«Ռեժիմի սպասարկուների» մասին զրույցները չափազանցված են

Արձանը, որպես կանոն, դրվում է այն դեպքում, երբ այլևս անհրաժեշտություն է առաջանում թարմ ծաղիկներով, գլխիկոր մոտենալ, վերհիշել հուշարձանի բնօրինակին, հառաչել՝ կյանքից նրա հեռանալու կապակցությամբ: Այս առումով՝ Լրագրողի արձանն այնքան էլ տեղին չէր: Թեև հաճելի է, որ լրագրողներին վերագրվել է իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդի հմտությունը՝ անցնել պատի միջով, անկեղծ լինենք, սա շոյում է մասնագիտությունը կրող մարդկանց ինքնասիրությունը:

Ցուցատախտակին գրված մեկ-երկու ժլատ տողերը լրագրողից ակնկալում են լինել «անվախ, անկաշառ և Հայրենիքի նվիրյալ»: Կարելի էր ավելացնել՝ «Եվ սիրել մայրիկին»:

Լրագրության թեմային անդրադառնալու տեղեկատվական առիթն ամենևին էլ Լրագրողի նորաբաց հուշարձանը չէ:

Լրագրողներին բազմիցս հիշեցին հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ և հետո: Ընդ որում, հիմնականում՝ որպես «ծախված», «Սերժի վկա», «իշխանության կամակատար» և այլն: Պատճառն այն էր, որ լրագրողները, հնարավորություն ունենալով համեմատել նախորդ 20 տարիների իրադարձությունները, մարտի 1-ին տեղի ունեցածը, նախագահական վերջին ընտրություններից հետո տոտալ հիասթափությունը, մտավախություն էին հայտնել, թե ոչ իշխանական ուժերն այնքան էլ լավ չեն պատկերացնում՝ ինչ նկատի ունեն մարդիկ՝ «իշխանափոխություն» ասելիս: Ա. Սերժ Սարգսյանի անդառնալի հեռացում քաղաքական դաշտից, բ. ինչն ամենևին չի ենթադրում, թե նրա փոխարեն ցանկանում են տեսնել Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Լրագրողները նկատել էին նաև, թե ազնիվ չէ անհաջող մեկին ոչ իշխանական մյուսով փոխարինելն արդարացնել։

Այս ամենն արձանագրած լրագրողների մասին ասել` «ռեժիմի սպասարկուներ», նույնն էր թե` ոչինչ չասել: Ու շրջանառության իջեցվեց ամենախոցելի արտահայտությունը՝ «լրագրությունն աշխարհի երկրորդ հնագույն մասնագիտությունն է»: Իբրև թե՝ ի՞նչ սպասել այն մասնագիտության տեր մարդկանցից, որոնք իրենց հմտություններով զիջում են միայն առաջին հնագույնին: Լրագրությունը հնագույն մասնագիտությունների շարքին դասելով՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, կաշառակեր նախարարներն ու պաշտոնյաները, թերևս, վստահ են՝ այդպիսով հաջողացրեցին խոցել լրագրողների մասնագիտական պատվախնդրությունը:

Լավ, եթե երկրի նախագահը տապալում է իր աշխատանքը, եթե այս մի նախարարը կոռումպացված ու սադիստական հակումներով մեկն է, եթե ՀՀԿ-ում և, առհասարակ, իշխանության վերնախավում մարդիկ են, որոնք պատահաբար են հայտնվել 21-րդ դարում, և՞ս լրագրողներն են մեղավոր: Կամ՝ եթե ոչ իշխանական ուժերի գաղափարական առաջնորդն անհասկանալի անցյալով օլիգարխ է, եթե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը նույնությամբ հիշեցնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը, երբ հազարավոր մարդիկ նրա հրավերով առավոտյան եկան Ազատության հրապարակ, իսկ «Ժառանգության» առաջնորդն ասաց՝ գլխավորը տեղի է ունենալու ժամը 18-ի հանրահավաքին, գնացեք, կգաք այդ ժամին, այս ամենի մեղավորն ո՞վ է: Լրագրո՞ղը, որն արձանագրում է իրականությունը, թե՞ քաղաքական ոչ հասուն կամ ոչ ազնիվ գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:

Եվ ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է գրողը, եթե նախագահն անհաջող է, նախարարը՝ կոռումպացված ու տխմար, ոչ իշխանական գործիչ՝ ավելի ագրեսիվ, քան ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը:
Բացեք առաջին հնագույն գրքերից մեկը՝ Ավետարանը, այնտեղ կգտնեք պատերազմներ, կաշառակեր դատավորների, մարմնավաճառների, բժիշկների, շինարարներիգ Նորից ընթերցեք Խորենացու «Ողբը»:

Մի՛ ծուլացեք, կարդացեք գիտական հոդվածներ հին եգիպտական, չինական պապիրուսների բովանդակության մասին: Ամենահին գրառումներում ասվում է գող չինովնիկների, դավաճան զորավարների, կաշառակեր ու անարդար դատավորների, տգետ ու դաժան արքաների մասին: Բոլորը կան, իսկ լրագրողներ չկան:

Ահա նրանք էլ՝ քաղաքական գործիչները, դատավորները, երկրի նախագահները, նախարարները, գողերն ու կաշառակերները թող միմյանց մեջ հավակնեն առաջին հնագույն մասնագիտության տիտղոսին: Աշխարհի բոլոր դժբախտությունները՝ պատերազմներ, սով, թշվառություն, անարդարությունից, նվաստացումից արտագաղթող մարդիկ, նրա՛նց մեղքով է, ո՛չ թե լրագրողների: Եվ ոչ էլ անգամ պոռնիկների (որոնց էլ տրվում է առաջին հնագույն մասնագիտության դափնին): Լրագրողներն, անգամ նրանցից ամենաանկատարները, մեղավորների ցուցակի առաջին տասնյակո՛ւմև էլ չեն հայտնվի:

Մամուլի հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Եթե 90-ականների վերջին, 2001թ. մամուլում աշխատելը մեծագույն պատիվ էր ու պատասխանատվություն: Այսօր այդպես չէ: Մամուլ, առհասարակ, ԶԼՄ են թափանցել դեմքեր, որոնք գրագետ չեն, զուրկ են մասնագիտական պատվախնդրությունից ու էթիկայից, կողմնակալ են՝ կուսակցական համակրություններով ու հակակրություններով, կան լրագրողներ, որոնք պատրաստ են հրապարակել բժշկական գաղտնիք պարունակող նյութ կամ պատահարի զոհերի, տուժածների դեմքերը, միայն թե առավել դիտումներ ունենան:

Բանն այնտեղ է հասել, որ քննադատում ես մեկին, ուրեմն կատարում ես մյուսի պատվերը: Գովեստով անդրադառնում ես այս երևույթին, ա՜, ուրեմն գովազդում ես, անձնական շահագրգռություն ունես:

Ամեն դեպքում, կարծում եմ, իրականությունն այնպիսին է, որ ոչ ոք չի շտապի Լրագրողի արձանի մոտ թարմ ծաղիկներ դնել ու մոտ մեկ րոպե գլխիկոր կանգնել: «Ռեժիմի կամակատարների» մասին զրույցները, հավատացեք, չափազանցություն են…

 

Տեսանյութեր

Լրահոս