Էդուարդ Շարմազանովը հանդիպել է բելառուս գործընկերոջը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարթակ է հանդիսանում խորհրդարանական ձևաչափը: Պարոն Շարմազանովն այս համատեքստում կարեւորեց երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որը կատարել է բավարար աշխատանք:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Պարոն Գումինսկին իր հերթին նշեց, որ Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:
Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Վիկտոր Գումինսկին իր հերթին կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն արդեն 10 տարի արդյունավետ գործում է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ընդգծեց, որ խորհրդարանականներն իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ նման ողբերգություններն այլեւս չկրկնվեն:
Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Տեսանյութեր

Լրահոս