«Հանձնաժողովի կազմն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ չէր կարող լինել օբյեկտիվ մրցույթ»
Սեպտեմբերի 8-ին հրապարակվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված երեք անձանց անունները՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյան, «Իրավունքի գերակայություն» և «Ֆորում իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունների մասնակից Արայիկ Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:
Մրցույթն անցկացնող հանձնաժողովի կողմից արձանագրած միավորների առավելագույն քանակ հավաքել էին Ա. Հարությունյանը, Ա. Ղազարյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: «Հիմնվելով սեռերի ներկայացվածության սկզբունքի վրա»՝ հանձնաժողովն անհրաժեշտ էր համարել երրորդ տեղը զբաղեցրած հավակնորդին փոխարինել առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկայացուցչով՝ Նելիկ Հարությունյանով:
Ի դեպ, Վ.Քոչարյանը, ըստ հանձնաժողովի նիստի արձանագրության, հավաքած միավորներով 8-րդ տեղում էր. Ն. Հարությունյանը հավաքել էր 58.05, իսկ Վ. Քոչարյանը՝ 81.27 միավոր:
Մեզ հետ զրույցում, խոսելով անցկացված մրցույթի մասին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ նման մրցույթներ անցկացնելիս պետք է սահմանվեն ընթացակարգեր, որոնք հիմնված լինեն ոչ թե մրցութային հանձնաժողովի սուբյեկտիվ գնահատման, այլ օբյեկտիվ չափանիշների վրա: «Եթե անգամ, մրցութային հանձնաժողովի անդամները լինեին ամբողջովին անկախ մարդիկ, անգամ եթե Հայաստանից էլ չլինեին, միևնույն է՝ եթե խոսքը սուբյեկտիվ գնահատման մասին է, միշտ կարող ես ասել, որ այդ մրցույթն անցկացնելիս նախօրոք կարելի է որոշել X թեկնածուներին, ձևական մրցույթ անցկացնել, թեկնածուների անվան դիմաց «գալոչկա» դնել: Ինչո՞վ է սա վտանգավոր: Նախ, եթե ես անգամ համապատասխանում եմ մրցույթի չափանիշներին, գիտեմ կատարյալ անգլերեն, ֆրանսերեն, շատ լավ տիրապետում են ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին, միևնույն է՝ ես չեմ գնա մասնակցելու այդ մրցույթին, որովհետև ես գիտեմ, որ ես այն անձը չեմ, որին մրցութային հանձնաժողովի անդամները կցանկանային, որպեսզի ես դառնամ Եվրոպական դատարանի դատավոր:
Այսինքն՝ իմ կարծիքով՝ եթե իրենք չցանկանային այդ եռյակին տեսնել որպես ներկայացվող անձինք, այդ եռյակի մեջ ընդգրկված անձինք երբեք չէին ընդգրկվի այդ ցուցակում: Հնարավոր չէ:
Հնարավոր չէ ասել, որ օբյեկտիվ չափանիշների հիման վրա ընտրվել է երեք անձ: Հավանաբար ծանոթ եք, թե ինչ չափանիշներով են ընտրվել: Դա եղել է բացարձակապես սուբյեկտիվ գնահատման արդյունքում»,- մեզ հետ զրույցում ասաց Ն. Բաղդասարյանը: Մեր հարցին՝ արդյոք ավելի չի՞ մեծանում սուբյեկտիվություն դրսևորելու հարցն այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անձինք, ում ենթակայության տակ աշխատողները մասնակցում էին մրցույթին, Ն. Բաղդասարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ եթե ձևաչափը հիմնված է սուբյեկտիվ գնահատման վրա, ապա պետք է կատարվեր նաև մյուս քայլը՝ չմասնակցեին անձինք, որոնք որոշակի կախվածություն ունեին գնահատողից»: Փաստաբանը որպես օրինակ ներկայացրեց փաստաբանական դպրոցում անցկացվող քննությունները, որոնք հանձնվում են թեստերի միջոցով, իսկ հանձնաժողովը վերահսկում է միայն ընթացակարգերը, գնահատում է համակարգիչը.
«Եթե ընտրված լիներ այդ ձևաչափը, այսինքն՝ անգլերենի, ֆրանսերենի, եվրոպական կոնվենցիաների իմացությունը ստուգվեր այդ ձևաչափով, լրիվ տրամաբանական կհամարեի, որ կարող է և ենթակա, և ոչ ենթակա անձը մասնակցել այդ մրցույթին: Բայց ընդամենը ճաշակի խնդիր է: Երբ դու լսում ես մարդուն, ասում ես՝ ես իր գիտելիքները հավանեցի, բնական է՝ ում ճանաչում ես, նրան կհավանես, նրան, ով ամեն օր քո աչքի առջև է, ում հետ դու շփվում ես, ում հետ աշխատում ես: Եթե ես էլ լինեմ հանձնաժողովի անդամ, և եթե դիմորդներից մեկը լինի իմ օգնականը, բնական է՝ ես նրան կընտրեմ: Եվ ոչ ոք ինձ ոչինչ ասել չի կարող, որովհետև կասեմ՝ ես այդպես եմ կարծել, իմ գիտելիքներից ելնելով եմ արել: Ոչ մեկը չի կարող հակափաստարկ ներկայացնել»:
Փաստաբանն ասաց նաև, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջարկվող թեկնածուների մրցույթին մասնակցող անձանց մեջ եղել են գրագետ մարդիկ, որոնց գիտելիքները գրեթե հավասար էին: Նա նշեց, որ մրցույթի անցկացման ընթացքում պետք է բացառվեր սուբյեկտիվիզմը, կազմակերպեին օբյեկտիվ չափանիշներով քննություն:
«Քանի որ ոչ ոք չի հավատում այդ համակարգին, որ իր գիտելիքներով կարող է անցնել այդ մրցույթը, էլի պետք է մարդկանց արհեստականորեն խնդրեն, որ դիմումներ գրեն, որպեսզի հետո այդ մարդիկ մերժվեն, հետո էլ այդ մերժվածներին ինչ-որ լավություն անեն իրենք»,- ասաց նա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մրցույթն օբյեկտիվ չի եղել. «Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող դատավորը լինի անկախ անձնավորություն: Եվ հասկանալի է, որ մրցույթն այդ առումով չէր կարող օբյեկտիվ լինել, որովհետև, եթե մրցույթն օբյեկտիվ լիներ, այն պատկերը, որը ստացվեց մրցույթի արդյունքում, այսինքն՝ այն գնահատականները, որոնք տրվեցին հավակնորդներին, միանշանակ չէին համապատասխանում իրականությանը, և կլիներ լրիվ այլ պատկեր, եթե օբյեկտիվ լիներ: Այսինքն՝ ակնհայտ էր, որ անվերապահորեն պետք է առաջնային դիրքերում լիներ Վահե Գրիգորյանը, սակայն նույնիսկ մրցույթի ընթացքում առանձնահատուկ վերաբերմունք կար Վահե Գրիգորյանի նկատմամբ, որպեսզի նա ոչ մի կերպ չլինի այն եռյակում, որը պետք է առաջարկվեր նախագահին»:
Փաստաբանն ասաց նաև, որ տեղի են ունեցել ընթացակարգային բազմաթիվ խախտումներ. «Միայն հանձնաժողովի կազմն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ չէր կարող լինել օբյեկտիվ մրցույթ»: Լ. Սահակյանն ասաց, որ անհասկանալի է նաև, թե ինչ չափորոշիչներով են ընդհանրապես գնահատել հավակնորդներին. «Մենք նաև լսեցինք բոլոր թեկնածուներին, և մեզ համար անհասկանալի է, թե այդ ինչ չափորոշիչներով են նրանք գնահատել, որ նման պատկեր է ստացվել»:
«Միանշանակ է, որ մրցույթը ձևական բնույթ է կրել»,- ասաց Լ. Սահակյանը՝ նշելով, որ միանշանակ է նաև, որ Ա. Ղազարյանի թեկնածությունը եռյակում ընդգրկելը միայն նպատակ է ունեցել` շղարշ, տպավորություն ստեղծել, թե իբր մրցույթն օբյեկտիվ է եղել: «Ակնհայտ է, որ ի սկզբանե արդեն իսկ խոսվում էր այն մասին, թե ովքեր պետք է լինեն թեկնածուները, և պատկերը վերջնական հաշվով ստացվեց նաև այդպիսին, ինչպիսին հասարակությունը խոսում էր: Այսինքն՝ ակնհայտ է, որ իրենք ունեին իրենց թեկնածուն, որ ամեն կերպ պետք է այնպես անեին, որպեսզի իրենց թեկնածուն լիներ այդ եռյակում և վերջնական հաշվով նա առաջարկվեր որպես դատավոր»,- եզրափակեց նա: