Հայկական պարադոքս. հարկման տոկոսադրույքն իջնում է, հարկային բեռը՝ մեծանում

«Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության կիրառման դեմ պայքարը հակասական զգացողություններ է առաջացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ:

Նրանք հրապարակայնորեն պայքարում են այդ փոփոխության դեմ՝ իրենց աջակցությունը հայտնելով փոքր և միջին ձեռներեցներին, բայց մյուս կողմից՝ համոզված են, որ փոքր ձեռներեցների դժգոհության հետևում կանգնած են խոշոր ներկրողներն ու մեծածախ առևտրականները:

Ընդդիմադիր պատգամավորները փորձում են իրենց համակրանքն արտահայտել մանր առևտրականների հանդեպ՝ մտածելով, որ նրանք ևս ընտրազանգված են, առաջիկա հանրահավաքի հավանական մասնակիցներ, և նրանց պետք է իրենց կողմը ներգրավել:

Օրինակ՝ ՀԱԿ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարում է, որ եթե «Շրջանառության հարկի մասին» օրենքն ուժի մեջ մտնի, Հայաստանում կարող են ևս մի քանի հարյուր կամ գուցե հազարավոր առևտրականներ կորցնել իրենց աշխատանքը և ստիպված կլինեն արտագաղթել: Արամ Մանուկյանն ասում է, որ ինքն այդ հարցը տվել է նաև ֆինանսների նախարարին, ով հաստատել է նման հավանականությունը՝ ասելով, թե չի բացառում, որ որոշ առևտրականներ կարող են դուրս գալ առևտրի ոլորտից: Արամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու կառավարությունը ստվերի դեմ պայքարը սկսում է ոչ թե վերևից՝ ստիպելով, որ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորեն խոշոր ներմուծողները և մեծածախ առևտրի կետերի սեփականատերերը, այլ սկսել է ամենաթույլ օղակից՝ մանրածախ առևտրականներից, որոնք մի կողմից՝ գտնվում են պետության` ի դեմս հարկային մարմինների, մյուս կողմից՝ մեծածախի ճնշման օղակում:

Եռյակի մյուս ներկայացուցիչ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղել ֆինանսների նախարարին, թե ինչ երաշխիքներ կան, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունը կհանգեցնի բյուջեի մուտքերի ավելացմանը և ոչ թե՝ հակառակը: Նա որպես օրինակ՝ բերել է «Շքեղության հարկի մասին» օրենքի ընդունում, որի արդյունքում բյուջեի մուտքերն ավելանալու փոխարեն՝ պակասեցին, քանի որ մարդիկ բարձր հարկերի պատճառով սկսեցին ավելի քիչ թանկ մեքենաներ ներմուծել: Մելքումյանի այս հարցը ևս մնացել է անպատասխան, քանի որ օրենքի կիրառման դեպքում միայն տեսանելի կլինեն դրա իրական արդյունքները:

Բայց նույն Արամ Մանուկյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ են անելու իրենք հետագայում, որն է լինելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության դեմ պայքարի մյուս հանգրվանը, ասում է, որ իրենք չեն այդ պայքարի նախաձեռնողը, իրենք միայն միացել են առևտրականների պայքարին, և այդ պատճառով ինքը չի կարող ասել, թե որը կլինի առևտրականների հաջորդ քայլը:

Իրականում ընդդիմության և նույնիսկ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ առևտրականներն իրենք շահագրգռված են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների կիրառմամբ, իսկ նրանց ցույցերի և դժգոհության են հրահրում խոշոր ներկրողները և մեծածախ առևտրականները:

Քանի որ մանրերը կախվածության մեջ են խոշորներից, նրանք ստիպված են լինում կատարել նրանց պարտադրանքը և պահանջել, որ իրենց հարկը լինի ոչ թե՝ 1, այլ՝ 3,5 տոկոս: Խոշոր ներկրողներն ու մեծածախ առևտրականները չեն ցանկանում աշխատել հարկային դաշտում և դրա համար պայքարի են մղում մանր առևտրականներին՝ իրենք թաքնվելով նրանց թիկունքում: Պատգամավորներն ասում են, որ երբ իրենք փորձում են պաշտպանել մանր առևտրականներին, իրականում կամ փաստացի պաշտպանում են այն խոշորների շահերը, ովքեր ուզում են աշխատել ստվերում:
Դրա համար պատգամավորները մի կողմից՝ պայքարի իմիտացիա են ստեղծում՝ ցույց տալով, որ իրենք պաշտպանում են մանր առևտրականներին, բայց մյուս կողմից՝ դեմ չէին լինի, որ այդ պայքարը որևէ հաջողություն չունենար:

Արդյո՞ք իշխանությունը բավարար կամք և հնարավորություն չունի՝ ստիպելու խոշոր բիզնեսին աշխատել հարկային դաշտում, այսինքն՝ հստակ փաստաթղթավորել իրենց առևտուրը: Հնարավոր է, որ կարող է, բայց կառավարությունը գնում է ամենահեշտ ճանապարհով. նա այդ բեռը դնում է մանր առևտրականների վրա: Կկարողանա՞ն մանր առևտրականները ստիպել, որ խոշորներն իրենց ապրանքի ձեռքբերման օրինական փաստաթուղթ տրամադրեն՝ լավ, հարկերը կավելանան, չե՞ն կարողանա՝ հարկային մարմիններն այդ գումարը կտանեն մանրերից՝ տարբեր տուգանքների միջոցով: Իսկ քանի որ Հայաստանում գործում է ուժեղի իրավունքը, ապա կարելի է չկասկածել, որ տեղի կունենա հենց երկրորդ սցենարը: Արդյունքում՝ կստացվի Չեռնոմիրդինի հայտնի ասացվածքի նման. Ուզում էինք անել լավ, ստացվեց՝ ինչպես միշտ: Ուզում էին իջեցնել փոքր և միջին ձեռներեցների հարկային բեռը, բայց իրականում բարձրացրեցին:

Տեսանյութեր

Լրահոս