Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:
2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):

Հովիկ Աբրահամյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին:
Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2010 թվականին: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: 2013թ. մթերվել է 790 տոննա խաղող՝ սեփական այգիներից: 2014թ. նախատեսվում է մթերել 800 տոննա:

2010-2013թթ. ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքներից: Ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կառավարությունը երկարաձգել է մինչև երեք տարի ժամկետով, բացի այդ Զարգացման հայկական գործակալությունը 50 տոկոսով համաֆինանսավորվել է Դուսելդորֆում ամենամյա ՊրոՎեյն ցուցահանդեսին այցելության և Անգլիայում ամենամյա Decanter World Wine Awards-ին գինիները ներկայացնելու ծախսերը:
Ընկերությունն առաջիկայում նախատեսում է նաև տարածքում ստեղծել անասնաբուծական ֆերմա: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի կարևոր նախաձեռնություններից է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության ներդրումային ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործընթացում, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Armas7 Armas6 Armas5 Armas4 Armas3 Armas2 Armas1

 

Տեսանյութեր

Լրահոս