Բաժիններ՝

Բարի գալուստ Ground Zero

Մինչև բուն նյութին անցնելը, խնդրում ենք կարդալ առաջին հայացքից Հայաստանի հետ անմիջականորեն կապ չունեցող այս լուրը։ Այսպես, հայտնի տնտեսագետ,
Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և Roubini Global Economics ընկերության ղեկավար Նուրիել Ռուբինին ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում որոշ կանխատեսումներ է ներկայացրել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։

«Իմ կարծիքով և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` 2014թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կլինի զրոյական կամ ընդհանրապես բացասական։ Իսկ հաջորդ տարին հաստատ ավելի լավը չի լինի։ Այնպես որ, եթե անգամ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները հանվեն, ապա այդ երկրի տնտեսությունը կսկսի աճել լավագույն դեպքում 2016 թվականից»,- ասել է Ռուբինին։

Տնտեսագետի խոսքերով` Ռուսաստանն այժմ իր լավագույն ժամանակները չի ապրում, և պատճառն այն է, որ երկիրը մոտեցել է, այսպես կոչված, «պետական կապիտալիզմի» վիճակին։ «Նայեք էներգետիկ սեկտորին։ Ռուսաստանի մասնավոր հատվածը դեռևս շատ թույլ է։ Հարցը պետք է դրվի հետևյալ կերպ` ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը, որ մասնավոր հատվածն աճի իրականում, ոչ թե խոսքերով, և զգալի կշիռ ձեռք բերի տնտեսության մեջ։ Թե՞ Ռուսաստանի համար ավելի կարևոր է ավելի մեծ ծավալով մասնավոր ակտիվներ վերածել պետականի։

Երկարաժամկետ նման ռազմավարությունը դժվար թե նպաստի երկրի տնտեսական աճին»,- ասել է Ռուբինին։ Ի՞նչ կապ ունի սա Հայաստանի հետ։ Շատ ուղղակի կապ։ Որովհետև Հայաստանի տնտեսությունը, մեծապես կախված լինելով Ռուսաստանից, անմիջականորեն զգալու է այդ բացասական ազդեցությունը։ Սա նորություն չէ։ Սա անգամ պաշտոնական մոտեցում է, որն ամրագրված է, ասենք, 2014թ. ՀՀ պետական բյուջեում։ «Հայաստանը լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր` առավել զգայուն է արտաքին հատվածից փոխանցվող ազդակների նկատմամբ…

ՀՀ տնտեսության վրա գլոբալ զարգացումները կունենան նաև անուղղակի ազդեցություն. ըստ միջազգային փորձագետների գնահատականների, դոմինոյի էֆեկտով Եվրամիության ճգնաժամը կարող է տարածվել հատկապես Եվրամիության հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների վրա, այդ թվում` նաև Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալ և տրանսֆերտային հոսքերը Հայաստան: Այս ճանապարհով ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել: Եվրամիությունից Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը հիմնականում կփոխանցվի նավթի գների նվազման ճանապարհով` հիմնականում պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազմամբ:

Նավթի գների նվազման արդյունքում կարող են նվազել Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը, ինչը կպայմանավորի նաև Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների աճի տեմպերի դանդաղումը: Արդյունքում վերջինս ազդեցություն կունենա ինչպես` ներքին պահանջարկի նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղման վրա, այնպես էլ` փոխարժեքի վրա» (հատված 2014թ. բյուջետային ուղերձից):

Այսինքն, բյուջեով կանխատեսվել էին այս տարվա ընթացքում Ռուսաստանից եկող ռիսկերը։ Այն էլ` ոչ ամբողջությամբ, որովհետև Ռուսաստանի դեմ այն ժամանակ դեռ պատժամիջոցներ չէին գործում, և վիճակն այդքան տխուր չէր։
Ու հաշվի առնելով, որ երեկ ստորագրվեց Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, այսուհետ այդ ռիսկերն ավելի առարկայական են դառնալու։ Ու մենք, մեզ սպառնացող տխուր հեռանկարն ունենալով` հերոսաբար քայլում ենք դրա ուղղությամբ` մտնելով մի տարածք, որը լավագույն դեպքում դեռ 2 տարի զրոյական աճ է ունենալու։

Գիտակցաբար գնում ենք ռիսկի` լոռեցու նման, ով գետնին ընկած բանանի կեղև է տեսնում ու ինքն իրեն տխուր ասում. «Թու, աչքիս էլի ընգնիլ տեմ»։
Մյուս կողմից` արդեն պետք է խոսել ոչ թե ռիսկերի կամ կանխատեսումների, այլ իրականություն դարձած փաստերի մասին։ Օրինակ` Ռուսաստանից եկող դրամական հոսքերի նվազումն ու ներդրումների անկումն արդեն ոչ թե ռիսկ է, այլ կատարված փաստ։ Այս տարվա օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ գրեթե 5%-ով նվազել է, իսկ նախորդ տարվա համեմատ այն պակաս է ավելի քան 6%-ով:

Ռուբլին արժեզրկվում է։ Դոլարի փոխարժեքը երեկ հասել է 40 ռուբլու, ինչը նշանակում է, որ դրսում աշխատող և ռուբլով վարձատրվող մեր հայրենակիցներն է՛լ ավելի քիչ գումար են ուղարկելու Հայաստանում ապրողներին։ Ներդրումները նույնպես նվազել են։

Կարճ ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարթության մեջ ԵՏՄ-ին անդամակցության թեման ամենակարևորներից է (եթե չասենք` կարևորագույնը)։ Երկարաժամկետ առումով` դրա ազդեցությունը մեր կյանքի վրա շատ ավելի զգալի է լինելու, քան շրջանառության հարկը, կարմիր գծերը կամ արագաչափերը: Սակայն ոչ իշխանական եռյակն այս մասին նախընտրում է լռել։
Այս ամենի մասին նախկինում էլ գրել ենք։

Կրկին անդրադարձանք մի պարզ պատճառով։ Երեկ տեղի էր ունենում ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, և միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը` մյուս երկրների նախագահների հետ, ստորագրում էր ՀՀ քաղաքական ու տնտեսական ինքնիշխանությանն առնչվող չափազանց կարևոր մի փաստաթուղթ` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Ավելի ճիշտ, այն պահին, երբ հարթակին կանգնածները ելույթ էին ունենում` պայմանագիրն արդեն ստորագրված էր։

Ու դրան ոչ մի անդրադարձ չեղավ։ Խոսեցին 12 կետերից` արագաչափերից ու կուտակայինից, խոսեցին սահմանադրական փոփոխություններից, արտագաղթից, գաղջ մթնոլորտից ու ապաշնորհ, հանցագործ իշխանություններից։ Իսկ ԵՏՄ-ի մասին մոռացան…

Չէ, միայն Րաֆֆի Հովհաննիսյանը մի թեթև անդրադարձավ ու Սերժ Սարգսյանին մեղադրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրելու համար։ Որից հետո թեման իր ելույթում «շտկեց» ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որգ այդ թեմային չեն անդրադառնալու։

«Կենտրոնանալով բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա, շարժումն իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում և առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենևին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետև, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանն այլևս անշրջելի իրողություն է»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը։

Ահա այսպես։ Չնայած այդ տրամաբանությամբ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին անդրադառնալ էլ պետք չէր։ Որովհետև արդեն իրողություն է, որ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է, ՀՀԿ-ն էլ` քաղաքական մեծամասնություն։ Թերևս, նույնքան անշրջելի իրողություն, որքան Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս