Սերժը՝ Լֆիկի օրթախ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Չեխիայում հնչեցրած հայտարարությանը. ««Առավոտի» երեկվա համարում հրապարակվել է Սերժ Սարզսյանի այս տարվա հունվարին Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման սղագրությունը։ Մինչ խոսելը, Սերժ Սարգսյանը հրահանգել է դահլիճից հանել տեսաձայնագրող սարքերը և սկսել է պատասխանել ներկաների հարցերին։ Ներկաներից մեկը՝ Արսեն անունով գործարարը, հարցրել է, թե «ինչո՞ւ է շաքարը երկրում մեկ մարդ ներկրում»։
Պատասխանը ուղղակի ցնցող է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, ձեր երկիրը այնքան փոքր է, այնքան քիչ բնակչություն ունի, որ շուկան չի՞ բավարարի մի քանի ներկրողների միջև կիսելու համար։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, եթե երկրի շուկան փոքր է, ապա մի հոգի՞ պետք է շաքար ներկրի։ Իսկ ցորե՞ն. Իսկ ձե՞թ։ Իսկ կարա՞գ…։
2.5 միլիոն բնակչությունը կհերիքի՞, որ մի քանի հոգի կոշիկ արտադրեն։ Իսկ արդյո՞ք մեր շուկան փոքր չէ, որպեսզի մեկից ավելի հաց թխողներ լիներ։ Որտե՞ղ է այն «գիծը». բնակչության այն «կրիտիկական թիվը», որից այն կողմ կարող են լինել մի քանի ներկրողներ ու արտադրողներ՝ 5 միլիոն. 10 միլիոն…։
Բնականաբար, չկան նման «գծեր» ու «կրիտիկական թվեր»։ Իսկ Սերժ Սաոգսյանի ասածը կարող է երկու մեկնաբանություն ունենալ։ Կա՛մ նա ուզում է ասել, որ շուկան փոքր է այդ պատճառով օբյեկտիվորեն միայն մեկ ներկրող կարող է լինել, կա՛մ շաքարի ներկրման մոնոպոլիան քաղաքական որոշման արդյունք է՝ մեկ հոգի պետք է ներկրի և վերջ։ Եթե գործ ունենք աոաջին տարբերակի հետ, ապա դա լավ չէ։ Դա խոսում է այն մասին, որ մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանը տնտեսության վերաբերյալ թյուր պատկերացումներ ունի։ Դա լավ չէ՝ հեչ լավ չէ։ Իսկ եթե գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, ապա դա ուղղակի հանցագործություն է։ Իիշխանությունը որոշել է, որ բացի Լֆիկից ուրիշ ոչ ոք իրավունք չունի շաքար ներկրել։ Հիմա ո՞ր տարբերակի հետ գործ ունենք։ Սա կարելի է հեշտությամբ պարզել հիմնվելով հրապարակային, վիճակագրական և խիստ պաշտոնական տվյալների վրա։
Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության, 2013 թվականին, «Ալեքս Գրիգ» ընկերությունից բացի, Հայաստան շաքար են ներկրել 46 կազմակերպություններ։ Նրանք բոլորը միասին Հայաստան են ներկրել 4 հազար 993 տոննա շաքար։ Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքար։ Եվ ուրեմն, շաքարի շուկայի 5 տոկոսը 46 կազմակերպություններ կիսում են միմյանց մեջ։
Անշուշտ, եթե շաքարի միայն 95 տոկոսն է ներկրում մի կազմակերպություն, դա ամենևին չի խոսում այն մասին, թե շուկան մոնոպոլիզացված չէ։ Վերը նշված 5 հազար տոննան ներկրում են հրուշակեղեն, կոնֆետեղեն, հյութեր արտադրող մի քանի ընկերություններ, որոնք դա օգտագործում են բացաոապես սեփական կարիքների համար և իրենց ներկրած շաքարի ոչ մի գրամ չեն հանում վաճառքի»։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։