Ետկուլիսյան դավադրություն «Նաիրիտում»
168.am-ը գրել էր, որ մոտենում է վարչապետի կողմից նաիրիտցիներին տրված խոստման իրականացման ժամանակը: Ըստ մեր աղբյուրների` «Նաիրիտի» արհմիության ղեկավարությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ և այսօր կամ վաղը հայտնի կդառնա, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը երբ է ընդունելու նաիրիտցիների պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ ցույցի արդյունքում Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատակիցներին խոստացել էր օգոստոսի վերջին կրկին ընդունել մոտ 20 հոգանոց պատվիրակության, իսկ մինչ այդ ուսումնասիրել գործարանի շուրջ տիրող իրադրությունը: Եթե այժմ վարչապետը չընդունի նաիրիտցիներին, ապա նրանք պատրաստվում են կրկին բողոքի ցույցի դուրս գալ օգոստոսի 28-ին` իրենց հարցի պատասխանը ստանալու համար:
Սակայն, ըստ հավաստի լուրերի, գործարանի ղեկավարությունը ցանկանում է այս պատվիրակության մեջ ներառել այնպիսի մարդկանց, որոնք իրականում գործարանի հետ կապ չունեն, աշխատանքի են անցել «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի ժամանակ, ով, «Հետքի» բացահայտումների համաձայն, գործարանի թալանի գործուն մասնակիցներից է: Պատվիրակության կազմում Մելքոնյանի վստահված անձինք փորձելու են վարչապետի հետ քննարկումը շեղել և տանել իրենց ձեռնտու ուղղությամբ` պնդելով, թե այսօր հնարավոր չէ գործարանն աշխատացնել ացետիլենային տեխնոլոգիայով, այլ հնարավոր է միայն բութադիենային տեխնոլոգիայով: Այս պրովոկացիան կբերի նրան, որ վարչապետի մոտ քննարկումը կվերածվի հերթական «ջուրծեծոցիի» և ժամանակի կորստի: Մինչդեռ, «Նաիրիտի» աշխատակիցների մեծամասնության կարծիքով, ավելի ճիշտ կլինի, եթե վարչապետի հետ հանդիպման գնան այն մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատում են «Նաիրիտում» և իրապես ցավում են գործարան իճակատագրի համար: