Աթենքը նախանշեց 100-ամյակի իրավաքաղաքական բաժինը
Հայոց ցեղասպանության 100-ամյակի փուլը արդեն մեկնարկել է ընթացիկ տարվա հասկացողությամբ: Բնական է, որ մինչեւ առաջիկա տարվա վերջը ժամանակացույցերը լինելու են գերհագեցած` ոգեկոչական, հրատարակչական, ցուցադրական, քարոզչաքաղաքական աշխատանքներով: Այն ինչ տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի ժողովասրահում, աշխատանքներին տալիս է իրավաքաղաքական նշանակություն:
Ճիշտ է, որ ժխտողականության քրեականացման ճիգերի սկզբի ազդանշանը տրվել էր նախ Շվեյցարիայում, Սլովակիայում եւ ապա Ֆրանսիայում, այսուհանդերձ առաջինի դեպքում ժխտում-քրեականացում-բողոք եւ վերադիմում ընթացակարգը հարցի քննարկումը տեղադրեց պարանաձգության պարունակում, մինչ Փարիզի դեպքում սենատից խորհրդարան եւ խորհրդարանից սենատ ու սահմանադրական դատարան ոլորապտույտը առկախեց քրեականացման ընթացակարգը: Եվ այս առումով, Հունաստանի խորհրդարանի ամսի 9-ի քվեարկությունը առկախումների կամ ոլորապտույտների տեղ չի թողում:
Իհարկե, որոշումը կամ ժխտման դատապարտումը միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Մարդկության դեմ կատարված ոճիրները ժխտելու քաղաքական մղումով վավերացված օրինականացումներ են, որոնց շարքում` Հայոց ցեղասպանությունը: Եվ այստեղ է, որ ի տարբերություն Ֆրանսիայի երկակի չափանիշներին, բացառումն է, որ երեւում է: Ընկալելի չէ, որ Ֆրանսիայի տարածքում հրեական ողջակիզումը հերքողը քրեականացվի, մինչ իրավականորեն անհետեւանք մնա Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնողը: Այս շրջածիրում էր, երբ Փերինչեքի բողոքարկմանն ընթացք տալով Մարդու իրավունքների եւրոպական դատարանը առարկեց, որ միջազգային ընդհանուր համաձայնություն չկա Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Մարդու իրավունքների եւրոպական դատարանը եվրոպական կառույց է, իսկ Եվրոպան իր ընդհանուր խորհրդարանով համաձայնության էր եկել այս հարցի շուրջ` դեռեվս 1987-ին:
Հիմա, այն ռազմավարությունը, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ու Հայ դատի հանձնախմբերը որդեգրել են` եվրոպական երկրներում ժխտողականությունը քրեականացման տանելու, թվում է, որ փուլ առ փուլ իրագործման ընթացքի մեջ է: Եվ հենց ա՛յս կետն է փաստորեն, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարային: Օրենքի ուժ չունեցող որեւէ բանաձեւ ճիշտ է, որ քաղաքական շատ մեծ կարեւորություն է ներկայացնում: Ի վերջո. ամբողջ մի երկրի ու մի պետության ճանաչումն է եւ միաժամանակ դատապարտումը` Ցեղասպանության:
Սակայն, եթե բանաձեւը օրենքի ուժ չի ստացել, այն կարելի է ժխտել օրը ցերեկով նույն այդ ընդունած եւ դատապարտած երկրի տարածքում: Անշուշտ, միայն սա չէ ժխտողականության քրեականացման առավելությունը:
Խնդիրը՝ հարցի հետապնդման աշխատանքների իրավական դաշտի տեղափոխումն է:
Եվ իրավական ասելով պետք է հասկանալ ոչ միայն չժխտելու իրավունքի վերականգնումը, այլ նաեւ ընդհանրապես Ցեղասպանության հետ կապված բոլոր հետեւանքների իրավական հատուցումը:
Հունաստանի որոշումը 100-ամյակի առիթով հետզհետե ձեւավորվող մեր աշխատանքների իրավաքաղաքական բնույթի կարեւոր նախանիշ է` իբրեւ հաջող սկիզբ: Սա հուշում է, որ եթե ժխտողը պիտի հատուցի, պիտի հատուցի նաեւ ժխտվող Ցեղասպանության պատասխանատու այսօրվա պետությունը իր նախորդների իրականացրածների բոլոր հետեւանքները վերացնելու համար: Անհատական, կալվածային, եկեղեցական թե տարածքային:
Աթենքը նախանշեց 100-ամյակի աշխատանքների իրավաքաղաքական բաժինը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր