Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ կիրառել «փափուկ ուժ». Թոմ դե Վաալ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Կառնեգիի խաղաղության միջազգային հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ Ադրբեջանի համար տեսնում է երկու հիմնական ռիսկ.
«Չեմ կարծում, թե արտաքին ռիսկերը մեծ են: Խնդիրը Ռուսաստանի ու Իրանի մեջ է, սակայն նրանք մտադիր չեն ուղիղ ներխուժում ձեռնարկել Ադրբեջան: Նրանցից որևէ մեկը չի ցանկանում վարչակարգի տապալում: Նրանք նորմալ հարաբերություններ ունեն Իլհամ Ալիևի հետ:
Ռիսկերը երկուսն են: Առաջինը քաղաքական բեմ կրոնական արմատականների բարձրանալն ու ընդդիմության մարգինալացումն է: Ազատված տեղը կզբաղեցնեն ջիհադականները, որոնք ներկայումս «Իսլամական պետության» շարքերում մարտնչում են Սիրիայում ու Իրաքում: Մի գեղեցիկ օր նրանք կվերադառնան տուն:
Երկրորդ սպառնալիքը Ղարաբաղյան պատերազմի վերսկսումն է: Մենք շարունակ շփման գծում ականատես ենք լինում փոքր ընդհարումների: Սադրանքներ են տեղի ունենում երկու կողմից էլ: Ծանր սպառազինության կիրառման պատճառով անգամ սահմանափակ պատերազմում կարող են լինել զանգվածային կորուստներ:
Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի Վաշինգտոնից հնչող հայտարարություններին: Այնտեղ շահագրգռված չեն Բաքվի վարչակարգի տապալմամբ, նրանք ցանկանում են Ադրբեջանը տեսնել բաց և ժողովրդավար: Իրանն ու Ռուսաստանը մեծ հարևաններ են, սակայն եթե Ադրբեջանը ցանկանում է ավելի շատ անկախություն, ապա պետք է խաղաղության հասնի նաև փոքր հարևանի հետ:
Փոխզիջումների հիման վրա խաղաղության հասնելն Ադրբեջանը կվերածի Արևելքի ու Արևմուտքի միջև ռազմավարական կարևորության միջանցքի: Իհարկե, փոխզիջումներ գտնելը հեշտ չէ, սակայն կվերադարձվեն տարածքները, փախստականները կվեադառնան իրենց տները: Նման արդյունքը կուժեղացնի Ադրբեջանը:
Փոխզիջումները բանակցային սեղանին են: Ադրբեջանը հետ է ստանում ԼՂ-ին հարակից 7 շրջանները՝ բացառությամբ Բերձորի նեղ միջանցքի: ԼՂ-ի հայերին հատկացվում է ինքնակառավրման իրավունք: Տարածաշրջանի վերջնական կարգավիճակը անորոշ է մնում տևական ժամանակ և 20-30 տարի անց անցկացվում է հանրաքվե:
Այդ ժամանակահատվածում Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններ են հաստատում: Ադրբեջանը տնտեսապես գերազանցում է Հայաստանին, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կարող է կիրառել «փափուկ ուժ»: Մարդիկ կվերադառնան հարազատ վայրեր:
Կբարելավվի անվտանգության հետ կապված իրավիճակը, կբարելավվի կյանքը: Ադրբեջանը չի ստանա այն ամենը, ինչ ցանկանում է: Օրինակ, հնարավոր է, որ Ստեփանակերտում չբարձրացվի ադրբեջանական դրոշը: Սակայն մնացյալ ամեն ինչը կլինի»: