Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Մոսկվա, ուր և հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Լրագրողների հետ զրույցում Զարիֆը հայտարարել է, որ Լավրովի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ բանակցությունների առանցքային թեման հանդիսանալու է Իրանի միջուկային ծրագիրը և դրա շուրջ «Վեցյակի» հետ հետագա բանակցությունները:
Զարիֆի խոսքերով՝ այն բանից հետո, ինչ Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Հասան Ռոուհանին, Իրանը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ պահպանելու քաղաքականությանը: Զարիֆն ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանը դիտարկում է որպես ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր:
Զարիֆը Մոսկվայում քննարկելու է նաև Սիրիայի, Իրաքի ու Գազայի հատվածի հարցերը: