Ցույց Կառավարության և գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի
Սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների կողմնակիցները:
Նրանք՝ «Հավատում ենք Ձեզ, պարոն նախագահ, օգնեք մեզ», «Հավատում ենք Ձեզ, պարոն վարչապետ, օգնեք մեզ», «Վստահում ենք Ձեզ, պարոն Կոստանյան», «Տղաներն անմեղ են», «Արդար դատաքննություն», «Ո՛չ սաքունցներին» և այլ պաստառներ պարզած ՀՀ ղեկավարության և ողջ ազգաբնակչության ուշադրությունն էին հրավիրում խնդրի նկատմամբ:
Դիլոյանի և Վերանյանների հայրերը, ընկերներն ու հարազատները կառավարության անունից իրենց լսելու եկած քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրին շուրջ 1 տարի ընթացող դատավարության (առաջին նիստը տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 17-ին), երկարատև ձգձգումները:
Ներկաները Ղազարյանի ուշադրությունը բևեռեցին հանգամանքին, որ գործում ներգրավված է եղել 4 դատախազ, մեկը թոշակի է անցել, մյուսը՝ ընդունվել է արդարադատության ակադեմիա՝ դատավոր նշանակվելու ակնկալիքով, մյուս երկուսն էլ գրեթե նույն ժամանակամիջոցում արձակուրդ են գնացել, վկաներին բերման ենթարկելու որոշումները քանիցս չեն կատարվել և այլն՝ խնդրելով ՀՀ վարչապետի աջակցությունը՝ թույլ չտալու համար դատական պրոցեսի անհարկի երկարաձգում: Քանի որ բաց և հրապարակային դատավարության ընթացքում հանրությանը պարզ է դարձել, որ մեղադրյալներ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանն անմեղ են, սակայն նրանց բաց թողնելու փոխարեն անհիմն հետաձգում են դատական նիստերը:
Ա. Ղազարյանը հայտնեց, որ կառավարությունը և վարչապետը ուղղակի ազդեցություն չունեն դատարանի վրա, բայց ասաց, որ հաշվի առնելով հավաքվածների խնդրանք-պահանջը՝ ինքն այդ մասին տեղյակ կպահի վարչապետին: Ապա ընդունեց և լսեց Ս. Դիլոյանի և Ա. Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին, ով հավաքին ներկա չէր, և երկու ժամ անց ժամանեց Վանաձորից:
Կառավարության առջև հավաքվածները հանդիպեցին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ նրան ևս ներկայացնելով հարցի էությունը: Նա ասաց, որ մարդկայնորեն հասկանում է հավաքվածներին, սակայն ինքը որևէ լիազորություն չունի ազդելու դատարանի գործունեության վրա:
Ի դեպ, ցույցի ընթացքում ՀՀ կառավարության շենք է մտել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով չէր կարող չնկատել հավաքվածներին և շուրջ մեկ տասնյակ պաստառների բովանդակությունը:
Ցույցի մասնակիցները իրենց պահանջները ներկայացրին նաև ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, որտեղ էլ պաշտպան Հակոբյանին ընդունեց գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Աղամալյանը:
Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց. «Ինձ հրավիրել էին, որպեսզի ներկայացնեմ գործի իրավական կողմը: Երկու կառույցներում էլ ուշադիր լսել են իմ հիմնավորումները՝ կապված իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների արհեստածին լինելու, դրանց հիմքում դրված ապացույցների անթույլատրելիության, մի մասի՝ կեղծ լինելու, Դիլոյանի և Վերանյանի անմեղությունը հաստատող ապացույցների վերաբերյալ: Որից հետ թե Ղազարյանը, թե Աղամալյանը վստահեցրել են, որ ժողովրդին հուզող հարցերը, խնդրանքը, ինչպես նաև փաստաբանի ներկայացրած հիմնավորումները գործի մասին, կզեկուցվի իրենց վերադասներին»: