Տավարի ոսկրոտ մսի փոխարեն՝ հնդկական արտադրության գոմեշի միս. դատարանի վճիռը գոմեշի մսի գործով

Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է գոմեշի մսի գործով ամբաստանյալ Ալբերտ Օհանջանյանի վերաբերյալ կայացրած վճիռը:

Ըստ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի՝ Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես հանձնակատար, ֆիզիկական անձ, 2010 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով պարտավորվել է 2011 թվականի ընթացքում գնել (մթերել) խոշոր եղջերավոր անասուններ կենդանի վիճակում, այնուհետև «Ա.Օհանջանյան» ՍՊ ընկերության միջոցով ողջ անասնագլխաքանակը ենթարկել սպանդի, կատարել հովացում, վերամշակում, փաթեթավորում, խորը սառեցում և երկարատև պահպանում` ընդհանուր առմամբ 2,126,998,904.4 ՀՀ դրամ արժողությամբ 1,164,668 կգ խոշոր եղջերավոր անասունի առաջին և երկրորդ կարգի ոսկորոտ միս ու առաջին կարգի ենթամթերք` ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարելու համար, սակայն հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, դիմելով խաբեության, այն է` տարբեր մարզերի համայնքներից անասունների վաճառքի վերաբերյալ տեղեկանքներ է ձեռք բերել, որոնցում անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է մտցրել, ձևակերպել բազմաթիվ կեղծ գնման ակտեր, որից հետո չարաշահելով իր, ՀՀ պաշտպանության նախարարության հանձնակատարի, նկատմամբ ձևավորված վստահությունը, վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որոնցով հիմնավորել, թե իբր կատարել է նշված պայմանագրով ստանձնած պարտականությունները, սակայն ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկորոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից տավարի ոսկորոտ մսի գնման համար 1 կիլոգրամը 1, 548 ՀՀ դրամ հաշվարկով ստացված գումարը հափշտակել է` ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126,936,000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ալբերտ Օհանջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն իրականացնելու մասին:

Կարդացեք նաև

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը նշել է պատճառված նյութական վնասը կամովին ամբողջությամբ հատուցելը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը (տվել է խոստովանական ցուցմունքներ), առաջին անգամ հանցանք կատարելը: Դատարանը նշել է նաև, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, դատապարտված և արատավորված չի եղել, վատառողջ է:

Այսիպիով` դատարանը վճռել է Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ լինելու ժամանակահատվածը` 2012 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2013 թվականի մայիսի 7-ը` 252 օրը և ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակվել 3 տարի 3 ամիս 18 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Միևնույն ժամանակ դատարանը վճռել է նշված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 4 տարի ժամկետով: Իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին թողնվել է անփոփոխ:

Նշենք, որ դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց:

 

Տեսանյութեր

Լրահոս