Ինչպես զարգանալ «դինամիկ»
Պարզվում է` ՀՀ կառավարության կողմից արտահանման գերակա ուղղություն հայտարարված 11 ոլորտները (կոնյակագործություն, գինեգործություն, դեղագործություն և կենսատեխնոլոգիաներ, ճշգրիտ ճարտարագիտություն, ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամագործություն, տեքստիլ, տրիկոտաժի արտադրություն և կոշիկի արտադրություն) դինամիկ աճում են:
Նման հավաստիացում «168 Ժամի» հետ զրույցում արել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը` օրինակ բերելով տեքստիլի ոլորտը, որտեղ այս տարվա 6 ամիսներին 42% աճ է արձանագրվել:
Նա նաև չի համաձայնել այն դիտարկմանը, որ արդյունաբերության հիմնական աճն ապահովում է հանքարդյունաբերությունը: «Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն հանքարդյունաբերությունն է: 11 ոլորտները բոլորն էլ դինամիկ աճում են, բայց վերլուծության համար պետք է դինամիկան նայել, որը տարիների կտրվածքով միշտ պահպանվում է»,- ասել է նա:
Բավականին ուշագրավ պնդում է։ Հատկապես, երբ դիտարկում ենք այն 2014 թվականի առաջին 6 ամիսների պաշտոնական վիճակագրության ֆոնին։
Նման լավատեսական պնդում կարդալուց հետո կարո՞ղ եք գուշակել, թե քանի՞ տոկոսով է աճել Հայաստանի արդյունաբերությունը` 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին։ Դժվար թե գուշակեք, որովհետև աճը զրո տոկոս է։ Այո, պաշտոնական վիճակագրության համաձայն` արդյունաբերության ոլորտն այս տարվա առաջին կեսում հայտնվել է լճացման մեջ, չի աճել։ Պատկերը պակաս հետաքրքիր չէ, երբ դիտարկում ենք առանձին ուղղությունները։ Սկսենք հենց կոնյակագործությունից։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները շեշտակի անկում են ապրել` 18.2%-ով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 6649.7 հազար լիտր կոնյակ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 8128.6 հազար լիտր։
Նվազել է նաև մեկ այլ գերակա ոլորտի` գինեգործության արտադրանքի ծավալը։ Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 2330.9 հազար լիտր գինի` նախորդ տարվա 2473.4-ի դիմաց։ Անկումը 5.8% է։ Ճիշտ է, փոխարենն աճել է շամպայնի ու գարեջրի արտադրության ծավալը, սակայն դրանք գերակա ճյուղեր հռչակված չեն։
Անցնենք առաջ` կենսատեխնոլոգիաներ և ճշգրիտ ճարտարագիտություն։ Ուշադիր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս չալարել և աչքի անցկացնել ՀՀ ԱՎԾ-ի «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ, 2014թ. հունվար-հունիսին» զեկույցը։
Առաջին բաժինը կոչվում է «Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի, էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորանքի ու ժամացույցների արտադրություն»: Այս բաժինն աչքի անցկացնելով` կարող եք պատկերացնել, թե ինչպես է «զարգանում» ոլորտը։ 19 անուն ապրանքախմբերից աճ գրանցվել է ընդամենը 4-ի դեպքում։ Մնացած հոդվածներով անկում է, երբեմն` բավականին շոշափելի։ Համակարգիչների և ռելեների արտադրությունը կրճատվել է շուրջ 20%-ով, էլեկտրաշարժիչներինը` 19-29%-ով, տրանսֆորմատորներինը` 3.3%-ով և այլն։
Դեղագործական ոլորտի արտադրության ծավալները (գումարային արտահայտությամբ) աճել է 6.1%-ով և կազմել 2.6 միլիարդ դրամ։ Սակայն հիշենք, որ բոլորովին վերջերս կառավարությունն անգնահատելի «նվեր» մատուցեց դեղերի ոլորտին` սահմանելով պարտադիր դրոշմապիտակավորման պահանջ։
Անդրադառնանք նաև ադամանդագործությանն ու ոսկեգործությանը։
Ոսկերչական արտադրանքի ծավալն աճել է 5.3%-ով։
Այս տարվա առաջին կիսամյակում ոլորտը տվել է 621.2 կգ արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 590 կգ-ի դիմաց։ Սակայն նույնը չի կարելի ասել ադամանդագործության մասին։ Այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 32148 կարատ ադամանդ` նախորդ տարվա 47531-ի դիմաց։ Անկումը կազմել է 32.4%։
Անցնենք տեքստիլին և տրիկոտաժին։ Տրիկոտաժեղենի արտադրանքը բնեղեն արտահայտությամբ կրճատվել է 38.6%-ով, ինչը լուրջ անկում է (նախորդ տարվա առաջին կիսամյակի 953.5 հազար հատի փոխարեն` այս տարվա առաջին 6 ամիսներին արտադրվել է 585.4 հազար հատ)։
Գուլպեղենի արտադրությունը կրճատվել է 10.2%-ով, բամբակյա գործվածքներինը` 27.1%-ով։ Կոշկագործությունն ու ժամագործությունը նույնպես գերակա ուղղություններ են հայտարարված։ Սակայն, ցավոք, չկարողացանք ճշտել, թե քանի զույգ կոշիկ ու քանի ժամացույց է արտադրվել այս ընթացքում` համեմատականներ անցկացնելու համար։
Փոխարենը` կարող ենք ավելացնել, որ հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը կրճատվել է 9.5%-ով։ Այսինքն, ոչ թե հանքարդյունաբերությունից բացի` աճել են մյուս ճյուղերը, այլ հանքարդյունաբերության հետ միասին գրեթե բոլոր ճյուղերը նվազել են։ Ու սա ոչ թե ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների վրա հիմնված փաստ։
Ամփոփելով այս ամենը` եկեք վերը նշված հարցը մեկ անգամ էլ կրկնենք` արդյո՞ք գերակա հայտարարված ճյուղերն իսկապես դինամիկ աճում են։ Պատասխանը թողնում ենք ընթերցողին։ Նշենք միայն, որ եթե այս հարցն ուղղեք մեր պետական պաշտոնյաներին, նրանք դրական պատասխան կտան։ Իսկ եթե հարցը կրկնեք` ներկայացնելով այս տվյալները, ի պատասխան` մի բոցաշունչ ելույթ կլսեք կառավարության կողմից մշակված ռազմավարությունների և ծրագրերի մասին, որոնք ուղղված են արտադրության և արտահանման խթանմանը, ներդրումների ներգրավմանը և այլն։
Ի դեպ, ներդրումների մասով Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նույնպես լավատեսական եզրակացություններ է արել։ Այս առիթով հիշեցնենք ընդամենը 1.5 ամիս առաջ հրապարակված մի ուշագրավ փաստ։ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ էր հրապարակել, որոնցից ստացվում էր, որ 2014թ. առաջին կիսամյակում ընդհանուր օտարերկրյա ներդրումներն աճել են 3.7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները` 5 անգամ։ Ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել էր 446 մլրդ 341.8 մլն դրամ կամ 1 մլրդ 85 մլն դոլար (հաշվարկային փոխարժեքը` 1 դոլար=411 դրամ), որից ուղղակի ներդրումների ծավալը` 249 մլրդ 963 մլն դրամ կամ 608 մլն դոլար (2013թ. հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել էր 293.1 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 118.2 մլն դոլար):
Սա զարմանալի նորություն էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին ՀՀ օտարերկրյա ներդրումները նվազել են տարեկան միջինը 50-60%-ով։
Սակայն ոգևորությունը երկար չտևեց։ Պարզվեց, որ աճի զարմանալի ցուցանիշի համար պարտական ենք Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությանը։ Սա պարզապես` մտորելու համար։