
Մարգարիտ. ավազահատիկի պատճառով ցավից տառապող խխունջի արցունք

Մարգարիտ առաջացնող խխունջները ապրում են քաղցրահամ ջրային ավազաններում: Խխունջի ներսն ընկած ավազահատիկը «անհանգստություն» է պատճառում նրան, և խխունջը ավազահատիկի շփումից խուսափելու համար այն պատում է սադաֆանյութով, որը կամաց-կամաց ավելանալով վերածվում է մարգարտահատիկի:
Ամենալավ մարգարիտները, որոնք նուրբ վարդագույն երանգ ունեն և զգալի մեծություն (մի քանի միլիմետրից մինչև 1.5 սմ), հանվում են Պարսկական ծոցի շրջանից:
Բնական մարգարտի գունային նրբերանգները մեծ մասամբ կախված են ծովաջրում եղած աղերի խտության աստիճանից:
Վարդագույն մարգարիտը, օրինակ, համաշխարհային շուկայում զգալիորեն ավելի թանկ է գնահատվում, քան մյուսները: Վարդագույն մարգարիտը աճում է այն ժամանակ, երբ ծովի ջրում դիտվում է մանգանի խտություն:
Ուսումնասիրությունները պարզել են, որ մարգարիտը կարող է գոյատևել 100-150 տարի:
Շատ ժողովուրդների մոտ տարածված է այն կարծիքը, թե մարգարիտը սիրո և տառապանքի քարացած արցունքներն են: Բայց իրականում այն ավազահատիկի պատճառով ցավից տառապող խխունջի արցունքն է:
Մարգարիտները «ծերանալով» մահանում են` քայքայվում և փոշիանում: Մարգարիտի գոյությունը կախված է նրա գոյության պայմաններից և խնամքից:
Լողանալիս, խոհանոցային աշխատանքների ժամանակ և շոգ եղանակին մարգարտյա մանյակները պետք է հանել: Մարգարիտի վրա բացասաբար են ազդում նաև գեղահարդարման միջոցները:
Պատրաստեց՝ Ռազմիկ Մարտիրոսյանը