
«Հարկահավաքները պետք է սկսեն քերթել մեր տնտեսվարողներին, բայց վերջը եկել է, արդեն տեղ չկա». Վահագն Խաչատրյան

Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկումը Ռուսաստանի ներկայացուցիչները գնահատում են որպես ՌԴ դեմ քայլ, որ կազմակերպել են ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, տնտեսական հիմքեր կան, որ այդպես էլ պետք է լիներ: Նա նշեց, որ փորձագետների գնահատականով,նավթի գնի անկումը կապված է նավթի արդյունահանմանը ԱՄՆ-ի մասնակցությունն ակտիվացնելու հետ: Ըստ նրա՝ մինչև վերջերս ԱՄՆ-ը շուկայում էական դեր խաղում էր, բայց որպես արտահանղ նրա ազդեցությունը քիչ էր, իսկ այս տարի նորտեխնոլոգիաների արդյունքում ԱՄՆ-ը դառնումէ կարևորագույն դերակատար նավթի շուկայում և շատերի կարծիքով հենց ԱՄՆ մասնակցությունն է բերել գների նվազման:
«Թեկուզ նավթի գինը ավելի շատ քաղաքական գործընթացների հետևանք է եղել,ներկայումս ընթացիկ վաճառքների ծավալներն են մեծացել և գները կտրուկ նվազել են և դա նպաստեց, որ նավթի գների անկման համաշխարհային միտում առաջանա: Կա նաև այլ հանգամանք՝ կապված համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման հետ, որը նույնպես չի խթանում նավթի արդյունահանմանը: Նաև Սաուդյան Արաբիան մեծ պաշար ունի ու կարող է մինչև 80 դոլար իջեցնել մեկ բարելի գինը, դա իրբյուջեում տեղավորվում էև նա կարող է մեծ արդյունահանում իրականացնել»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Այս ամենի հետևանքով, Վ. Խաչատրյանի խոսքով,ամենաշատը տուժում է ՌԴ-ն, և արդյունքը ստացվում է քաղաքական: Ու կարելի է ամփոփել, որ ավելի շատ քաղաքական պատճառ է, թեև տնտեսական գործոնն ազատ են թողել և այն դարձել է վճռորոշ: Վ. Խաչատրյանը նշեց, որ ՌԴ-ում շփոթ կա, բորսան մի քանի ժամ կանգնեցնում են, աժիոտաժային վաճառք է տեղի ունենում:
Անդրադառնալով Հայաստանի վրա այս իրադրության ազդեցությանը՝ Վ. Խաչատրյանը նշեց, որ առավել ևս ԵՏՄ անդամակցության պայմաններում, անմիջական է ազդեցությունը՝ բացասականի դեպքում՝ բացասական, դրականի դեպքում՝ դրական: Նրա խոսքով՝ բացի տրանսֆերտներից, ներդրումներն են նվազել. «Մեր կախվածությունը շատ մեծ է և այսօր ՀՀ տնտեսությունն անելանելի վիճակում է: Դա զգացվում է հարկահավաքության, աշխատատեղերի, տնտեսական ծրագրերի առումով: Այնպես որ լավ բաներ չեն սպասվում: Պատահական չէ, որ ՀՀ տնտեսության աճի ԱՄՀ կանխատեսումը մինչև 2-2.5 % է նվազեցվել, Այսինքն՝ հարկահավաքությունը տնտեսության աճի հաշվին տեղի չի ունենա: Ու հարկահավաքները պետք է սկսեն քերթել մեր տնտեսվարողներին, բայց վերջը եկել է, արդեն տեղ չկա»: