Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն որոշեց պատրաստել Ղարաբաղի թեմայով զեկույց` ադրբեջանամետ վերնագրով

Այս շաբաթ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում, ընդունվեց որոշում նախապատրաստել զեկույց Լեռնային Ղարաբաղի մասին, որը բավական հակահայկական կամ ադրբեջանահաճո վերնագիր ունի` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը»:

Ինչի՞ հետևանք է սա, ադրբեջանական լոբբինգի՞, տարածքային ամբողջականության սկզբունքին գերադասություն տալու Եվրոպայի քաղաքականությա՞ն, թե՞ սա, այնուամենայնիվ, պետք է համարել հայկական պատվիրակության թերացումը:

«Այդ կետերն այնքան կարևոր չեն: Դա ավելի շատ կապված է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների և հակառուսական այն տրամադրությունների հետ, որոնք կան ԵԽԽՎ-ում: Ուկրաինական ճգնաժամի` Ղրիմի, Դոնբասի ազդեցությունն է, որը բերեց նմանատիպ քվեարկության»,- կարծում է քաղաքագետ Սերգեյ Միասյանը:

Մինասյանի խոսքով`սրա պատճառն այն է, որ Հայաստանը Եվրոպայում ընկալվում է որպես Ռուսաստանի դաշնակից, քանի որ այստեղ ունի ռազմաբազա, ՀԱՊԿ-ի անդամ և այլ, և այլն, իսկ Ադրբեջանը` ոչ:

Կարդացեք նաև

«Հայաստանը մեկն է շատ քիչ երկրներից, որը միջազգային կառույցներում տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցում է Ռուսաստանին ,- մեզ հետ զրույցում ասում է Մինասյանը,- և այդ հանգամանքը չէր կարող չանդրադառնալ»:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ այդ զեկույցը որևէ կերպ չի անդրադառնա ո´չ բանակցային գործընթացի, ո´չ էլ բուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա. «Կարծում եմ` այդ զեկույցը կարժանանա նույն ճակատագրին, ինչ ԵԽԽՎ-ի` Ղարաբաղին վերաբերող նախորդ բոլոր փաստաթղթերը»:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համաձայն է, որ մեր թվարկած գործոնները հիմնական երեք պատճառներն են, ինչպես ասում են`«քիչ մը բոլորից»: Սակայն նա առավել կարևոր է համարում այն խնդիրը, որ Հայաստանը այս հարցում մինչ օրս չունի որևէ նախաձեռնություն:

«Մեր քաղաքական և պետական էլիտան, փաստորեն, նախաձեռնողականության առումով գտնվում է ամենացածր աստիճանի վրա, և եթե մենք սկզբից պասիվ ենք սկսել, դա չի նշանակում, որ այդպես պիտի շարունակվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` Հայաստանի նախագահները պետք է ձգտեին նոր գաղափարներ մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ու թեև երկրորդ նախագահը ժամանակին հայտարարել է, որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ գործող նախագահը պնդում է, որ միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում, պետք է գործեն միասին, այդուհանդերձ, այդ դիրքորոշումը վերին աստիճանի հեղհեղուկ է երևում իրական քաղաքականության մեջ և մասնավորապես Մադրիդյան սկզբունքներում.

«Կարծում եմ` սկզբունքային առումով խնդիրը դա է և, ինչպես ասացի, նախաձեռնությունների բացակայությունը»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պահանջել էր զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով: Այդ հարցը սեպտեմբերի 29-ին դրվել էր քվեարկության և մերժվել ձայների 41 կողմ և 74 դեմ հարաբերակցությամբ:
Իսկ հոկտեմբերի 1-ին, երբ քննարկման էր դրվել զեկույցի զեկուցողների նշանակման հարցը, Հայաստանի պատվիրակության անդամները, ի նշան բողոքի, լքել էին դահլիճը:
Հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու և չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս