ՀՀԿ-ական պատգամավոր. «Այնպես չէ՝ եթե ընդդիմությունն է առաջարկում, բերեք առաջին հերթին այս հարցերը լուծենք, որ ընդդիմություն ձայնը կտրենք»
«Ես մտածում եմ, որ քաղաքական պայքարում պետք է լինի առճակատային մոտեցումը: Իշխանությունները պետք է միշտ նկարագրեն, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես ընդդիմությունն է ներկայացնում, իսկ ընդդիմությունը պետք է հակառակը պնդի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսելով՝ արդյոք գալիք աշունը թեժ կլինի՞, թե՞ ոչ ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Իսկ քառյակի 12 կետից բաղկացած պահանջները, Բոստանջյանի համոզմամբ՝ պարզապես փաստաթուղթ չէ, որ ներկայացվել է հանրությանը: Դա մի այնպիսի փաստաթուղթ է, որին Հայաստանի իշխանությունները պետք է հետևեն և աշխատեն դրանց շուրջ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ քառյակի ներկայացրած 12 կետերից շատեր կան նաև իշխանությունների ծրագրում. «Կան, իհարկե, կետեր, որոնք ես հանգուցային չեմ համարում: Կան խնդիրներ և հասարակական հնչեղության հարցերը բնականաբար հաշվի են առնվելու, բայց նաև այնպես չէ, որ՝ գիտե՞ք ինչ կա՝ եթե ընդդիմությունն է առաջարկում, բերեք առաջին հերթին այս հարցերը լուծենք, որ ընդդիմություն ձայնը կտրենք. այդպես չէ: Այդ կետերը պարտադրանքի վերածելը, ժամկետներ սահմանելն ընդունելի չէ: Բնականաբար հաշվի են առնվում այն խնդիրները, որոնք ընդունելի են, և եթե հասարակական հնչեղություն ունեն, անպայման դրանք ներառում ենք իշխանության ծրագրերում»:
«Մարդը, որը սկսում է իրեն վատ զգալ այն երկրում, որտեղ ինքն ապրում է, շատ վատ է տվյալ պետության համար: Տվյալ փաստը խոսում է, որ երկիրը տնտեսապես շատ թույլ է»,- նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ Վ. Բոստանջյանի՝ Հայաստանի սոցիալական ոլորտում նույնպես շատ չլուծված հարցեր կան. «Հասկանում եմ, որ, լինելով փոքր երկիր` շատ հարցերի մեզանից կախված չէ, քանի որ մենք ավելի շատ հետևողի դերում ենք, և հետևում ենք գերտերությունների քաղաքկանությանը, բայց սա չպետք է պետության տնտեսությունը փլուզելու առիթ լինի»: