
ԵՄ-ը որոշել է ուկրաինական հակամարտությունը կարգավորել երկու ճանապարհով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն դրան զուգահեռ դիվանագիտական ուղիներ է փնտրելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար:
Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով երեկ նշանակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար` տվյալ պաշտոնում փոխարինելով Քեթրին Էշթոնին:
Մոգերինին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք աշխատելու ենք պատժամիջոցների մակարդակի վրա, մենք նաև պետք է բաց պահել դիվանագիտական կարգավորման ուղիները` հուսալով, որ այդ համադրումը կլինի արդյունավետ»:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում կընդունի մեկ շաբաթվա ընթացքում: ԵՄ-ի «սև ցուցակը» համալրվելու է ավտոմատ ձևով: ԵՄ-ի պատժամիջոցների տակ ավտոմատ ընկնելու են այն բոլոր անձինք ու կազմակերպությունները, որոնք կապված են Ուկրաինայի արևելքի զինյալների հետ: