«Արևմուտքն ինքը շահագրգռված է բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ»
Հարցազրույց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ
– Լույս է տեսել Ձեր «Տնտեսական անվտանգություն. ռազմավարական ուրվագծեր» գիրքը: Այնտեղ անդրադարձ կա՞ Հայաստանի տնտեսական ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես` Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Տնտեսական անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս է գնահատվում այդ անդամակցությունը:
– Ամեն ինչ մեկ գրքում ներառել, բնականաբար, հնարավոր չէ: Գիտնականի առաքելությունը, կարծում եմ, այն է, որ ի վիճակի լինի տալ բանալիներ` բազմաթիվ տնտեսական թնջուկների հետ կապված, որոնք կարող են այդ սկզբունքներով, մոտեցումներով հանգուցալուծվել ու մեկնաբանվել: Տվյալ դեպքում` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ կապված, իհարկե, կա վերլուծություն, կան կանխատեսումներ, բայց ամենակարևորն այն է, որ ցանկացած տարածաշրջանային միավորմանն անդամակցելիս Հայաստանը պետք է հաշվի առնի ազգային շահերը:
Դրա հետ կապված` կա սպառնալիքների այն համակարգը, որը մենք որպես մարտահրավերներ ենք դիտարկում, և դրանք շարադրված են իմ աշխատանքում, իմ ուսումնասիրության մեջ: Վերլուծություն կա նաև մյուս դեպքի` Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված: Այսինքն` թող տպավորություն չստեղծվի, թե մի տեղ վարդագույն դրախտ է, մյուս տեղում` դժգույն դժոխք: Յուրաքանչյուր միավորում ունի իր խնդիրները, և ամեն ինչ կախված է նրանից, թե երկիրը որքանո՞վ է պատրաստ և որքանո՞վ մրցունակ ապրանքներ ունի` ներկայացնելու այդ տարածաշրջանին:
– Այսօր, երբ Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, որից Ռուսաստանի տնտեսությունը զգալի վնասներ է կրում, որքանո՞վ է անվտանգ և ձեռնտու նման երկրի հետ տնտեսական պայմանագիր կնքելը:
– Ես չէի շտապի ասել, որ Ռուսաստանի տնտեսությունը զգալի վնասներ է կրում, անկում է ապրում, հոռետեսական կանխատեսումները բնավ ընդունելի չեն ինձ համար:
– Բայց դրանք կանխատեսումներ չեն, այլ արդեն իսկ արձանագրված փաստեր, ցուցանիշներ:
– Բայց ուշադրություն դարձրեք, որ ամբողջ աշխարհում են նվազել տնտեսության զարգացման տեմպերը, այսինքն` չէի ցանկանա, որ ընդհանուր տենդենցները շփոթեինք ժամանակավոր խնդիրների հետ: Իհարկե, դա շատ վնասակար, բացասական ազդեցություն է թողնում, բայց Արևմուտքն ինքը շահագրգռված է բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այն հսկայական շուկա է:
Մի կողմից` Արևմուտքը Հայաստանին և նման զարգացման մակարդակի վրա գտնվող երկրներին հորդորում է զերծ մնալ ռուսական շուկա մուտք գործելուց, մյուս կողմից` Չինաստանից հետո ամենաբաղձալին ռուսական շուկան է: Այս միությունը, որ ձևավորվել է, աշխարհագրական առումով ամենամեծ տարածքն է զբաղեցնում, և Հայաստանի համար հարյուրապատիկ ավելի մեծ սպառողական շուկա է, ու որևէ մեկը չի կարող միանշանակ դրական կամ բացասական բան ասել: Եթե մենք կարողանանք այս հնարավորությունը ճիշտ օգտագործել, ապա Հայաստանը բավականին շահեկան վիճակում կհայտնվի:
– Իսկ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա որևէ ազդեցություն կունենա՞ն:
– Կունենան, անպայման կունենան, եթե շարունակվեն: Բայց ես կհամարձակվեմ կանխատեսել, որ 2015թ. դրանք չեն լինի, քանի որ արևմտյան որևէ երկիր չի ցանկանում իր ցուցանիշները վատացնել, չի ցանկանում, որ իր երկրի տնտեսությունն անկում ապրի:
– Որպես տնտեսագետ` «Շրջանառության հարկի մասին» օրենքին ինչպե՞ս եք վերաբերվում, կո՞ղմ եք օրինագծի ընդունմանը:
– Այդ օրինագիծն իր բնույթով շատ լավն է, միտված է հաշվառելի դարձնել տնտեսությունը, ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կրճատել, խոշոր բիզնեսին, այո՛, ուղղված է, փաստաթղթաշրջանառության կրճատմանն է ուղղված: Բայց կան մի շարք թերություններ այդ օրենքի կիրարկման համար. Կառավարությունը լուրջ անելիքներ ունի` շտկելու նախ` օրենքը, և հետո` իրազեկի, այն ճիշտ մատուցի ժողովրդին: Այդ աշխատանքները պետք էր նախապես կատարել, ոչ թե օրինագծի ընդունումից հետո:
– Բայց մինչև օրինագծի ընդունումն Էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել դրան:
– Ինձ հայտնի չեն այդ եզրակացությունները: Ես` որպես տնտեսագետ, բազմիցս բարձրացրել եմ այդ հարցը: Եթե չկարգավորվեց փաստաթղթաշրջանառությունը, մենք ուրիշ ճանապարհ չունենք` հաշվառելի դարձնելու տնտեսությունը: Եթե մենք հաշվառելի չդարձրինք, եթե ստվերն աճեց, մենք չենք ունենա ո՛չ զարգացում, ո՛չ սոցիալական խնդիրների լուծումներ, և ո՛չ մի ուրիշ բան: Այսինքն` այս հարցում պետք է շատ զգույշ լինել, քանի որ այն շատ զգայուն հարց է, բազմաթիվ շերտերի է առնչվում:
Եվ մի ուրիշ նրբություն էլ կա, որ փոքր բիզնես ասելով` մենք հասկանում ենք առևտուրը, բայց դա այդպես չէ. պետք է նաև ընկալենք` որպես փոքր արտադրություն, և դրանց ավելի շատ արտոնություններ տրվեն: Նշեմ նաև, որ սահմանամերձ շրջաններում ազատ գոտիների ստեղծումը լրացուցիչ ազդակ է այդ գյուղերն ամրապնդելու, տնտեսությունն ամրացնելու և տարածքային զարգացումը համաչափ դարձնելու: