Սամվել Նիկոյան. Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Ծառուկյան Գագիկը իրավունք ունի 2018-ին առաջադրվել

Հարցազրույց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ

– Պարոն Նիկոյան, երեկ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին և նշեց, որ վարչախմբից այլևս սպասելիք չունենալով, այսուհետև նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ չեն ներկայացնելու, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ն որևէ առաջարկ ներկայացնել:

– Եթե Դուք ուզում եք հասկանալ, թե ինչ առաջարկ է դա, պետք է ուսումնասիրել Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներում արած առաջարկները և գնանք տարիներ հետ: Դուք հիշում եք՝ 2009-ին, 2010-ին, 2011-ին նույն առաջարկները հնչեցվում էին՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Այդ ժամանակ բոլոր հայտարարությունները գոնե ես գնահատում էի որպես հերթական ընտրություններին նախապատրաստվելու քարոզչական տեխնոլոգիա: Նույն գնահատականն ունեմ հիմա հիշյալ առաջարկություններին:

– Այսինքն՝ սա էլ 2018-ի՞ն ընդառաջ հայտարարություններ եք համարում:

Կարդացեք նաև

– 2017-ին ընդառաջ հայտարարություններ են: Եվ վերջ ի վերջո, ընդհանուր առմամբ պետք է հասկանալ նաև զանգվածային միջոցառումների ղեկավարների հոգեբանությունը և տրամաբանությունը՝ այդ մարդկանց, որ հրավիրել են հանրահավաքի, պետք է մտքեր ասեն, պետք է խոսքեր ասեն, պետք է ասելիք ունենա այդ հանրահավաքը և փորձում են դրա մեջ ինչ-որ տրամաբանություն գտնել: Ես կարծում եմ, որ դա նույն այն շարքից է, ինչ եղել է մինչև հիմա:

– Ըստ Ձեզ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:

– Դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա, որովհետև ցանկացած ընտրություններից հետո միշտ էլ կարող է ինչ-որ մեկը հանրահավաք անել և պահանջել նոր արտահերթ ընտրություններ: Նման պարագայում մենք յուրաքանչյուր տարի կունենանք համապետական ընտրություններ, որը, կարծում եմ, որևէ երկրի համար անընդունելի է և որևէ իշխանություն չի գնա այդ քայլին:

– Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ: Այս հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Շատ նորմալ եմ վերաբերվում: Ուղղակիորեն ընտրությունները 2018-ին են: Եթե որևիցե մեկը հայտ է ներկայացնում 2018-ի մասնակցելու նախագահական ընտրություններին, շատ նորմալ է: Արդեն մի քանի քաղաքական գործիչներ կան, որ, ըստ էության, այսպես, թե այնպես, հայտ են ներկայացնում: Ծառուկյան Գագիկի այդ առաջարկը հիշյալ շարքում եմ ես դիտարկում: Եվ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Ծառուկյան Գագիկը իրավունք ունի 2018-ին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին:

– Հաշվի առնելով, որ երեկ Լ.Տեր-Պետրոսյանը, Գ.Ծառուկյանը և Ր.Հովաննիսյանը միասին էին հարթակում, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանը լինի միասնական թեկնածու: Մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանը կգնա՞ դրան:

– Գիտեք ինչ, քանի որ քաղաքական պրոցեսներն այնպիսին են, որ երբեք էլ չի կարելի և անթույլատրելի է գուշակություններով զբաղվել, որովհետև եթե մի քանի ամիս առաջ ասեիք, որ քառյակը կլինի եռյակ, որևէիցե մեկը լուրջ չէր ընդունի: Եվ հիմա ասել, թե 2018 թ. ինչ կլինի, ով ում կպաշտպանի, ով ինչ տեսակետ կունենա, շատ դժվար է կանխատեսել, որովհետև, ըստ էության, այդ եռյակին միավորում է մի բան՝ ընդդեմ, այսինքն՝ դեմ մոտեցումներն են միավորում:

Վաղը, եթե այլ քննարկում լինի, նրանց տեսակետները կարող են տարբերվել, ինչպես օրինակ տարբերվեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ տեսակետը: Վաղը կարող է մեկ այլ խնդիր լինի, որ նրանցից որևէ մեկը այլ մոտեցումներ ունենա, և եռյակը դառնա երկյակ, կամ այդպես շարունակ: Այնպես որ՝ դեռ այնքան ժամանակ կա, որ խոսել վերջնական պրոցեսների մասին, կարծում եմ՝ անլրջություն է: Դրա համար այս պահին ֆիքսենք այն, ինչ կա:

 

Տեսանյութեր

Լրահոս