Կարեն Կարապետյան. Բառերով մարդկանց չես կերակրի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:

– Վերջին օրերին փոքր և միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են կազմակերպում ԱԺ-ի մոտ: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի այսօրվանից կիրառվելիք փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել: Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ՞ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը:

-Ակնհայտ է, որ կա խնդիր, և այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել: Արտաքուստ իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տոկոսից նվազեցվել է 1 տոկոսի: Շատ գովելի Է նաև ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին: Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել փոքր ու միջին բիզնեսի միջոցով: Օրենքի այս փոփո-խությամբ, ըստ էության, կոնֆլիկտ ենք հրահրում փոքր ու խոշոր բիզնեսի միջև՝ փաստացի հիմ-նական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա:

Եթե դիտարկենք վերջին 10 տարիների դինամիկան, ապա ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին: Ավելին՝ որոշ ոլորտներում ձեւավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ: Հիմա հնարավոր է նոր «մսաղացի» մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վեջնարդյունքում փոքր բիզնեսով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորություններն էլ կորցնելու վտանգի առջև:

Շատ բնական է, որ օբյեկտիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկային գործակալների: Մի՞թե իսկապես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը և նրանց գործունեության ծավալները: Այդ դեպքում ինչի՞ համար են համա-պատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարավոր աշխատողները:

Մյուս կողմից, չանդրադառնալով տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նախևառաջ պետք է հաշվի առնենք, որ առեւտրով զբաղվող այդ մարդկանց կրթական ցենզը չափազանց տարբեր է, և, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առաջարկվող պահանջներից: Իսկ լրա¬ցուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարությունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողանում է իր օրահացի խնդիրները լուծել:

– Կառավարությունը, սակայն, համաձայն չէ նման մոտեցման հետ և կարծում է, որ դեռ մի բան էլ լավություն է արվել այդ մարդկանց:

Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով՝ հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իսկապես, կարծես, հարկային բեռի նվազեցում է կատարվում: Սակայն վերը բերված հանգամանքներն էականորեն վնասում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք պատրաստ են նույնիսկ փոքր-ինչ ավել վճարել, միայն թե համապատասխան մարմիններն անընդհատ չզզվեցնեն իրենց տարաբնույթ ստուգումներով ու փաստաթղթային քաշքշուկներով:

Այնինչ, օրենքի այս փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են սուբյեկտիվ հնարավորություններ, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում տասնյակ հազարավոր այդ մարդկանց, որոնց գերակշիռ մասն օբյեկտիվորեն տարրական պատկերացում չունի օրենսդրության նրբությունների ու խութերի մասին:

Ի վերջո, նրանք չեն կարող բոլորն իրավաբան կամ տնտեսագետ լինել: Ուստի հարկավոր է կոնկրետ լուծումներ գտնել, մասնավորաբար ցուցաբերել դիֆերենցված մոտեցում և որոշակի ոլորտներ տեղափոխել հաստատագրված հարկի դաշտ՝ խուսափելու ավելորդ քաշքշուկներից: Այդ դեպքում մարդը հստակ կիմանա, թե որքան է վճարելու պետությանը, և ըստ այդմ կիրականացնի իր գործունեությունը:

Հակառակ պարագայում այսօր մենք կանգնած ենք գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակն էլ ավելի մեծացնելու վտանգի առջև: Ի վերջո, այդ մարդիկ այսօր կարողանում են իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ բեռ չդառնալով պետության համար: Եթե նրանք էլ ձեռքները թափ տվեցին ու չկարողացան շարունակել իրենց գործունեությունը, պետությունը կարողանալո՞ւ է տեր կանգնել նրանց: Արդյոք պետությունը շահելո՞ւ է գործազուրկների կամ սոցիալական նպաստի հույսին մնացողների քանակի ավելացումից, առավել ևս, որ եղածների խնդիրները չեն կարգավորվում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս