«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով սկիզբ է դրվելու երկարատև մի նոր պատերազմի»

«Իսլամական պետության» զինյալները կրկին սպառնում են Մոսկվային ու խոստանում պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում : Ի՞նչ արդյունք են տվել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերը: Այս թեմաների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, ով ասաց, որ այստեղ այնքան կարևոր չէ սպառնալիքի հնչեցումը, որքան այս կառույցի ընդհանուր ռազմավարությունը:

«Նման սպառնալիքներ բազմիցս հնչել են թե նույն կառույցի կողմից՝ Ռուսաստանին ուղղված, և թե սիրիայի տարածքում գործող այլ ծայրահեղական կառույցների կողմից՝ ուղղված թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին և արևմտյան պետություններին: Սա հստակ գործելաոճ է «Իսլամական պետության կողմից», որի տրամաբանությունն է՝ մշտապես ռեյթինգային թեմա ստեղծել թե՛ ԶԼՄ-ի համար, և թե՛ դիվանագիտական դաշտում»:

Ըստ արաբագետի՝ կառույցը իր շարքերը համալրելու խնդիր ունի , իսկ դրա միակ ճանապարհը ամբողջ աշխարհին ծայրահեղ գաղափարներով գրավելն է. «Այսինքն՝ ի տարբերություն մյուս կառույցների՝ այս կառույցի համար ազգությունը կապ չունի: Սա համաիսլամական մի կառույց է, որը կենտրոնացած է Իրաքի տարածքում»,-ասաց նա:
Արաբագետը՝ խոսելով «Իսլամական պետության» դեմ ձևավորվող կոալիցիայի հնարավորությունների մասին, ասաց, որ այն լիարժեք չէ ո՛չ իր քաղաքականությամբ, ո՛չ արտաքին ուժերի ներգրավման առումով, իսկ պատճառն այն է, որ նրանք գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով սկիզբ է դրվելու երկարատև մի նոր պատերազմի: Ըստ նրա՝ «Իսլամական պետության» դեմ այս արշավը որևէ հանգուցալուծման հասնելու հեռանկար չի թողնում:

Նա նկատեց՝ առավելագույնը, որ կարող է անել այս կառույցը (ուղղված ոչ միայն Ռուսաստանի, այլև ընդհանրապես արտաքին ուժերի դեմ), առանձին ահաբեկչական հարձակումներ իրականացնելն է, այսինքն՝ կոնկրետ ռազմական ծրագրված հարձակումներ՝ որոշակի թիրախ հանդիսացող օբյեկտների դեմ:

Արմեն Պետրոսյանը հարկ համարեց պատմական էքսկուրս անցկացնել, որպեսզի ավելի պարզ դառնա կառույցի գործունեությունը, ընդգրկման աշխարհագրությունը.

«Կառույցը ստեղծվել է 2000-ական թվականների կեսերին Իրաքում, կոչվել է «Իրաքի իսլամական պետություն»՝ Իրաքի տարածքում գործող մոտ մեկ տասնյակից ավելի ծայրահեղական կառույցների , ինչպես նաև Սադամ Հուսեյնի վարչակարգի նախկին հատուկ ծառայությունների աջակցությամբ ու մասնակցությամբ: 2012-13թթ. այս կառույցը որոշում է ինքնուրույն մասնակցել սիրիական հակամարտությանը, իսկ մինչ այդ մասնակցում էր այլ կառույցներին աջակցելու ճանապարհով: 2013թ կառույցը վերանվանվեց «Իրաքի և Շամի իսլամական պետության», որը ստուգաբանելիս՝ հասկանում ենք, որ նպատակն է Իրաքի և Սիրիայի տարածքում ստեղծել իսլամական պետություն: Այս տարվա հունիսի 29-ից նրանք իրենց հռչակում են «Իսլամական պետություն», որը խոսում է կառույցի աշխարհագրության ընդլայնման մասին»:
Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս դիքորոշումն ու Ադրբեջանի զինյալների ընդգրկումն այս կառույց, արաբագետը անուղղակի սպառնալիք է տեսնում ԼՂՀ և Հայաստանի համար: Իսկ այս պահին սպառնալիքի կիզակետում մեր համայնքներն են Մերձավոր Արևելքում:

 

Տեսանյութեր

Լրահոս