նշանակում է փորձել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք երկուստեք, տվյալ դեպքում բոլորի համար պետք է լինեն օգտակար»:
Լրագրողի հարցին՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ վտանգավո՞ր չէ Հայաստանի համար միանալ մի երկրի, որը տնտեսապաես վատ վիճակում է, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց.
«Այս ֆոնի վրա բավականին ակտիվանում են ռուս-չինական հարաբերությունները: Այնպես որ, եվրոպական սանկցիաներն անուղղակի Ռուսաստանին մղեցին դեպի հեռավոր արևելյան, խաղաղ օվկիանոսյանը ռեգիոն, նրա դերակատարումն ավելի կարևոր դարձավ այնտեղ: Այսօր Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության, գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների ամենատարբեր ոլորտներում արդեն հետաքրքրություն են ներկայացնում բոլորի համար: Այնպես որ, այդ սանկցիաները, ես համոզված եմ՝ երկարաժամկետ չեն կարող լինել, վաղ թե շուտ կդադարեցվեն:
Երբ Եվրոպական միությունը ստիպված կասեցրեց սանկցիաները, որոնք մտցվել էին փաստորեն Ղրիմի հետ կապված, դե ֆակտո նշանակում է՝ ինքը ճանաչեց՝ Ղրիմի Ռուսաստանին միացման փաստը, և սա եվրոպական քաղաքական շրջանակներին ավելի բարդ իրավիճակի առջև է կանգնեցնում»:
Խ. Հարությունյանը կարծում է՝ նույնիսկ այդ պատժամիջոցների պարագայում հայաստանյան արտադրողները կարող են ակտիվ օգտվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորն այն կարծիքին է, որ ԵՏՄ-ին անդամակցելու փաստն ավելացրեց Հայաստանի անվտանգության երաշխիքները. «Որովհետև առանձին վերցված Հայաստան պետության, նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործունեության պայմաններում Հայաստանի անվտանգությունն այլ բան է, ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի անվտանգությունն՝ այլ բան: Անվտանգության երաշխիքների տեսանկյունից սա մի մակարդակ ավելի բարձր համակարգ է ենթադրում»:
Խ. Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը դեռ ընդամենը շանս է, մեր խնդիրը պետք է լինի այդ շանսը դարձնել զարգանալու ռեալ հնարավորություն. «Այնպես չի՝ անդամակցեցինք, և երկնքից մանանա է թափվելու: Սա նշանակում է՝ անդամակցությունը մեզ հնարավորություն է տալու անկաշկանդ հաղորդակցվել մոտավորապես 170 միլիոնանաոց սպառողական շուկային, մի տնտեսական համակարգին, որի ՀՆԱ-ն ավելին է, քան 3 տրիլիոն դոլարը: Սրանք մեծ հնարավորություններ են, կօգտվե՞նք մենք այդ հնարավորություններից, դա ժամանակը պետք է ցույց տա: Համոզված եմ՝ այս առիթը մենք բացչենք թողնելու»: