ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 63 զինծառայողի, իսկ Ուկրաինան ՌԴ-ին` 10 դեսանտայինի
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն Ուկրաինային հանձնել է 63 զինծառայող, որոնք ավելի վաղ ապաստան են խնդրել Ռուսաստանում` հատելով սահմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Օդա-դեսանտային զորքերի փոխհրամանատար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռոգոզինը:
Նրա խոսքերով` ուկրաինացի զինծառայողները գտնվել են Ռոստովի մարզի տարածքում` վրանային ճամբարում, ուր նրանք ստացել են ամեն անհրաժեշտ օգնություն: Այսօր ռազմափոխադրման ինքնաթիռը նրանց հասցրել է Բելգորոդի օդանավակայան, ուր նրանց ավտոբուսներով տեղափոխել են «Նեխոտեևկա» անցակետ` ուկրաինական կողմին հանձնելու համար:
Օգոստոսի 27-ին ուկրաինացի 63 զինծառայող օգնության խնդրանքով դիմել էին ռուս սահմանապահներին, ինչից հետո նրանց թույլատրել էին մուտք գործել Ռուսաստան: Սրանից առաջ էլ Կիևն ազատ է արձակել 10 ռուս դեսանտայինների, որոնց օգոստոսի 26-ին ձերբակալել են Ուկրաինայի տարածքում: