«ՕԵԿ-ը հրավեր չի ստացել, և տրամաբանական է, որ մենք չենք մասնակցի հանրահավաքին»

Հարցազրույց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ

– ՕԵԿ-ը մասնակցելո՞ւ է վաղվա հանրահավաքին:

– Մենք հանրահավաքին մասնակցելու հրավեր չենք ստացել: Հասկանում եք չէ՞, որ հանրահավաքն ունի իր օրակարգը, և երբ որևէ կուսակցություն հրավիրվում է մասնակցելու որևէ միջոցառման, նրա հետ ևս համաձայնեցվում է այդ միջոցառման օրակարգը: Հրավիրված կուսակցությանը հնարավորություն է տրվում արտահայտել իր տեսակետն օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Քանի որ ՕԵԿ-ը նման հրավեր չի ստացել, տրամաբանական է, որ մենք չենք մասնակցի հանրահավաքին, չնայած կարևորում ենք այն հարցերը, որոնք բարձրացվելու են հանրահավաքում, մանավանդ որ, այդ հարցերից շատերի վերաբերյալ մենք ներկայացրել ենք օրենսդրական նախաձեռնություններ և փորձում ենք դրանք մեր գործընկեր կուսակցությունների հետ համատեղ ընդունել:

– Հանրահավաքը հայտարարված է համազգային, որը նշանակում է, որ կարող են մասնակցել բոլորը:

Կարդացեք նաև

– Անհատական մակարդակում բոլորն էլ կարող են մասնակցել հանրահավաքին, և ես չեմ բացառում, որ մեր կուսակցության անդամները ևս կլինեն հրապարակում:

– Եթե հրավեր լիներ` կմասնակցեիք որպես կուսակցությո՞ւն, կընդունեի՞ք հրավերը:

– Եթե հրավեր լիներ, այն անպայման կքննարկվեր կուսակցությունում, և մենք կդրսևորեինք մեր վերաբերմունքը: Ինչպես գիտեք` ՕԵԿ-ն ընդունելի է համարում քաղաքական պայքարի բոլոր միջոցները, այդ թվում` և հանրահավաքային պայքարը: Մենք նախկինում հրավիրել ենք հանրահավաքներ, և, իհարկե, առաջիկայում ևս կլինեն նոր հանրահավաքներ:

– Անձամբ Դուք հոկտեմբերի 10-ին կլինե՞ք հրապարակում:

– Եթե այստեղ լինեմ, իհա՛րկե կմասնակցեմ:

Քանի որ Հովհաննես Մարգարյանն ԱԺ-ում ստեղծված ՀՀ Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, նրան մի քանի հարց ուղղեցինք` կապված հանձնաժողովի գործունեության հետ:

– ՕԵԿ-ը գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր սկզբում` առաջին ատյանի դատարան, իսկ մերժում ստանալուց հետո` առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: Ստացե՞լ եք վերաքննիչ դատարանի որոշումը:

– Այո, սեպտեմբերի կեսերին ստացանք նաև վերաքննիչ դատարանի մերժումը, որը ևս բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան: Բայց մենք սպասում ենք, ԱԺ-ում ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքների ավարտին, և քանի որ ես լինելով այդ հանձնաժողովի անդամ` գիտեմ, որ ի հայտ են եկել փաստեր, որոնք կարող են էականորեն ազդել դատարանի կողմից կայացվելիք վճռի վրա, մենք սպասում են հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հրապարակմանը, որից հետո անպայման կդիմենք դատարան` ներկայացնելով նոր երևան եկած հանգամանքները:

– Կասե՞ք` ինչ հանգամանքների մասին է խոսքը, ինչպես դրանք կարող են անդրադառնալ գազի սակագնի հաշվարկման վրա:

– Ես չեմ ուզում ամբողջովին հրապարակել հանձնաժողովի իրականացրած գործունեության արդյունքները, բայց կարող եմ մի օրինակ բերել, որը վերաբերում է «Գազպրոմ-Արմենիայի» կողմից կորուստների հաշվարկման կարգին, որը շատ անընդունելի է: Տեսեք, ռուսական գազը Վրաստանի տարածքով տարանցելու համար հաշվարկվում է 0,8 տոկոս կորուստ: Մինչդեռ Հայաստանի տարածքում տեղափոխման փաստացի կորուստն անցյալ տարի կազմել է 3,4 տոկոս: Ստացվում է, որ գազը Վրաստանի տարածքով անցնելով` կարող է ունենալ 0,8 տոկոսի կորուստ, բայց Գյումրիից մինչև Երևան տեղափոխելու կորուստը կազմում է 3,4 տոկոս: Կամ մեկ այլ աբսուրդ. տեղափոխման կորուստը կազմում է 3,4 տոկոս, իսկ ահա բաշխման տոկոսը` 2,2 տոկոս:

Պատկերացնո՞ւմ եք` գազը մի ընդհանուր մեծ խողովակով քաղաքից քաղաք տեղափոխելիս ունենում է 3,4 տոկոսի կորուստ, իսկ երբ այն բաշխվում է տասնյակ-հազարավոր մանր սպառողների` կորուստն իջնում է 2,2 տոկոսի: Սա տրամաբանությունից դուրս հաշվարկ է, որը «Գազպրոմ-Արմենիան» փորձում է հրամցնել հայ սպառողներին` այս հաշվարկները և կորուստները մտցնելով սակագնի մեջ: Հիմա մենք սպասում ենք, որ այս ուսումնասիրություններն ավարտվեն, և դատարանի դիմումի տակ մենք կդնենք հանձնաժողովի եզրակացությունը, որի կազմելուն մասնակցել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունները:

– Կորուստների մասին խոսվել է նաև նախկինում։ Չե՞ք կարծում, որ դա բավարար հիմք չէ գազի սակագինը փոխելու համար:

– Մենք գազի սակագնի հաշվարկման այլ մեխանիզմներ էլ ենք առաջարկում, որոնք կարող են էականորեն ազդել գազի սակագները որոշելիս: Վերջին շրջանում շատ է խոսվում գազի ցածր կալորիականության մասին, և շեշտադրումն արվում է այն մտահոգության վրա, որ շարքային գազասպառողները ստանում են ցածր կալորիականությամբ գազ: Բայց չի խոսվում գազի հաշվարկման այնպիսի կարևոր չափորոշիչի մասին, ինչպիսին գազի ծավալն է: Այսօր սպառողներին մատակարարվող գազի քանակը հաշվարկվում է ըստ մատակարարված գազի ծավալի. բայց որքան գազամատակարարման համակարգում գազի ճնշումն իջեցվում է, այնքան նրա ծավալը մեծանում է:

Այսինքն` գազամատակարարը կարող է գազամատակարարման համակարգում գազի ճնշումն իջեցնելու հաշվին մեծացնել դրա ծավալը, և հավելյալ եկամուտ ստանալ: Այդ պատճառով հանձնաժողովը կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի նա պարտավորեցնի գազամատակարար ընկերությանը ներդնել այնպիսի հաշվիչներ, որոնք հաշվարկում են ինչպես` գազի ծավալը, այնպես էլ` ճնշումը:

Մենք ուսումնասիրում ենք նման հաշվիչների արժեքը, որպեսզի հասկանանք, թե որքանով է իրատեսական դրանց կիրառումը, և ինչպիսի տնտեսական էֆեկտ կարելի է ակնկալել դրանից: Նման հաշվիչների ներդրման դեպքում բաժանորդը կարող է գազամատակարար ընկերության հետ պայմանագրում ֆիքսել, թե ինչ ճնշման գազ է իրեն մատակարարվելու: Մենք ուզում ենք, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավորեցնի գազամատակարար և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` կատարել ողջամիտ ծախսեր, որովհետև այդ ծախսերն ի վերջո մտնում են գազի և էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

Օրինակ, այս ընկերությունները գնում են թանկարժեք ծառայողական մեքենա և դա ներկայացնում են` որպես ծախս, և դրա բեռը դնում են շարքային սպառողների վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է որոշել, որ ծառայողական մեքենաների արժեքը չի կարող գերազանցել 15-20 միլիոն դրամը, և, եթե դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, ԱԺ-ն պետք է գնա դրան` նկատի ունենալով նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Իհարկե, այդ ընկերությունները կարող են գնել ավելի թանկարժեք մենքենաներ կամ այլ ծախսեր անել, բայց դա պետք է լինի իրենց շահույթի և ոչ թե` սպառողների հաշվին:

Կամ մենք բացահայտել ենք մի օրինաչափություն ևս. որքան փոքրանում են գազի սպառման ծավալները, այնքան մեծանում է «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների թիվը: Մինչդեռ տրամաբանորեն հակառակը պետք է լիներ. աշխատակիցների թիվը պետք է մեծանար, եթե ավելանային գազի սպառման ծավալները:

– Չե՞ք կարծում, որ անկախ Ձեր նշած փաստերից` գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները կմնան նույնը, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ է:

– Հանձնաժողովի համար պետք է սահմանել օրենսդրական չափորոշիչներ, ինչի իրավունքը խորհրդարանն ունի: Օրինակ, ՏԻՄ մարմինները կարող են սահմանել գույքահարկի արտոնություն, բայց օրենքով սահմանափակվում է այդ արտոնության չափը: Նույն ձևով, եթե օրենքով հաստատվեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա հանձնաժողովը պետք է հաշվարկի գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը, ապա հանձնաժողովը պետք է առաջնորդվի օրենքով, և չի կարող իրեն օրենքից անկախ հռչակել:

 

Տեսանյութեր

Լրահոս