Դոնբասի աշխարհազորայիններն արձագանքել են Պուտինի կոչին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոախանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայինների հրամանատարությունն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը՝ մարդասիրական միջանցք բացել շրջապատված ուկրաինացի զինվորականների համար, եթե նրանք վայր դնեն իրենց զենքը:
Այս մասին գիշերը հայտարարել է հարավ-արևելքի բանակի մամլո կենտրոնը. «Մենք պատրաստ ենք աապահովել շրջապատումից ուկրաինացի զինվորականների դուրս գալը՝ պայմանով, որ անզեն դուրս գան բացված միջանցքից»:
Սրանից առաջ Պուտինը դիմել էր աշխարհազորայիններին՝ կոչ անելով մարդասիրական միջանցք բացել շրջապատման մեջ ընկած ուկրաինացի զինվորականների համար՝ անիմաստ զոհերից խուսափելու համար:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել հումանիտար աղետից տառապող Դոնբասի բնակչությանը և անելու է դա: Ուկրաինական գումարտակները շրջապատման մեջ են ընկել Իլովայսկի շրջանում: