Մասիս Մայիլյան. Հնարավոր է` Մինսկի խումբն այս անգամ էլ դիմանա փորձությանը
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը պատասխանել է 168.am-ի մի քանի հարցերին
– Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 4-ին Ուելսում ամերիկյան նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջև: Ըստ Ձեզ` այն դրական ազդեցություն կունենա՞ բանակցային գործընթացի առաջխաղացման և նաև հակամարտության գոտում հետագա բախումները կանխելու առումով:
– Նախագահների հանդիպումը օգտակար եմ համարում: Ակնկալիքներ չունեմ, որ այս հանդիպումից հետո բանակցային գործընթացում կլինեն էական փոփոխություններ, սակայն բարձր մակարդակով շփումները, որպես կանոն, նպաստում են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
– Ձեր կարծիքով` այս հանդիպումը որքանո՞վ էր կապված Սոչիի գագաթաժողովի հետ, որը կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահի ջանքերով: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Միացյալ Նահանգներն այս միջնորդությամբ, այսպես ասած, դուրս բերեց հակամարտության կարգավորումը «ռուսական ազդեցությունից»: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
– Կարծում եմ` չնայած ուկրաինական իրադարձությունների հետևանքով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը, այս երկրները դեռևս շարունակում են համագործակցությունը ղարաբաղյան հարթակում: Այսպիսի դեպք արդեն եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պատմության մեջ, և հնարավոր է` Մինսկի խումբն այս անգամ էլ դիմանա փորձությանը:
– Ուշագրավ է, որ առաջիկայում կլինի ևս մի եռակողմ հանդիպում` այ անգամ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: Այս նոր ձևաչափը չի՞ կարող հանգեցնել Մինսկի խմբի փլուզմանը:
– Սոչիում և Նյուպորտում վերջին երկու հանդիպումների նախաձեռնողները` համապատասխանաբար Ռուսաստանի նախագահը և ԱՄՆ-ի պետքարտուղարը, հրապարակայնորեն իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին: Այդպես կարող է վարվել նաև Ֆրանսիայի նախագահը: Այսինքն` Մինսկի խմբի համանախագահող երկրներն առայժմ չեն հավակնում ինքնուրույն միջնորդական գործունեությանը: