Գրեգորի Լաքոմ. Մրցունակության առումով Հայաստանն ունի ոլորտային առավելություններ

Հարցազրույց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմի հետ

– Պարոն Լաքոմ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վիճակը մրցունակության առումով:

– Հայաստանը մրցունակության առումով առավելություններ ունի, օրինակ՝ դիրքը: Հայաստանը գտնվում է խոշոր շուկաների միջև՝ ԱՊՀ-ի, ԵՄ-ի, Իրանի և Մերձավոր Արևելքի: Սա մրցունակությունը բարելավելու առաջին գործոնն է: Բացի դա, ՀՀ-ն ունի ոլորտային առավելություններ: Օրինակ՝ ագրոբիզնեսում Հայաստանն ունի եզակի հնարավորություններ` գյուղմթերք, պտուղ-բանջարեղեն, գինի արտադրելու և արտահանելու համար: Այդ պատճառով մենք որոշել ենք կենտրոնանալ գյուղոլորտի փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության զարգացման վրա: Այս ոլորտում մենք տեսնում ենք մեծ ներուժ ոչ միայն ներքին շուկայի զարգացման համար, այլև արտահանման:

Իհարկե, կան նաև բացասական կողմեր՝ արտադրանքը փոխադրելու խնդիրը, որտեղ ծախսերը մեծ են, և, երբ Հայաստանը ցանկանում է որևէ բան արտահանել, դա ապրանքի ինքնարժեքը շատ է բարձրացնում: Թե ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, մենք առաջարկում ենք ավելի շատ վերամշակել արտադրանքը, և արդյունքում` ավելացված արժեքը կմեծանա, դրա արդյունքում էլ, ընդհանուր առմամբ, ինքնարժեքի մեջ համեմատաբար կփոքրանա փոխադրման ծախսը: Սա առաջին խոչընդոտն է: Կան նաև խնդիրներ տնտեսական քաղաքականության առումով, նաև մարդկային կապիտալի առումով` գիտելիքի և ունակությունների, որ մարդիկ, իհարկե, տեխնիկական լավ ունակություններ ունեն, բայց ավելի շատ պետք են արտահանման ունակություններ, շուկաների իմացություն, թե ինչ շուկաներ ընտրել, ինչի վրա կենտրոնանալ: Մարդկային կապիտալի բաղադրիչը շատ կարևոր է: Այլ բաղադրիչներ էլ կան մրցունակ լինելու համար։ Չեմ ցանկանում շատ խնդիրներ նշել, բայց ուզում եմ ասել, որ այստեղ կան լավ հնարավորություններ, որ բխում են բնական ռեսուրսներից, հատկապես` ագրոբիզնեսի առումով: Կա ներուժ, թեև ուղին միշտ էլ դյուրին չէ, և բարեփոխումներ են պետք: Հարկավոր է մի քիչ օգնել տնտեսվարողներին, և հուսով ենք` գոհացուցիչ արդյունքների հասնել:

– Հայաստանում արտահանման համար լուրջ խնդիր է մեծ ծավալների ապահովումը, և այդ ծավալների դեպքում` որակի պահպանումը:

– Կան մի քանի տարբերակներ խնդիրը լուծելու համար: Դրանցից մեկն արտադրական կոոպերացիաների ստեղծումն է, որ արտադրողները միավորվեն` առավել արդյունավետ գործելու համար, նվազեցնեն իրենց ծախսերը, բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Հայաստանը հատկապես մեծ ներուժ ունի: Հաճախ ֆերմերները չեն ցանկանում միավորվել՝ վստահության պակասի պատճառով:

Իսկ այդ վստահությունը կառուցելը երկարատև ժամանակ է պահանջում: Բայց կոոպերցիան լավագույն տարբերակն է` բարելավելու արտադրանքի որակը և ծավալի խնդիրը լուծելու համար: Սակայն, եթե ասում եք, որ պահանջարկը մեծ է, առաջարկը` քիչ, դա մյուս կողմից` վատ չէ, լավ է: Դա նշանակում է, որ կա մշտական պահանջարկ: Ամեն դեպքում, դա խնդրի մի կողմն է, իրականում խնդիրն ավելի խորքային է:

– Անցած տարի Եվրամիությունը Հայաստանին իրավունք տվեց մեղր արտահանելու ԵՄ երկրներ, բայց մինչ օրս ոչ մի կաթիլ հայկական մեղր չի արտահանվել:

– Սովորաբար ԵՄ-ն շատ բարձր պահանջներ ունի, ԵՄ-ի որակի ստանդարտները շատ բարձր ու շատ դաժան են, բայց դա չի նշանակում, որ հայկական մեղրը չի կարելի արտահանել, հարկավոր է միայն լավ շուկաներ ընտրել: Եթե նոր շուկաներ նվաճելու խնդիր է դրվում, Հայաստանը պետք է բարձր որակ ապահովի` ԵՄ չափանիշերին համապատասխան: Բայց դա երկարաժամկետ խնդիր է: Ամեն դեպքում Հայաստանն այլ շուկաների հնարավորություն ունի, ոչ միայն եվրոպականը:

– Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց այս տարվա Համաշխարհային մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը մի քանի կետով զիջել է դիրքերը, այդ թվում` աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացածության ցուցանիշներով: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Ես զեկույցին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ այդտեղ մոտեցումը եղել է հորիզոնական կտրվածքով: Իմ կարծիքով` առավել ճիշտ մոտեցում է ոլորտային գնահատականներ տալը: Մենք ուսումնասիրել ենք ՀՀ-ում ագրոբիզնեսի ոլորտը և մեծ խնդիրներ չենք գտել աշխատաշուկայի առումով: Եվ դա առավել կարևորն է` ոլորտը զարգացնելու համար:

– Ըստ Ձեզ` ՀՀ-ում ագրոբիզնեսը հատկապես ո՞ր ուղղություններով պետք է զարգացնել:

– Միրգ ու բանջերեղեն` վերամշակման համար: Դա լավագույնն է: Գինին արդեն զարգանում է, հարկավոր չէ միջամտել այդ ուղղությանը:

– Ի՞նչ կարծիքի եք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ սպասվող զարգացումների մասին: Ըստ Ձեզ` ՀՀ մրցունակության վրա ինչպե՞ս կազդի ԵՏՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը:

– Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես` Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի` ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին: Մյուս կողմից` Ռուսաստանը մեծ շուկա է, ԵՏՄ-ն առավել մեծ շուկա է, և բարձր պահանջարկ կա այնտեղ: Դեռ շատ վաղ է խոսել, թե Եվրասիական տնտեսական միությունն ինչ տեսք կունենա: Դեռ տեղեկություններ չկան, թե ինչ մաքսային տոկոսադրույքներ են գործելու: Մենք դրա մասին առայժմ չգիտենք, և դժվար է ասել: Ներկայումս հայտնի է շրջանակը, բայց թե ինչ կա դրա մեջ` պարզ չէ:

– Կարո՞ղ եք գնահատական տալ, թե ե՞րբ ՀՀ-ն կկարողանա հասնել եվրոպական չափանիշերին` գյուղմթերքը ԵՄ արտահանելու համար:

– Ոչ, ես պայծառատես չեմ: Դժվար է նման հարցերը կանխատեսել: Կարող ենք ասել միայն, հավանաբար, որ գործընթացն ավելի դանդաղ կլինի, քան, եթե ՀՀ-ն ԵՏՄ-ին չանդամակցեր: Դա է ասում առողջ դատողությունը:

– Այսինքն, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա ավելի արագ կհասներ Եվրոպական միության չափանիշերին և մուտք կգործեր եվրոպական շուկա:

– Այո: Ես չեմ կարող խոսել ԵՄ-ի անունից, բայց կարելի է ենթադրել, որ եթե այդ համաձայնագիրը չլիներ, գործընթացն ավելի արագ կընթանար: Բայց ես չեմ կարող առավել մանրամասն խոսել: Սա այն տեսակետն է, որ երևում է ՏՀԶԿ-ից: Մենք նաև տեսնում ենք, որ ՀՀ-ի համար հեռանկարային է ոչ միայն ԵՄ շուկան, այլ նաև այն շուկաները, որոնք շրջապատում են Հայաստանը:

– Հայտնի է, որ Եվրոպայում գյուղատնտեսությունը բավական մեծ ծավալով սուբսիդավորվում է, և դրա համար գներն ավելի ցածր են, ու եվրոպական գյուղմթերքն առավել մրցունակ է, քան աշխարհի այլ երկրների գյուղմթերքը: Աշխարհի մակարդակով դա նորմա՞լ է, դեմպինգ չկա՞ այդտեղ:

– ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը գնահատելու համար հարկավոր է հանել այդ սուբսիդավորումը և հետո հասկանալ` մրցունա՞կ է, թե՞ ոչ եվրոպական գյուղմթերքը: Իհարկե, սուբսիդավորումն աղավաղում է մրցունակությունը և, հավանաբար, օրինակ` բրազիլական գյուղարտադրանքն ավելի մրցունակ կլիներ Եվրոպայում, եթե սուբսիդավորում չլիներ: Կան արտադրող երկրներ, որոնք բոլորովին չեն սուբսիդավորում, բայց կարողանում են մրցունակ արտադրանք ստանալ և արտահանել: Իսկ առայժմ դուք լիովին իրավացի եք, որ ԵՄ-ն շատ է սուբսիդավորում: Սակայն ՏՀԶԿ-ն խորհուրդ է տալիս ԵՄ-ին ոչ թե սուբսիդիաներն ամբողջությամբ հանել, այլ գոնե կրճատել և օպտիմալացնել` սուբսիդավորել նրան, ով դրա անհրաժեշտությունն ունի: Մենք խոսում ենք, բայց մենք չենք կիրառում լավագույն տարբերակը:

– Ըստ Ձեզ` ՀՀ գյուղոլորտը հետաքրքի՞ր է եվրոպացի ներդրողների համար:
– Արտադրության յուրահատուկ շղթաներ կան, որտեղ ԱԱՀ-ն բարձր է, և հետաքրքիր են դրանք, մասնավորապես` «Պեռնո Ռիկարի» հաջող օրինակը կա: Այլ օրինակներ չգիտեմ, հարկավոր է նայել: Ներդրողներ ներգրավելու համար հարկավոր է ավելի շատ որակյալ ապրանք արտահանել, և երբ ներդրողները կնկատեն, որ կա արտահանման մեծ պոտենցիալ ու մեծ պահանջարկ, ավելի շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել: Բայց նախ` պետք է դիտարկել պահանջարկը, որովհետև ներդրողը պահանջարկին է նայում` թե՛ ներքին, թե՛ արտաքին: Մենք առաջին քայլի վրա ենք աշխատում` բարելավել պահանջարկն արտահանման համար:

Տեսանյութեր

Լրահոս