Գազի հաշվիչի պատասխանատվությունը չեն ցանկանում հանել բաժանորդի վրայից
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի նիստում նախատեսում է սահմանել Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ) ) պայմանագրի օրինակելի ձևը: ՀԾԿՀ կայքում նիստի օրակարգում ներկայացված է որոշման նախագիծը, սակայն որևէ հիմնավորում, թե ինչու է ՀԾԿՀ-ն նման քայլնախաձեռնել, չկա: «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը բնակիչ-բաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեցնի պայմանագրի օրինակելի ձևին:
«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ցանկացած փոփոխություն պետք է հիմնավորված լինի, իսկ ՀԾԿՀ-ն որևէ գրավոր հիմնավորում չի ներկայացնում, որ ինչ-ինչ խնդիրներ կան կամ առաջացել է մի իրավիճակ, որ փոփոխություններ են անհրաժեշտ և պետք է վերանայել պայմանագիրը:
«Մի լուրջ խնդիրէլ կա, որ ընկերությունը հաշվիչները տանում, ստուգաչափում է իրականացնում, հետո սպառողների վրա ինչ-որ թվեր է գալիս, որ թե միջամտություն է տեղի ունեցել գազի հաշվիչի հետ կապված: Երբ ես հարց բարձրացրի՝ բաժանորդն ի՞նչ կապ ունի, հաշվիչը նրա սեփական տարածքում չէ և սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը, առաջարկեցի, որ պայմանագրում այդ կետը շատ հստակեցվի, որ գազի հաշվիչի հետ կապված ցանկացած գործունեություն սպառողի հետ որևէ կապ չունի և չկապել սպառողի հետ, բայց հաշվի չառան: Այսինքն, քանի որ սպառողը չունի հաշվիչի պահպանման խնդիր, այդ հաշվիչների կապարակնիքները եթե տեղում են կամ տեղում չեն, սպառողը որևէ պատասխանատվություն չի կրում, կամ երբ տեսուչները բացում են հաշվիչները, թվերի հետ փոփոխություններ են անում, ստուգաչափող կազմակերպությունը ֆիքսում է դա և բարդում են սպառողի վրա: Իսկ ՀԾԿՀ-ն պայմանագրով չճշգրտեց այդ հարցը, թեև սա շատ գլոբալ ու կարևոր հարց է»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ դատական գործեր կան, որ հավելյալ գումար են գրում և սպառողին մուծել են տալիս. «Ասում են՝ օրինակ 30 օր սխալ է աշխատել, աշխատել է ցուցմունքի կեսով, վերահաշվարկ են անում, ինչ-որ թիվ են գրում ու պարտադրում, որ սպառողը վճարի մի բանի պատճառով, որի հետ կապ չունի»: Նա չբացառեց, որ կարող է սպառող-տեսուչ որոշակի համագործակցություն լինել, բայց այդտեղ էլ, ըստ նրա, սպառողը մեղք չունի, մեղքն ավելի շատ ընկերությանն է, որովհետև տեսուչը բոլոր դեպքերում ընկերության աշխատողն է. «Եթե ընկերությունը վնաս է կրում, դա իր ռիսկն է: Թող նորմալ աշխատողներ պահի, նման կեղծիքներ թույլ չտան»:
Ա. Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովին առաջարկել է իրենց նախաձեռնած ցանկացած փոփոխության մասին սպառողներին կամ քաղաքացիներին տեղյակ պահել աշխատանքների հենց սկզբից, ոչ թե ընկերության հետ գան որոշակի համաձայնության, հետո սպառողին տեղյակ պահեն. «Այդ դեպքում մեր կողմից որևէ առաջարկություն իրենք չեն ընդունում: Ես առաջարկում եմ, որ հենց սկզբից տեղյակ պահեն քաղաքացիներին, մենք էլ՝ որպես սպառողների շահերը ներկայացնող միություն, աշխատանքներին մասնակցենք հենց սկզբից: Գուցե մեր առաջարկությունները նորմա՞լ առաջարկություններ են, ու իրենք էլ տեղ տան դրանց»: