«Դժգոհության ալիք է բարձրացել, քանի որ բոլորը պատրաստ են 3,5% հարկ վճարել, միայն թե փաստաթղթեր չներկայացնեն». Վազգեն Սաֆարյան
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին և դրա հետ կապված դժգոհություններին` ասաց, որ դրա պատճառը մի քանի լուրջ բարդություններն են:
«Մեզանում փոքր ու միջին բիզնեսով և, մասնավորապես՝ առևտրով զբաղվողները, մինչև հիմա 3,5 % հարկ էին վճարում: Կառավարությունը, ընդառաջ գնալով նաև տնտեսության զարգացման խնդիրներին, որոշեց 1%-ի իջեցնել: Սակայն սա առաջացրեց լուրջ դժգոհություն, չնայած թվում էր, թե պիտի չառաջանա, քանի որ սա խնդիր էր դնում ստվերը կրճատելու, ճիշտ հաշվառելու:
Բայց քանի որ մեզանում ձևավորվել է մի այնպիսի ավանդույթ, որ փոքր ձեռներացությամբ զբաղվողները կապված են խոշոր ներմուծողների հետ և նրանցից են ապրանք ձեռք բերում, ապա այդ փաստաթղթաշրջանառությունը բարդություններ է առաջացնելու խոշոր ներմուծողների կամ մեծաքանակ ապրանք տվողների մոտ: Դա նրանց համար լինելու է ոչ հաճելի գործընթաց, նրանց տնտեսական գործառույթները Կառավարության կողմից վերահսկվելու են այս փոքր տնտեսվարողների կողմից պահանջվող փաստաթղթերով: Հենց սրա համար էլ այս խնդիրն առաջացել է»,- պարզաբանեց պարոն Սաֆարյանը:
Անդրադառնալով փոքր առևտրով զբաղվողների խնդրին` Վ. Սաֆարյանն ասաց, որ նրանք պատրաստ են 3,5% հարկ վճարել, միայն թե փաստաթղթեր չներկայացնեն.
«Այստեղ երկու բարդություն կա. նախ` չեն ցանկանում ավելորդ անգամ հարկային տեսուչներին իրենց մոտ տեսնել, հետո էլ` իրենց հարաբերությունները վատանալու են նրանց հետ, ումից նրանք ապրանքներ են վերցնում և մանրածախ առևտրով են զբաղվում: Մեր մոտեցումն այս հարցում այն է, որ քայլը ռազմավարական առումով ճիշտ է կատարված, բայց տակտիկական տեսանկյունից կարելի էր այն բաժանել ժամանակների և տարբեր էտապներում իրականացնել այս գործողությունը:
Նրանք, ովքեր ցանկանում են աշխատել առանց փաստաթղթերի, կարելի նրանց համար թողնել այդ 3,5% հարկ վճարելը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են փաստաթղթերով աշխատել և կարող են ներկայացնել, թող իջնեն 1% հարկ վճարելու մակարդակին: Երրորդ ճանապարհը հաստատագրված վճարի խնդիրն է, որը նույնպես կարող է շատ արդիական լինել. էլի փաստաթուղթ չներկայացնել և հաստատագրված վճարով աշխատել»:
Պարոն Սաֆարյանի խոսքով` իրենք Հանրային խորհրդի հետ քննարկել են այս հարցը, և այս մոտեցումները նաև նրանց են: Շուտով նրանք պետք է իրենց կարծիքը հայտնեն Կառավարությանը, որպեսզի գործընթացը էտապների բաժանվի և այդ երեք տարբերակներն առաջարկվի այդ ոլորտի մարդկանց, որ նրանք ընտրություն կատարեն. «Կարծում եմ` սա ինչ-որ ձև է այս լարվածությունը մեղմելու և օպտիմալ լուծում ստանալու համար»: