Սերժ Սարգսյանը ներկա է լինելու Նյու Յորքում կայանալիք «ԱրմԹեք»-ի համաժողովին

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա «ԱրմԹեք» 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքի «TKP» համաժողովների կենտրոնում: Այս անգամ համաժողովին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց համաժողովի կազմակերպիչներից Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԱրմԹեքը Նյու Յորքում առաջին անգամ է անցկացվելու և սպասվում է նոր հնարավորություններ կան գործարար և ներդրումային նոր հնարավորություններ հայտնաբերել, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ ԱրմԹեք 2014-ը կունենա ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից:

«Քանի որ ՀՀ նախագահն է գալիս, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն նոր ծրագրերի համար: Ակնկալում ենք նորաստեղծ կազմակերպությունների համար նոր հնարավորությունների բացահայտում, քանի որ Նյու Յուրքում բավականին զարգացած է ակսելերացիոն էկոհամակարգը, բավականաչափ մեծ քանակությամբ նոր ծրագրեր կան հատուկ նորաստեղծ ընկերությունների համար, և դրա համար նորաստեղծ շատ կազմակերպություններ են մասնակցում, նաև նոր ներդրումներ կարող ենք ունենալ՝ ընդլայնելու վենչուրային հիմնադրամի և նմանատիպ ծրագրերի գործունությունը: Առաջին անգամ կներկայացնենք մեր տարածաշրջանային ծրագրերը՝ Գյումրիում, Վանաձորում և Արցախում, որտեղից ևս մասնակիցներ կունենանք: Կարծում եմ՝ հատուկ շեշտադրում կարվի դեպի մարզեր ներդրումներ և ծրագրեր ներգրավելու վրա: Մի քանի կազմակերպությունների հետ ակնկալում ենք նոր ծրագրերի սկիզբ»,- ասաց Բ.Ենգիբարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ փոխվեց «ԱրմԹեքի» անցկացման վայրը և Սիլիկոնյան հովտի փոխարեն ընտրվեց Նյու Յուրքը, Բ.Ենգիբարյանը պատասխանեց, որ մինչ այս կայացած 6 համաժողովներից 3-ն արվել են Սիլիկոնյան հովիտում. «Բայց նկատեցինք, որ ԱՄՆ-ում նույնիսկ Արևմուտքից Արևելք դժվար են տեղափոխվում և մենք անընդհատ գործ ունեինք, թեև շատ հաջողակ, բայց նույն համայնքի հետ և, հաշվի առնելով Նյու Յորքի զարգացումները, վերջին տարիներին հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, նաև շատ հետաքրքիր հայ համայնքի առկայությունն այս ափին, փորձ ենք անում «ԱրմԹեքը» դարձնել ավելի արդյունավետ ու նոր հնարավորություներ բացել: Եվ արդեն զարմացած ենք այն մեծ հետարքրությամբ, որ կա, մեծ քանակի հետաքրքիր ելույթ ունեցողներ ու մասնակիցներ ունենք, որ նախկինում չէին գալիս: Այսինքն՝ մի երկում էլ մի ափից մյուսը հրավիրելն այնքան էլ հեշտ չի»:

Կարդացեք նաև

ՁԻՀ տնօրենը հայտնեց, որ այս համաժողովի վրա առնվազն 50 հազար դոլար կծախսվի՝ չհաշված մասնակիցների ներդրումներն իրենց տոմսերի և ճանապարհի վրա: Իսկ թե արդյոք ԱՄՆ-ում համաժողովի անցկացնելն արդյունավե՞տ է, Ենգիբարյանը պատասխանեց. «Միարժեքորեն ԱՄՆ-ում անցկացնելն արդարացնում է իրեն և ցույց է տվել, որ այն ԱՄՆ-ում բավականին հետաքրքիր պլատֆորմ է դարձել ինչպես ՀՀ իմիջի ձևավորման, այնպես էլ ծրագրերի և ներդրումների խթանման տեսանկյունից: Եթե հետաքրքիր չլիներ, այսքան ջանք չէինք գործադրի»:

Հիշեցնենք, որ առաջին «ԱրմԹեք» համաժողովը տեղի է ունեցել 2007թ., ԱՄՆ-ում` Սիլիկոնյան հովտում, որից հետո «ԱրմԹեք» համաժողովները կազմակերպվում են հաջորդաբար` Հայաստանում և ԱՄՆ-ում:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և «ՓիքսԱրթ» կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները:

Տեսանյութեր

Լրահոս