«ԵԱՀԿ-ն վաղուց արդեն փլուզվել է». Անդրիաս Ղուկասյան

«Միջազգային հարաբերությունների ոլորտում ամենալուրջ խնդիրը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Եվրոպայի համար, որ հիմա կա, ԵԱՀԿ-ի փլուզումն է: Փաստ է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ի վիճակի չէ սպասարկել այն քաղաքական խնդիրները, որոնց համար ստեղծվել է: Հայաստանի համար այն ունի կարևորագույն նշանակություն, քանի որ 1992 թվականից, ինչպես հայտնի է, գործում է Մինսկի ֆորմատ՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Դրա նպատակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և բնականաբար սա Հայաստանին վերաբերող կարևորագույն խնդիրն է արտաքին հարաբերությունների ոլորտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչն է հիմք հանդիսանում ասելու համար, թե ԵԱՀԿ-ն այլևս չի գործում՝ մասնավորապես Մինսկի խումբը, Ա. Ղուկասյանն ասաց, որ այն բոլոր արժեքները, որի շուրջ ԵԱՀԿ-ն 1975թ. հավաքվել էր, այլևս չեն գործում.

«ԵԱՀԿ գլխավոր սկզբունքները երեքն են՝ Եվրոպայում բոլոր սահմանների անքակտելիության սկզբունք, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունք և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունք: Այս երեք սկզբունքներով ԵԱՀԿ-ն ի սկզբանե տարբերվել է ՄԱԿ-ից:

Սակայն, ինչպես տեսնում ենք, 2008-ից Եվրոպայում սահմաններն անքակտելի չեն, այսինքն՝ փոփոխվում են միակողմանի քաղաքական գործողությունների արդյունքում: Այս երևույթն արդեն անտեսելն անհնար է. Ուկրաինայի ճգնաժամը դա մատուցեց բոլորին: Այստեղ արդեն խոսել ԵԱՀԿ-ի արժեքային համակարգի մասին, անիմաստ է»:

Խոսելով նաև Ղարաբաղի հարցի մասին, պարոն Ղուկասյանն ասաց, որ այս հակամարտության լուծումը չի կարող գտնել Մինսկի խմբի շրջանակում. «Մենք անընդմեջ լսում ենք Սերժ Սարգսյանից այն հայտարարությունը, որ Մինսկի խումբը հանդիսանում է այն կարևոր օղակը, որի շրջանակում հակամարտությունը կարող է գտնել իր լուծումը, բայց դա ինձ թվում է՝ իրականությանը չի համապատասխանում: Արդեն տեսանելի է, որ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում չկա միասնություն ԵԱՀԿ սկզբունքների կիրառման հարցում: Տարբեր իրավիճակներում նրանցից յուրաքանչյուրը կիրառում է տարբեր սկզբունքներ և մեկնաբանում է տարբեր եղանակներով: Բնականաբար նման մթնոլորտում որևէ արդյունավետ լուծում չի կարող լինել»:

 

Տեսանյութեր

Լրահոս