Ուր են անհետացել քաղաքացու կենսաթոշակային պահումները
«168 Ժամ» թերթին էր դիմել պետական հաստատություններից մեկում աշխատող քաղաքացի` տեղեկացնելով, որ հուլիս ամսից սկսած 3 ամիս շարունակ իր աշխատավարձից արվել են կենսաթոշակային պարտադիր 5% պահումները, սակայն ինքը չի կարողանում պարզել, թե որտե՞ղ են փոխանցվել իր փողերը:
Մեր զրուցակիցը պատմեց, որ զանգահարել է կուտակային կենսաթոշակային համակարգի «Թեժ գիծ» ծառայություն ու փորձել հասկանալ` ինչպե՞ս կարելի է առհասարակ կուտակային կենսաթոշակային հիմնադրամ ընտրել և, մասնավորապես, թե որ հիմնադրամին են մինչ օրս փոխանցվել իր գումարները: Հիշեցնենք, որ եթե պետական սեկտորում աշխատող անձն ի սկզբանե չի ընտրում այն ֆոնդը, որին պետք է փոխանցվեն իր աշխատավարձից պահումները, պետությունն ինքն է իր հայեցողությամբ տվյալ անձի համար ընտրում ֆոնդ:
Մեր զրուցակիցը (ում անուն-ազգանունը և աշխատավայրը հասկանալի պատճառներով չենք նշում) պատմում է, որ մեծ զարմանք է ապրել` զանգահարելով կուտակային կենսաթոշակային համակարգի թեժ գծին, քանի որ հեռախոսին պատասխանող աղջիկը, բացի բարեհամբույր վերաբերմունքից` ոչինչ չգիտեր. «Ինքն ինձ չկարողացավ բացատրել ընթացքը. քաղաքացին ուզում է գտնել-հասկանալ, թե ո՞ր ֆոնդ է ուղարկվել իր կենսաթոշակային պահումները, եթե ինքը ընտրության մեջ չի մասնակցել, սակայն չեն կարողանում որևէ կերպ բացատրել, տեղեկություն տալ: Ինքն ինձ ինչ-որ անգիր բան ասաց, որ` դուք պետք է կամ զանգեք, կամ գնաք ձեր հաշվի օպերատորի մոտ, իբրև թե այնտեղ ինձ կբացատրեն, ու այնտեղ կարող եմ իմ ֆոնդն ընտրել: Այսինքն` այն ֆոնդից, որին գումարս միգուցե փոխանցվել է, կուղարկեն իմ ընտրած ֆոնդին:
Արդեն մի քիչ տարօրինակ թվաց, որովհետև ես իմ ընկերներից լսել էի, որ եթե ամեն ինչ նորմալ է, դու պարզապես քո կրեդիտ քարտը մտցնում ես բանկոմատի մեջ, սեղմում ես ձախ կոճակը, ու այն կտրոն է տպագրում, որտեղ գրված է, թե որ ամսին` որքա՞ն գումար և ո՞ր ֆոնդ է փոխանցվել: Երբ ես քարտս դրեցի բանկոմատի մեջ, սեղմեցի ձախ կոճակը ու բանկոմատը քարտս հետ տվեց, ասացի` այստեղ մի բան այն չէ: Ես զանգեցի նորից այդ «Թեժ գծի» աղջկան, բացատրեցի, որ հնարավոր է կրեդիտ քարտով ստանալ այդ տեղեկատվությունը, սակայն նա բացարձակապես անտեղյակ էր, նորից նույն բանն էր ասում, թե` հաշվի օպերատորներից իմացեք, իրենք ձեզ կասեն` որտեղ է փոխանցվում գումարը»:
Մեր զրուցակիցը պատմում է, որ ինքը որոշել է հետևել աղջկա ցուցումներին ու գնացել է նրա ասած բանկերից մեկը. «Մի բանկում բացարձակապես տեղյակ չէին` ինչի համար էի ես գնացել: Ես, ինչպես հասկացա, հանրապետությունում առաջին մարդն եմ, որ որոշել է իր կամքով ֆոնդ ընտրել: Որքան մարդու հարցրեցի, ասում են` «չէ, ես չեմ էլ ընտրելու ֆոնդ, ես դա համարում եմ անիմաստ, էս գումարները կորած եմ համարում»: Այսինքն` նույնիսկ շատ քիչ մարդիկ կան, որոնց կարող ես հարցնել, թե ինչպես է ինքն ընտրել կուտակային կենսաթոշակային հիմնադրամ:
Հետո գնացի «Հայփոստի» գրասենյակներից մեկը, այնտեղ ասացին, որ իրենց մոտ չկա համակարգ, որպեսզի իրենք կարողանան քաղաքացուն օգնել ընտրել ֆոնդը և ստուգել` որտեղ են գումարները:
Այս ամենից հետո գնացի երրորդ բանկ, որտեղ աշխատողներից մեկն ինձ մոտ մարդ էր. նա ամբողջ բանկը փորփրելուց հետո ասաց, որ բանկերում ընդամենը մեկ աշխատակցի են թրեյնինգ անում կուտակային կենսաթոշակների հարցով, որպեսզի օգնի քաղաքացիներին` ինչպես ընտրել կենսաթոշակային ֆոնդը, և խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերել, քանի որ նույնիսկ նման աշխատակցի կարիքը չի լինում` համարյա ոչ ոք չի գնում, իսկ եթե գնում են, ապա ընդամենը դիմում գրելու նպատակով, որ իրենց աշխատավարձից պահումներ չարվեն: Բանկերում, փաստորեն, մասնագետ էլ չկա, որ այդ գործն անի: Իմ բախտը բերեց. այդ պահին այդ բանկում կար համապատասխան մասնագետ: Վերջինս իմ անուն-ազգանունով բացեց տվյալների բազան ու վախեցած նայելով` ասաց` ձեր գումարները չի երևում ընդհանրապես, դուք համոզվա՞ծ եք, որ դրանք փոխանցվել են: Ասացի` այո՛, որովհետև իմ աշխատավարձից ամեն ամիս 5% պահումներ են արվել»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ գոյություն ունի մի կամուրջ, որը գործում է Ֆինանսների նախարարության տակ, որտեղից արդեն գումարները բաշխվում ֆոնդերին, ու պարզ չէ, թե այդ կամրջից հետո ո՞ւր են գնացել իր գումարները. «Այդ բանկի աշխատակիցն ասաց, որ իր անուն-ազգանունով տեղ կա, բայց 3 ամսվա ընթացքում որևիցե շարժ չի եղել»:
«168 Ժամին» դիմող քաղաքացին տարբեր հաստատություններ է փորձել դիմել` հասկանալու համար, թե ո՞ւր են անհետացել իր փողերը, սակայն դեռ ոչ ոք չի կարողացել հստակ բացատրել իրեն. «Ու ես դեռ տեղեկացված քաղաքացի եմ, բա մյուս` քիչ տեղեկացված ուրիշ քաղաքացիներն ի՞նչ ասեն: Այսօր ես գումար եմ կորցրել ու այս ու այն կողմ ընկած ման եմ գալիս»: Նա պատմեց, որ զանգահարել է նաև ֆինանսական օմբուդսմենի գրասենյակ. «Այնտեղից ասացին, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակը խառնվում է միայն այն դեպքում, եթե քաղաքացին կենսաթոշակային ֆոնդի հասցեին ունի բողոքներ, ինչը ես էլ չհասկացա, որովհետև ես ֆինանսական հաշտարար ասելով` հասկանում եմ ընդհանրապես գործակալ, ով օգնում է, եթե ֆինանսական մարմինների հետ որևէ խնդիր է առաջանում»:
Մեր զրուցակցի խոսքով, եթե հիմա` ծրագրի մեկնարկի ընթացքում արդեն նման «չեպեներ» են լինում և գումարներ են կորչում, ինչպե՞ս կարող է քաղաքացին վստահել համակարգին. «Պատկերացրեք` 20-25 տարի անց ի՞նչ է լինելու այդ պահումների` մեր գումարների հետ, եթե դեռևս ընդամենը 3 ամիս է անցել, ու ինձ չեն կարողանում բացատրել` որտե՞ղ են իմ փողերը»:
Այս դեպքի առթիվ մենք պարզաբանում խնդրեցինք «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանից:
«114-ը մեր թեժ գիծն է ու չէր կարող ինֆորմացիա տրամադրել, այդ ինֆորմացիան հասանելի է զուտ անձին, ով որ ուզում է իմանալ: Առաջին տարբերակը, որն անձը կարող է անել, հետևյալն է. եթե նա ունի նույնականացման քարտ, նա օնլայն ռեժիմում մտնում է enpension.am կայք, այնտեղ մտնում է «Իմ հաշիվը» պատուհանը, որն իրեն տանում է համապատասխան հաշիվների կառավարման էջ: Իր քարտով մուտք է գործում իր անձնական տիրույթը, որտեղ ամբողջական ինֆորմացիան կա: Դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ հաշվի օպերատորները չեն կարողացել նրան ինֆորմացիա տրամադրել, որովհետև այն ամենը, ինչ օնլայն ռեժիմում նա կարող է անել, նույնը կարող են անել հաշվի օպերատորները»:
Մեր այն դիտարկմանը, որ «Թեժ գծի» աշխատակիցը չի կարողացել ուղղորդել մեր զրուցակցին, ով ընդամենը հարցրել է, թե ինչպես կարող է ստուգել` ո՞ր ֆոնդ է փոխանցվել իր գումարները, և թե ինչպե՞ս կարող է կենսաթոշակային հիմնադրամ ընտրել, Կ.Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` «Թեժ գծի» աշխատողը պետք է այն պատասխանը տված լինի, ինչը ես եմ ասում: Շատ ցանկալի կլիներ, եթե Ձեզ դիմող քաղաքացին ինձ ասեր, թե ո՞ր օրն է զանգահարել, որովհետև դա ինձ էլ է արդեն հետաքրքրում, որովհետև «Թեժ գիծը» մեր ենթակայության տակ է գտնվում, և եթե աշխատողներից որևէ մեկը թերացել է, ես շատ կուզենայի ավելի կոնկրետ ինֆորմացիա ունենալ: Ես պատրաստ եմ քաղաքացու հետ խոսել: Մենք ամեն ինչ անում ենք, որ առավելագույնս կարողանանք ինֆորմացիա տրամադրել և մատչելի սարքել: Եկեք չբացառենք, որ ինչ-որ մեկը թերացել է, բայց այսպես հետևություններ անել` ճիշտ չի լինի: Եթե այսպիսի խնդիր կա, իմ հեռախոսահամարը կարող եք փոխանցել քաղաքացուն, ես շատ կուզենամ այդ հարցով զբաղվել, որ համապատասխան ընթացք տանք, ու մյուս անգամ ոչ մեկի հետ չկրկնվի նմանատիպ բան»: