Մհեր Սեդրակյանի որդին խոշոր հողատեր է
Ethics.am կայքը հրապարակել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Հիշեցնենք, որ 31-ամյա Դ.Սեդրակյանն այս տարվա օգոստոսի 29-ից զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2014թ.) Դ.Խաչատրյանը ներկայացրել է, որ ունի 300 միլիոն դրամ դրամական միջոցներ։ Եկամտի աղբյուրների բաժնում նա նշել է, որ ստացել է 240 միլիոն դրամի շահաբաժին։ Սակայն չի նշված, թե որ ընկերություններից է ստացված շահաբաժինը. այդ տեղեկատվությունը փակ է, կամ, ինչպես նշվում է հայտարարագրում, պաշտպանված։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Դավիթ Սեդրակյանը արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը և 100% բաժնետերն է։ Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ և «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության բաժնետերն է։
Ամենատպավորիչը, սակայն, կադաստրի պետի նորանշանակ տեղակալի անշարժ գույքն է։
Դավիթ Սեդրակյանը հայտարարագրել է 9 կտոր հողամաս, 3 հասարակական նշանակության շինություն և 1 արտադրական նշանակության շինություն։ Այս դեպքում ևս այլ մանրամասներ ներկայացված չեն, դրանք էլ են պաշտպանված։
Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2010թ. ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոց։