Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հաջորդ շաբաթ ժամանելու է Թուրքիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին:

Նրա խոսքերով` Հեյգելը նախ մասնակցելու է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչից հետո նա կայցելի Վրաստան, ապա նաև` Թուրքիա: Կիրբին ուշադրություն է հրավիրել, որ Հեյգելն առաջին անգամ է Պենտագոնի ղեկավարի կարգավիճակով այցելում Թուրքիա.

«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է: Հաշվի առնելով Սիրիայի ու Իրաքի հետ Թուրքիայի սահմանակցելու հանգամանքը` անհրաժեշտ է ընդգծել, որ այդ երկիրը կիսում է մեր խորը մտահոգությունը` կապված «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից տարածաշրջանային սպառնալիքի հետ»:

Կիրբին մանրամասնել է, որ Հեյգելը Թուրքիայում հանդիպելու է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և պաշտոնատար այլ անձանց հետ` ընդգծելով, որ Հեյգելի թուրքական այցը կարևոր դեր կխաղա նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս