Տեղադրվել են նոր արագաչափ սարքեր. անվտանգ երթևեկությո՞ւն, թե՞ արդյունավետ բիզնես

Ինչպես հայտնի է, Հանրապետության ճանապարհներին՝ մասնավորապես 6 դպրոցներին կից տարածքներում, սեպտեմբերի 1-ից գործում են նոր արագաչափ սարքեր:Այս մասին այսօր առավել մանրամասն խոսեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Դավթաշեն, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Արշակունյաց, Ավետիս Ավետիսյան և այլ փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործելու են շուրջօրյա, բայց առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ը թույլատրված արագությունը կլինի 40կմ/ժ, իսկ մնացած ժամերին կգործի 60կմ/ժ թույլատրված արագություն.«Այսօր փորձեցի իմանալ, թե քանի խախտում է արձանագրվել, բայց ինձ ասացին, որ տվյալ պահին չեն կարող ասել, քանի որ դա ծրագիր է, այդ ծրագիրը պիտի ավարտվի, հետո նոր կկարողանան տեղեկություններ տրամադրել, այսինքն՝ երևի արդեն վաղը-մյուս օրը կարող ենք իմանալ այդ տվյալները»:

Ի՞նչ նպատակով են դրանք տեղադրվել. արդյո՞ք անվտանգ երթևեկությունն ապահովելու, թե՞ սա հերթական արդյունավետ բիզնեսն է: Անդրադառնալով այս հարցին՝ Է. Հովհաննիսյանը նախ ՝ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության տեսակետը.

«Բնական է, որ նրանք ասացին` անվտանգ ճանապարհային երթևեկություն, ինչպես նաև երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով են դրանք տեղադրվել: Նրանց ներկայացրած այս տեսակետն իրոք հիմնավորվում է անցած տարվա տվյալներով՝ ըստ որոնց երեխաներ շրջանում մահ չի գրանցվել ճանապարհային պատահարների արդյունքում:

Ես՝ ինքս, այս նոր սարքերի տեղադրման հարցում ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Սա միանշանակ դրական տեղաշարժ է: Այդ սարքերը դեռ ավելի շուտ պետք է տեղադրեին: Այդ երեխաների մասին ամենավերջում հիշեցին: Ոչ թե 6, այլ բոլոր դպրոցներին հարակից տարածքներում էլ պետք է տեղադրվեին»:

Խոսելով ճանապարհներին կատարված գծանշումներից և ճանապարհային այլ նշաններից՝ Է. Հովհաննիսյանն ասաց, որ դրանք ՃՈ-ի թույլ տեղերն են.«Խոսքը հատկապես Երևան քաղաքին է վերաբերում, քանի որ ճանապարհային երթևեկության կազմակերպումը Երևանում ՃՈ-ին է լիազորված: Կա Կառավարության որոշում, կա դրա կիրառման և տեղադրման կարգը, սակայն դրան չեն հետևում. հաճախ գծանշումն ու ճանապարհային նշանը միմյանց հակասում են: Դրա հետևանքով ունենք բազմաթիվ անհիմն տուգանքներ: Հետիոտնային անցումների գծանշումները վերջին շրջանում անցկացնում են հենց խաչմերուկին: Որպես վառ օրինակ՝ կարող եմ ասել Բաբայան և Ազատության պողոտաները: Անցումի երկարությունն էլ մոտ 50-60 մետր է: Նրանք պատճառաբանում են, որ հաշմանդամություն ունեցողների համար է այդպես արվում, քանի որ թեքահարթակները այդ մասերում են տեղադրված, բայց նման բան ո՞վ է տեսել, դա ի՞նչ պատճառաբանություն է: Ինչո՞ւ ՃՈ-ն և Քաղաքապետարանը չեն համագործակցում միմյանց հետ՝ նման խնդիրներից խուսափելու համար»:
Ամփոփելով իր խոսքը՝ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ չնայած որոշ առաջխաղացումներին և դրական տեղաշարժերին՝ ճանապարհային երթևեկության ընդհանուր համակարգում կան մի շարք լուրջ բացթողումներ, թերություններ, որոնց պետք է կարճ ժամանակում լուծում տալ:

 

Տեսանյութեր

Լրահոս