ՄԻՊ-ն առայժմ կուտակայինի հարցով չի դիմի ՍԴ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ինչպես հայտնի է՝ օրենքում որոշ փոփոխություններ կատարվեցին: Մասնավորապես՝ պարտադիր վճարը սկսեցին կոչել նպատակային սոցիալական վճար, այն վճարելուց չեն կարող հրաժարվել պետական աշխատողները. կատարվեցին այլ փոփոխություններ ևս:

ՀՀ օմբուդսմենի՝ սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք նոր օրենքի դրույթները համապատասխանո՞ւմ են ՀՀ սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանի` ապրիլի 4-ի կայացրած որոշմանը, նշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքով լուծվեցին մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք ընդգծվել էին ՍԴ որոշման մեջ: «Մասնավորապես՝ դրանցից ամենակարևորը կուտակային վճարումների հարցն էր: Կուտակային վճարի ամբողջ ինստիտուտը հակասում էր անձի սեփականության իրավունքին: Այդ հարցը նույնպես լուծվեց: Բանն այն է, որ գործող օրենքում նպատակային սոցիալական վճարի ինստիտուտի բանաձևն արդեն մատնանշվում էր ՍԴ որոշման մեջ, որովհետև, երբ ՍԴ-ն մի շարք կետերով մեկնաբանում էր, բացատրում էր, որ ի սկզբանե ճիշտ, նպատակահարմար չի եղել վերացնել սոցիալական ապահովության ինստիտուտը, միացնել այն եկամտահարկի հետ, հատուկ ընդգծվում էր նրա նշանակությունը՝ ի տարբերություն եկամտահարկի:

Այն վճարվում է նպատակային՝ անձի կենսաթոշակային տարիքում նրան ապահովելու նպատակով՝ ի տարբերություն եկամտային հարկի, որը պետությանը հնարավորություն է տալիս այն հետագայում տնօրինել լայն հայեցողությամբ: Այսինքն՝ այս իմաստով կարելի է ասել, որ նորամուծություն համարվող սոցիալական վճարը լուծեց հակասահմանադրականության խնդիրը: Այժմ մենք ունենք գուցե տեխնիկապես կուտակային վճարմանը մոտ, բայց բովանդակային տարբեր մեկ այլ պարտադիր վճար, որը համապատասխանում է Սահմանադրության 45-րդ հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք պարտավորություն ունի կատարել օրենքով սահմանված կարգով հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ: Միաժամանակ այն գնում է պետական բյուջե և այնտեղից նոր ուղղորդվում է ֆոնդերի կառավարիչներին: Ստացվում է նաև, որ պետությունը մասնակցություն է ունենում այդ սոցիալական վճարների կառավարմանը, և գործընթացը դառնում է ավելի թափանցիկ և վերահսկելի: Սա եղել է հենց նոր նախագծի հիմքում փոփոխությունը»,- ասաց օմբուդսմենի խորհրդականը:

Նրա խոսքով՝ նոր օրենքով լուծվել է նվազագույն աշխատավարձի հետ կապված խնդիրը: «ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք: «Նվազագույն աշխատավարձ» սահմանադրական եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է, որ աշխատողի փաստացի աշխատավարձն օրենքով նախատեսված նվազագույնից պակաս լինել չի կարող, որովհետև դա պետք է կենսական նվազագույն որոշակի խնդիրների լուծում ապահովի: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սահմանադրաիրավական այս մոտեցումը չի դրել տվյալ հիմնախնդրի օրենսդրական կանոնակարգման հիմքում, և փաստացի իրավակարգավորումը ներդաշնակ չէ Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջներին»,- անդրադառնալով այդ խնդրին՝ իր որոշման մեջ նշել էր Սահմանադրական դատարանը:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում Տաթևիկ Խաչատրյանն ասաց, որ այժմ ստացվում է՝ գործատուն է վճարում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար: «Մի շարք այլ խնդիրներ էլ լուծվեցին,- ասաց նա` շարունակելով,- Միևնույն ժամանակ երևան եկան նոր խնդրահարույց հարցեր, որոնց վրա տարբեր խմբեր սկսեցին ուշադրություն դարձնել: Մասնավորապես, շատերի զայրույթն առաջացրեց այն հարցը, որ արդեն իսկ պարտադրված սոցիալական վճարի համակարգին միանում են 1974թ. հետո ծնված պետական ծառայողները, սակայն մասնավոր սեկտորի վրա դա պարտադիր կարգով կտարածվի միայն 2017թ. հունվարի 1-ից: Շատերը շտապեցին հանդես գալ այն եզրահանգմամբ, որ սա խտրականություն է: Իրականում շատ դժվար է միանշանակ ասել, թեկուզև առաջին հայացքից առերևույթ հարցը խնդրահարույց է: Նախևառաջ պետք է պարզել, թե ի՞նչ է խտրականությունը: Եթե խտրականությունը նկարագրենք իր հիմնական բանաձևով, այն միևնույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցումն է՝ առանց օբյեկտիվ և պատճառաբանված հիմքերի: Արդյոք պետական և մասնավոր սեկտորներում աշխատող անձինք գտնվո՞ւմ են նույն իրավիճակում: Այո, որովհետև նրանք երկուսն էլ ծնված են 1974թ. հետո: Արդյոք սա տարբերակված մոտեցո՞ւմ է: Այո, որովհետև մեկի վրա վճարելու պարտավորություն է դրվում, մյուսի վրա՝ ոչ: Հարցն այստեղ է՝ արդյոք օբյեկտի՞վ, պատճառաբանվա՞ծ են հիմքերը: Երբ նախագիծը մշակվում էր, կառավարությունը պատճառաբանեց, որ համակարգը, միևնույն է, պետք է ներդրվի, և սա արվում է փուլային, որպեսզի չուշացվի, որովհետև սերունդների համերաշխության մոդելից անհատական կուտակման մոդելի անցումը շատ ցավոտ և երկար պրոցես է, և նրանք իրենց համար առաջնահերթություն էին դրել հնարավորինս շուտ կատարել այդ անցումը: Պատճառաբանվեց, որ սա անհրաժեշտ է այնքանով, որքանով որ հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանային, և նրանք, էական ֆինանսական, հարկային բեռ չեն կրի:

Միանշանակ ասել՝ սա խտրականությո՞ւն է, թե՞ ոչ, իրականում շատ դժվար է, որովհետև, ի վերջո, պարտավորությունը սահմանվելու և տարածվելու է բոլորի վրա: Այսինքն՝ եթե նույնիսկ դա տարբերակված մոտեցում է, դա տևելու է մինչև 2017թ.՝ կոպիտ հաշվարկով` 2.5 տարի` այն բացառությամբ, որ մասնավոր սեկտորում աշխատողները ցանկության դեպքում կարող են միանալ համակարգին: Վճարում կատարել չցանկացողների համար ևս մեխանիզմ է նախատեսված օրենքում: Նրանք մինչև օրենքով սահմանված ժամկետը կարող են դիմում ներկայացնել սոցիալական վճարներից հրաժարվելու համար, և նրանց համար պետք է վերահաշվարկ կատարվի»:

Մեր հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը պատրաստվո՞ւմ է օրենքի հետ կապված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, օմբուդսմենի խորհրդականը պատասխանեց. «Առայժմ ոչ, որովհետև մենք չենք տեսնում լուրջ, ուժեղ հիմքեր սահմանադրականության հարց վիճարկելու համար: Գոնե այս փուլում իրականում այդ հիմքերը չկան: Եթե հետագայում հիմքեր առաջանանգ մենք միշտ հետամուտ ենք լինում, որպեսզի ցանկացած իրավական ակտ սահմանադրության հետ համապատասխանության մեջ գտնվի, և շատ հաճախ ենք այդ հարցերով դիմում Սահմանադրական դատարան: Այս պահին՝ ոչ, բայց ամբողջ այս կուտակային բարեփոխումների գործընթացում մենք ուշի-ուշով հետևել ենք զարգացումներին և մշտապես արձագանքել ցանկացած խնդրահարույց կարգավորման, որը մենք նկատել ենք այդ իրավական ակտերում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս