Բաժիններ՝

Գերակա ուղղություն հայտարարված 11 ոլորտները դինամիկ աճում են. Արմեն Եգանյան

ՀՀ կառավարության կողմից արտահանման գերակա ուղղություն հայտարարված 11 ոլորտները (կոնյակագործություն, գինեգործություն, դեղագործություն և կենսատեխնոլոգիաներ, ճշգրիտ ճարտարագիտություն, ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամագործություն, տեքստիլ, տրիկոտաժի արտադրություն և կոշիկի արտադրություն) դինամիկ աճում են: Նման հավաստաիցում 168.am-ի հետ զրույցում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը՝ օրինակ բերելով տեսքստիլի ոլորտը, որտեղ այս տարվա 6 ամսում 42% աճ է արձանագրվել: Նա չհամաձայնեց, որ արդյունաբերության հիմնական աճն ապահովում է հանքարդյունաբերությունը:

«Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն հանքարդյունաբերությունն է: 11 ոլորտները բոլորն էլ դինամիկ աճում են, բայց վերլուծության համար պետք է դինամիկան նայել, որը տարիների կտրվածքով միշտ պահպանվում է»,- ասաց նա:

Ըստ պաշտոնյայի՝ 8 ուղղությունների համար մշակվել են ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր և միջոցառումներն իրականացվում են: Ա. Եգանյանի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում կան բավականին ներդրումներ, կառավարությունը նաև ԱԱՀ օրենքով մի դրութ է ընդունել, որ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի համար սահմանի վրա տրվում է որոշակի արտոնություն՝ ԱԱՀ գանձումը 3 տարով հետաձգելու, և յուրաքանչյուր տարի մոտ 9-10 ընկերություններ բավականին լուրջ ներդրումային ծրագրեր են ներկայացնում և արդյունքում աջակցություն են ստանում. «Դա բավականին լուրջ խթան է ներդրումների ներգրավման համար: Արդեն մոտ 40-45 ծրագրի տրվել է աջակցություն և 130 մլրդ դրամի ներդրում է կատարվել միայն սարքավորումների տեսքով, այսինքն՝ ընդհանուր ներդրումների ծավալն ավելի մեծ է: «Ալյանս» ազատ տնտեսական գոտին նույնպես խթան է ներդրումներ կատարելու և արտադրություն կազմակերպելու համար: Ոսկեգործության ոլորտի ազատ տնտեսական գոտին մինչև այս տարվա վերջ կշահագործվի, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ներդրողներ կգան»:

Մեր դիտարկմանը, որ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցով հատկացվող գումարները ընկերությունների մոտ, կարծես, այնքան էլ պահանջարկ չեն վայելում, Ա. Եգանյանը պատասխանեց, որ հիմնադրամը հիմնականում նախատեսում է մի շարք գործիքակազմ, այդ թվում՝ ցուցահանդեսների մասնակցության համաֆինանսավորում, վարկերի սուբսիդավորում, սերտիֆիկացման համար նախատեսված գումարների համաֆինանսավորում, ներդրումային ֆորումների կազմակերպում և այլն, և կառավարության կողմից հաստատված հիմնադրամի ծրագիրն իրականացվում է ամբողջ ծավալով. «Չկա նման բան, որ պահանջարկ չկա: Տարբեր ուղղություններով է աջակցությունը, օրինակ՝ սուբսիդավորման գործիքից օգտվել են շուրջ 11 ընկերություն՝ թեթև արդյունաբերության, գինեգործության, դեղագործության և այլ ոլորտների: Ազատ գումարներ չեն մնում՝ ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և յուրաքանչյուր տարի ավելացում են գումարները՝ այս տարի 501 մլն դրամ էր, հաջորդ տարի 601 մլն է նախատեսված և շարունակական ավելացվելու են: Տպավորությունը, որ պահանջարկ չկա, հետևանք է նրա, որ իրազեկվածության խնդիր կա: Մենք աշխատանքներ ենք տանում, որ ավելի լայն շրջանակ հնարավորինս իրազեկված լինի այդ գործիքներից և ցանկացած առիթի դեպքում շեշտադրում ենք, որ կան նմանատիպ գործիքներ»:

Ա.Եգանյանը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է արտահանողների ռեեստրի վարում և կոչ արեց արտահանողներին՝ ներկայանալ նախարարություն ու գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս