Ինչու են վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին՝ ըստ Հովհաննես Իգիթյանի
«Անսպասելի էր, որ նրան գործից հեռացրել էին, որովհետև սովորաբար Հայաստանում ավելի վատ արարքների համար մարդկանց գործից չեն հեռացնում, և, հատկապես, այն պաշտոնյաներին, ովքեր մեծ ծառայություններ են մատուցել իշխող՝ Հանրապետական կուսակցությանը, հատկապես ընտրությունների ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու մասին:
Հ. Իգիթյանը նկատեց, որ այն շրջանը, երբ Սյունիքում ղեկավարում էր Ս. Խաչատրյանը, մեծ տոկոսներ էր «խփել» ընտրությունների ժամանակ. «Պարզ է, որ նրանից սպասում են ապագա ընտրությունների ժամանակ նույն տոկոսները, նույն գործողությունները: Այլ մարդ չի կարող այդքան ուռճացրած ձայներ բերի, որն արել է ինքը, սա է հիմնական պատճառը, որ նշանակել են: Հայաստանում, թե՛ մասնագիտական, թե՛ կրթական ցենզը ոչ մի նշանակություն չունի»:
Մեր հարցին՝ այսինքն՝ ապագայում ձայներ ապահովելու համա՞ր են նրան նորից նշանակել, Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց. «Այո, իհարկե, և՛ ընտրություններին, և՛ սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար»: