«Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է կատարվելու այն խորհրդարանում, որն առաջանալու է»
«Խորհրդարանական քաղաքական համակարգին անցնելու համար մի քանի պարտադիր պայմաններ են պետք. նախ` կայացած քաղաքական կուսակցություններ` իրենց բարոյական նկարագրով, գաղափարախոսությամբ և ներկայանալի անդամներով: Սա, ցավոք, մենք չունենք: Սրանում, իհարկե, մեղավոր են քաղաքական կուսակցությունների քաղաքական ղեկավարները:
Խորհրդարանական համակարգի կարևոր բաղադրիչն էլ կայացած քաղաքական կուսակցություններն են, բայց քանի որ դրանք կայացած չեն, հետևաբար` խորհրդարանական պետության անցնելն այս պայմաններում շատ վտանգավոր է դառնում: Պատճառն այն է, որ կուսակցությունների անվան տակ հանդես են գալիս շահերի խմբեր»,- նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր պատգամավորական կորպուսը չի լինելու շատ ավելի լավը, քան կա.
«Մենք վստահաբար նոր խորհրդարանում չենք ունենալու ավելի լավ պատգամավորական կազմ, քան կա: Հետո` մենք ունենք ընտրության քաղաքական հակամշակույթ, երբ Ոստիկանությունը չի տեսնում, իրավապահ մարմիններն էլ չեն նկատում: Մենք չենք կարող ասել, որ նախագահի ինստիտուտն իր մակարդակով, իր մոբիլիզացիոն ուժով, կոնսոլիդացնող հնարավորություններով հավասար է այսօրվա խորհրդարանին. միանշանակ մի քանի գլուխ բարձր է:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու այն խորհրդարանում, որն առաջանալու է: Այս կամ այն կերպ հիմա նախագահի ինստիտուտն այդ հարցերը կարգավորում է: Դա տանելու է պետականության քայքայման և լիկվիդացիայի հայաստանյան պայմաններում: Մենք ունենք պատմանական նախադեպեր. Հայաստանում անընդհատ իշխանությունն է տրոհվել, իսկ հիմա նախագահի ինստիտուտը դա լավ էլ վերահսկում է»:
Լ. Շիրինյանն առաջարկում է ներկա Սահմանադրությունը լավացնել, Միացյալ Նահանգներից մասնագետներ հրավիրել և այդ գործընթացը կազմակերպել: Նրա խոսքով` ներկա Սահմանադրության կատարելագործման պայմաններում էլ է հնարավոր կյանքի կոչել այն ծրագրերը, որ իշխանությունն առաջ է քաշում: Ըստ նրա` ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ մեզ շրջապատում են Ադրբեջանի, Թուրքիայի նման հարևան պետություններ, չափազանց վտանգավոր է խորհրդարանական համակարգին անցնելը, և այդ ուղղությամբ պետք է լուրջ քննարկումներ արվեն: