Ուղեցույց. Գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի արտահանում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի խմբաքանակի համար անհրաժեշտ է ձեռք բերել հետևյալ փաստաթղթերը՝

ՔԱՅԼ 1. Արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրա¬արդյունաբերական պալատի կողմից` ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Արտահանողից պահանջվում է ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատ ներկայացնել՝

1. Եթե ապրանքն առաջին անգամ է արտահանվում`

  • դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1772–Ն որոշման N 1 ձևի,
  • հումքի ձեռքբերման և ծագման երկրի վերաբերյալ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ հայկական ձեռնարկությունում արտադրվելու մասին,
  • տեխնոլոգիական քարտերը կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,
  • ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության ընթացքում օգտագործվող այլ փաստաթղթեր) պատճենները,
  • հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը.

2. Եթե ապրանքն ամբողջությամբ արդյունահանվել, ծագել կամ բուսել է Հայաստանում

  • դիմում-հայտարարագիր՝ N 1772–Ն որոշման N 1 ձևի,
  • հումքի արդյունահանման և վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • տեղեկանք կամ հայտարարագիր տարեկան արտադրության հզորության մասին.

3. Մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար`

  • դիմում-հայտարարագիր՝ N 1772–Ն որոշման N 1 ձևի,
  • փորձաքննության մասին ակտը.

4. Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար`

  • դիմում-հայտարարագիր՝ N 1772–Ն որոշում N 1 ձևի,
  • հայտարարագիր գյուղատնտեսական ապրանքի արտադրության կամ գնման մասին,
  • տեղեկատվություն ներմուծողի մասին (երկիրը և անձի անվանումը):

Ներկայացված փաստաթղթերի և փորձաքննության հիման վրա ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն արտահանողին տրամադրում է ծագման հավաստագիր։ Հայաստանում տրամադրվում են երեք տեսակի ծագման հավաստագրեր՝ կախված արտահանվող երկրից և փորձաքննության արդյունքներից.

  • «ՍՏ-1» տեսակի հավաստագիր` ԱՊՀ երկրներ արտահանման համար:
  • «Ա» տեսակի հավաստագիր` ԵՄ և Հայաստանում ծագած ապրանքներին արտոնություններ տվող այլ երկրներ արտահանման համար:
  • «Ընդհանուր» հավաստագիր` այլ երկրներ արտահանման համար:

Փորձաքննություն պահանջող ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է դիմումի ստացման օրվանից 3-օրյա ժամկետում: Առանց փորձաքննության՝ ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է մեկօրյա ժամկետում:

Հայաստանից արտահանվող ապրանքների համար ներկայում գործում են ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի հետևյալ չափերը `

  • առաջին անգամ արտահանվող ապրանքների համար` փորձաքննության հիման վրա, 30000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ.
  • Հայաստանում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար` առանց փորձաքննության, 10000 դրամ` ներառյալ ԱԱՀ.
  • մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար` առանց փորձաքննության, ներառյալ 10000 դրամ` ԱԱՀ.
  • Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար` առանց փորձաքննության, 2000 դրամ, իսկ դրանից ավել քանակության համար 10000 դրամ` ներառյալ ԱԱՀ:

Ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը 12 ամիս է՝ սկսած այն տալու օրվանից։

ՔԱՅԼ 2.

1. Բուսական ծագման մթերքների և բույսերի համար տամադրվում է բուսասանիտարական հավաստագիր՝ համաձայն <Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093 որոշման:

ա) Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար արտահանողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացնում հայտ, որում նշվում են`

– արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
– ներմուծող երկրի անվանումը.
– ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
– արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները և քանակությունը.
– ստացման վայրը:

բ) Ծառայությունը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր:

գ) Բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես՝ առանց զննման և ստուգման:

Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է ծառայության մարզային կենտրոնի տեսուչի կողմից:

Բուսասանիտարական հավաստագիր տրամադրվում է անվճար:

2. Կենդանիների և/կամ կենդանական ծագման մթերքի համար տրամադրվում է անասնաբուժական սերտիֆիկատ՝ համաձայն <Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման և ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499 որոշման:

ա) Անասնաբուժական սերտիֆիկատ ստանալու համար արտահանողը հայտ է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը (քանակը), արտահանվող երկիրը, արտահանման ժամկետները:

բ) Հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` բեռի ծագման վայրի մարզային կենտրոնը` հիմք ընդունելով լիազոր մարմնի տվյալների բազայում առկա տեղեկատվությունը`

– պարզում է բեռի ծագումը, բեռն արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), արտադրությանը, ձեռքբերմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
– պարզում է բեռի ծագման վայրում անասնահամաճարակային իրավիճակը.
– պարզում է արտահանվող երկրի կողմից բեռի արտահանմանը ներկայացվող պահանջների կատարումը և համապատասխանությունը.
– անհրաժեշտության դեպքում` արտահանվող խմբաքանակից (բացառությամբ կենդանիների) կատարում է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությունների միջոցով բեռի անվտանգությունը հավաստելու համար:

գ) Համապատասխան հսկողությունից հետո բեռն արտահանողին է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն համապատասխան ուղեկցող փաստաթուղթը (եթե կատարվել են նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, նաև՝ լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը) և (կամ) արտահանվող բեռի համապատասխանության մասին տեղեկանքը, իսկ կենդանիների դեպքում՝ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթը կամ արտահանվող բեռի համապատասխանության մասին տեղեկանքը:

դ) Արտահանվող բեռի համար տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթի և (կամ) համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա սահմանային հսկիչ կետում տրամադրվում է անասնաբուժական սերտիֆիկատ:

ե) Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

Անասնաբուժական սերտիֆիկատ տրամադրվում է անվճար:

3. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար համար տրամադրվում է անվտանգության սերտիֆիկատ՝ համաձայն <Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման և ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499 որոշման:

ա) Անվտանգության սերտիֆիկատ ստանալու համար արտահանողը հայտ է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը (քանակը), արտահանվող երկիրը, արտահանման ժամկետները:

բ) Հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` բեռի ծագման վայրի մարզային կենտրոնը` հիմք ընդունելով լիազոր մարմնի տվյալների բազայում առկա տեղեկատվությունը`

– պարզում է բեռի ծագումը, բեռն արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), արտադրությանը, ձեռքբերմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
– պարզում է բեռի ծագման վայրում անասնահամաճարակային իրավիճակը.
– պարզում է արտահանվող երկրի կողմից բեռի արտահանմանը ներկայացվող պահանջների կատարումը և համապատասխանությունը.
– անհրաժեշտության դեպքում` արտահանվող խմբաքանակից (բացառությամբ կենդանիների) կատարում է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությունների միջոցով բեռի անվտանգությունը հավաստելու համար:

գ) Համապատասխան հսկողությունից հետո բեռն արտահանողին է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն համապատասխան ուղեկցող փաստաթուղթը (եթե կատարվել են նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, նաև՝ լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը) և (կամ) արտահանվող բեռի համապատասխանության մասին տեղեկանքը:

դ) Արտահանվող բեռի համար տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթի և (կամ) համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա սահմանային հսկիչ կետում տրամադրվում է անվտանգության սերտիֆիկատ:

ե) Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

Անվտանգության սերտիֆիկատ տրամադրվում է անվճար:

ՔԱՅԼ 3.

Այնուհետև կատարվում են խմբաքանակի մաքսային ձևակերպումները և մաքսային ծառայության կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվում են մաքսավճարներ՝ ՀՀ Մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի դրույթներին համապատասխան.

– Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար, իսկ ապրանքների զննման և հաշվառման համար գանձվում է միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1,000 դրամ և միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ մաքսավճար:
– Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ ծառայության վճար:
– Բեռնատար տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար գանձվում է 5000 դրամ մաքսավճար:
– Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է նշված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

Արտահանման գործընթացում առաջացած խնդիրների և ծագած հարցերի դեպքում կարող եք դիմել`

1. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ` Մ. Պետրոսյանին (+37460) 270 333, www.armcci.am
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ` Ա. Մարգարյանին (+37493) 500 706, (+37410) 203 861 /106, www.ssfs.am
3. ՀՀ ֆինանսների նախարարության դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի ավագ տեսուչ` Ա. Կարապետյանին (+37460) 544 350, www.minfin.am

Արտահանման ընթացակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.ada.am կայքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս