Վրաստանի վարչապետն ու նախագահը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահն ու վարչապետը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե իրենցից ով է մասնակցելու սեպտեմբերի 21-30-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին:

Վրաստանի ԱԳՆ-ը պնդում է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում երկիրը պեըք է ներկայացնի միայն մեկ պատվիրակություն, որը գլխավորելու է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վրաստանի ԱԳՆ-ը սխալ է համարում նստաշրջանին առանձին պատվիրակությամբ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու մասնակցությունը:

Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին երկու պատվիրակություն ուղարկելը լրջորեն կվնասի Վրաստանի իմիջը: Զալկալիանին հիշեցրել է, որ անցյալում չի գրանցվել նման նախադեպ, որ այդ միջոցառման ժամանակ մեկ երկրից ներկայացված լինի երկու առաջնորդ:

Վրաստանի նախագահն իր հերթին ավելի վաղ պնդել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից: Նախորդ շաբաթ Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Մարգվելաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է, որ մտադիր չէ հրաժարվել Բան Կի Մունի հրավերից:

Տեսանյութեր

Լրահոս