Վրաստանի վարչապետը վերստին հայտարարել է, որ ինքն է մասնակցելու ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վերստին հաստատել է, որ մեկնելու է Նյու Յորք, ուր սեպտեմբերի 21-30-ին տեղի է ունենալու ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանը:

Գարիբաշվիլին լրագրողներին հայտնել է, որ վարչապետը հանդիսանում է երկրի գործադիր իշխանության ղեկավար, ինչի համար էլ որոշվել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու է երկրի վարչապետը, այսինքն՝ ինքը: Նրա խոսքերով՝ արդեն իսկ կազմված է պատվիրակություն, հստակեցված են պատվիրակության անդամները:

Գարիբաշվիլին որևէ խնդիր չի ակնկալում այդ հարցում՝ չնայած նրան, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սրանից առաջ հայտարարել է, որ ինքն է մասնակցելու ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին, քանի որ հուլիսի սկզբին հրավեր է ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:

Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին փոխարտգործնախար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ եթե Վրաստանից երկու պատվիրակություն մեկնի Նյու Յորք, ապա դա կվնասի երկրի իմիջը՝ ընդգծելով, որ դա նաև կլինի աննախադեպ իրադարձություն, երբ մի երկրից միանգամից երկու առաջնորդ մասնակցի ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին:

Տեսանյութեր

Լրահոս