«ԲՀԿ-ն փորձում է ամեն ինչ տանել դեպի բոյկոտ, որպեսզի բոլոր ռիսկերը չեզոքացած լինեն». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ներքաղաքական վերջին զարգացումների և քառյակի հետագա հնարավոր քայլերի մասին, ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ քառյակի քաղաքական ուժերին ավելի շատ միավորում են տակտիկական նպատակները, քան ռազմավարական:

«Քառյակը կազմավորող ուժերի պատկերացումները ապագա զարգացումների վերաբերյալ, կարելի է ասել՝ տարբեր են: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» լավագույն դեպքում չեն բացառի «հեղափոխություն ներքևից» տարբերակը, այսինքն՝ ժողովրդական լայն մասնակցային շարժումներով: Իսկ ԲՀԿ-ն առաջին հերթին տեսնում է 2017-18թթ. ընտրափուլերի միջոցով սահուն իշխանափոխության տարբերակը»,- ասաց նա:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցի սեղանին դնելը, նշանակում է, որ առաջիկա զարգացումներում ջրբաժանի նշանակություն է ունենալու այդ խնդիրը, որը նաև գեներացնելու է քաղաքական գործընթացներ. «ՀՀԿ համար որքան կարևոր է սահմանադրական բարեփոխումների խնդիրը՝ իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու տեսանկյունից, նույնքան և կարևորվում է ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողմից խաղի կանոնների փոփոխություն թույլ չտալու տեսանկյունից: Որովհետև ԲՀԿ-ն ակնկալում է վերստին անել այն փորձը, ինչ արվեց 2012թ.՝ իրեն հասու եղանակներով. ստանալ քվեների մեծամասնություն և կառավարություն կազմավորելու իրավունք:

Թերևս սա է ԲՀԿ-ի անփոփոխ ռազավարությունը տարիներ շարունակ: Մի խնդիր, որը նա չկարողացավ լուծել 2012թ., բայց 2013թ. ապրիլին, կառավարության փոփոխության տեսքով, կարողացավ մասնակի լուծում տալ»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Կարդացեք նաև

168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի «այո»-ի դեպքում քառյակի մյուս ուժերն էլ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ը դոմինանտ ուժ է քառյակում, նա պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ՀԱԿ-ը երբևէ մասնակցի սահմանադրական բարեփոխումներին, դա նրանց մոտ սկզբունքային խնդիր է.

«Տեր-Պետրոսյանը կատեգորիկ դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը: ԲՀԿ-ի պարագայում չեմ բացառի, որ ինչ-որ տարբերակների դեպքում (2017-18թթ. զարգացումների հետ կապված ընդհանուր լեզու գտնելու կամ, այսպես ասած՝ թե ում՝ ինչ է հասնելու պայմանավորվածությունների ձեռքբերման տիրույթում) «այո» ասեն բարեփոխումներին: Բայց ԲՀԿ-ն փորձում է ամեն ինչ տանել դեպի բոյկոտ, որպեսզի բոլոր ռիսկերը չեզոքացած լինեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս