Հանրահավաք՝ հանուն հանրահավաքի

Երեկվա հանրահավաքի մասնակիցներն այդպես էլ չստացան իրենց հուզող ամենահիմնական հարցի պատասխանը. ինչպե՞ս պետք է իրականացնել իշխանափոխություն, և արդյոք իշխանափոխության հարցում ՀԱԿ-ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև կա՞ համաձայնություն:

Որևէ մեկն այդպես էլ չհասկացավ` ԲՀԿ-ն կո՞ղմ է իշխանափոխությանը, թե՞ ընդամենը դեմ է այսօր երկրում տիրող իրավիճակին: Շուտափույթ կամ ամբողջական իշխանափոխության անհրաժեշտությունից խոսեցին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում` ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այդ մասին որևէ բառ չխոսեցին ԲՀԿ ներկայացուցիչները, իսկ այս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացավ խոսել մյուս հանրահավաքի ժամանակ, որի անցկացման օրը չհայտարարվեց:

Միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ ասաց. «Այս իշխանությունների գնացքը վաղուց գնացել է»: Արդյո՞ք այս հայտարարությունը կարելի է համարել իշխանափոխության գաղափարի հետ համաձայնության արտահայտություն, դժվար է ասել, որովհետև Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ չկոնկրետացրեց, թե իշխանությունների գնացքն ուր է գնացել:

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին` վստահել քառյակի ներկայացուցիչներին և հետևել բացառապես նրանց հրահանգներին` չդիմելով ինքնագործունեության: Ինքնագործունեության դրսևորում է այն, որ հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին` «Հի-մա, հի-մա»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դա սխալ կարգախոս է, և բոլոր ժամկետները որոշելու են քառյակի ղեկավարները` հիշեցնելով, որ 2007-2008թթ. էլ էին վանկարկում` «Հի-մա, հի-մա»:

Չնայած ՀՅԴ-ն դուրս է եկել քառյակից, բայց ըստ Տեր-Պետրոսյանի` այն շարունակում է մնալ նույնքան հրաշալի, քանի որ քառյակում ՀՅԴ-ին փոխարինել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Եռյակն այդպիսով կատարել էր Ստեփան Դեմիրճյանի պահանջը և նրան ընդգրկել էր հանրահավաքի կազմակերպիչների ցանկում` տալով ելույթի հնարավորություն: Հենց Ստեփան Դեմիրճյանը սկսեց քառյակի լիդերների ելույթների շարքը:

Չնայած հայտարարված էր, որ հանրահավաքի ժամանակ պետք է հրապարակվի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, այսինքն` այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է հանգեցնի իշխանափոխության, բայց ոչ մի ճանապարհային քարտեզ էլ չհրապարակվեց: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք իշխանություններին որևէ պահանջ չեն ներկայացնելու, իսկ հրապարակում հավաքվածների «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը համարեց ոչ թե պահանջ, այլ` բարեմաղթանք:

Որոշ ելույթ ունեցողներ կոչ արեցին իշխանությանը` հրաժարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման ծրագրից, սակայն դա չի կարելի համարել հանրահավաքի կազմակերպիչների կողմից պաշտոնական պահանջ կամ առաջարկ, այլ ավելի շուտ` ցանկություն:

Հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունները, հատկապես` ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, բազմիցս ընդգծում էին, որ իրենք աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության խնդիր չեն դրել, ինչը նշանակում է, որ իրենք լիովին կիսում են գործող իշխանության կողմից Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելուն ուղղված քաղաքականությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այլընտրանք չունի: Մնում էր, որ ՀԱԿ և ԲՀԿ լիդերները հանրահավաքի անունից ողջունեին հանրահավաքի օրը Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթղթի ստորագրումը, որով ընդամենը երկուսուկես ամիս հետո Հայաստանը դառնալու է այդ միության լիիրավ անդամ: Նրանք ընդգծում էին, որ իրենք համաձայն չեն գործող իշխանության կողմից իրականացվող ներքին քաղաքականության հետ:

Եթե Հայաստանը դառնում է Եվրասիական միության լիիրավ անդամ, ապա Հայաստանի տնտեսական քաղաքականությունը մեծ չափով որոշվելու և իրականացվելու ոչ թե Երևանում, այլ` Մոսկվայում, և ընդամենը երկուսուկես ամիս հետո, այդ պահանջներով` ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու, կարելի կլինի անմիջականորեն բողոքներ հղել Կրեմլ` շրջանցելով այդքան ատելի Բաղրամյան 26-ը:

Մի շատ կարևոր նկատառում ևս: Ազատության հրապարակում, հանրահավաքի անցկացման վայրում կախված էին Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով ցուցանակներ: Նրանց կողքին կախված էին նաև տարբեր մակագրություններով պաստառներ. մասնավորապես` «Մարտի 1-ի հիմնական պատասխանատուները» ցուցանակի վրա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Թորոսյանի և Արթուր Բաղդասարյանի լուսանկարներն էին, որպես սպանդի քարոզիչ` ներկայացված էր Վարդան Օսկանյանը, իսկ ցուցանակներից մեկում քաղվածք էր Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցից, որտեղ նշված էին այն օլիգարխների անունները, որոնց թիկնազորը մարտի 1-ին զենք և զինվորական հանդերձանք է ստացել, որը ենթադրաբար օգտագործվել է մարտի լույս 2-ի գիշերը:

Այդ ցուցակում հանրահավաքի կազմակերպիչ Գագիկ Ծառուկյանի անունն էր և նրա լուսանկարը: Հանրահավաքի մասնակիցները, ովքեր մոտ էին կանգնած այդ ցուցակներին, ուշադիր դիտում էին դրանք, և նրանցից որևէ մեկը չփորձեց իր անհամաձայնությունը հայտնել մակագրությունների վերաբերյալ:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ հանրահավաքի կազմակերպիչների միջև չկա համաձայնություն իշխանափոխության հարցում, չկա հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականացնել այդ իշխանափոխությունը, և չկան նույնիսկ մոտավոր պատկերացումներ առաջիկա քայլերի նկատմամբ: Առաջին տպավորությունն այն էր, որ նրանք խոստացել էին աշնանը հանրահավաք կազմակերպել և ընդամենը փորձեցին իրականացնել իրենց այս խոստումը:

Տեսանյութեր

Լրահոս